1977-ի Մոսկվայի մետրոյի պայթյունը. Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում

4220

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից, որը ամբողջությամբ հասանելի է ԱՆԻ կայքում:

download

«Մետրոյի գործ»-ը՝ Ստեփան Զատիկյան, Հակոբ Ստեփանյան, Զավեն Բաղդասարյան

1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում պայթյուն հնչեց, որի հետեւանքով զոհվեց 7 եւ վիրավորվեց 37 մարդ: Ինն ամիս անց՝ 1977 թ. հոկտեմբերի 28-ին պայթյունն իրականացնելու կասկածանքով՝ Մոսկվա-Երեւան գնացքում, Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծին ձերբակալվեցին Հակոբ Ստեփանյանը եւ Զավեն Բաղդասարյանը, իսկ նոյեմբերի 2-ին Երեւանում ձերբակալվեց Ստեփան Զատիկայնը: Հենց Զատիկյանին էլ խորհրդային իշխանությունները ներկայացրին որպես պայթյունի կազմակերպիչ:

Մինչ այդ Ազգային միացյալ կուսակցության անդամ Ստեփան Զատիկյանն իր համախոհների՝ Հայկազ Խաչատրյանի եւ Շահեն Հարությունյանի հետ 1969 թ. ընդհատակյա քաղաքական գործունեության համար դատապարտվել էր չորս տարի ազատազրկման, որը պետք է կրեր, ինչպես ՀԽՍՀ քր. օր.- 65 եւ 67 հոդվածներով դատապարտված բոլոր քաղբանտարկյալները, խիստ ռեժիմի կալանավայրում: Կալանավայրում ցուցաբերած ակտիվության ու ըմբոստ վարքի պատճառով նրա ռեժիմն ավելի են խստացնում եւ տեղափոխում Վլադիմիրի բանտ: Ազատ արձակվելուց հետո շարունակում է իր ընդհատակյա գործունեությունը:

Պայթյունից անմիջապես հետո արեւմտյան մամուլում՝ խորհրդային Պետանվտանգության կոմիտեի հետ անմիջական առնչություններ ունեցող խորհրդային լրագրող Վիկտոր Լուիի հեղինակությամբ հոդված հրապարակվեց, որտեղ խորհրդային պաշտոնական աղբյուրներին հղում անելով՝ հեղինակը պնդում էր, թե պայթյունին առնչություններ ունեն այլախոհ-իրավապաշտպանները: «Այլախոհ-իրավապաշտպաններ» ձեւակերպման հեղինակը Վիկտոր Լուին է:

Արտասահմանյան ռադիոկայաններից մեկով՝ 1977 թ. հունվարի 11-ին այս հոդվածի մասին տեղեկանում է Անդրեյ Սախարովը: Պարզ էր, որ խորհրդային իշխանությունները փորձում են այլախոսհներին որպես ահաբեկիչներ ներկայացնել: Հասկանալով այդ վտանգը, Անդրեյ Սախարովը հաջորդ օրը՝  հունվարի 12-ին հրապարակում է «Դիմում համաշխարհային հանրությանը» հոդվածը, որտեղ, մասնավորապես, գրում է. «Ես չեմ կարողանում փարատել այն կասկածները, որ մոսկովյան մետրոյի պայթյունը եւ մարդկանց ողբերգական մահը պատժիչ մարմինների նոր եւ վերջին տարիների ամենավտանգավոր սադրանքն է: Հատկապես այս կասկածները եւ սրանց հետ կապված վախը, որ այս սադրանքը կարող է բերել երկրի ներքին եղանակի փոփոխության, այս հոդվածը գրելու պատճառ հանդիսացան: Ես շատ ուրախ կլինեի, եթե իմ այս կասկածները սխալ դուրս գային»:

Իսկ հուվարի 14-ին հրապարակվում է Մոսկովյան հելսինկյան խմբի դիմումը, որին միացել էին նաեւ մի շարք այլ իրավապաշտպան ու այլախոհական կազմակերպություններ, որտեղ ասվում էր. «Այլախոհները, որպես իրենց նպատակների իրականացման միջոց, բացարձակապես մերժում են բռնությունը եւ բռնության կոչերը: Այլախոհները ահաբեկչությանը վերաբերվում են վրդովմունքով եւ գարշանքով»:

Չնայած այս եւ այլախոհների այլ դիմումների ու հայտարարությունների առատությանը, «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան» այդ ժամանակ տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ պայթյունի հետ կապված՝ առանց հիմնավոր կասկածների հարցաքննվում են կալանավայրերում գտնվող կամ արդեն ազատ արձակված բազմաթիվ այլախոհներ: ՊԱԿ-ը հատուկ հարցաշար էր մշակել եւ այդ հարցաշարի միջոցով քննում էր այլախոհներին: Յուրաքանչյուրից պահանջվում էր ապացուցել, որ պայթյունի հետ առնչություն չունի:

Մետրոյի գործով Ստեփան Զատիկյանի, Զավեն Բաղդասարյանի եւ Հակոբ Ստեփանյանի կալանավորված լինելու մասին առաջին տեղեկատվությունը տարածում է Հայաստանի հելսինկյան խումբ: «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան» իր 48-րդ թողարկման մեջ գրում է.

«Երեւան: Ինչպես 1977 թ. նոյեմբերի 28-ին հաղորդում է Հայաստանի հելսինկյան խումբը, նոյեմբերի սկզբին Մոսկվայի Կուրսկյան կայարանում պայթյուն կազմակերպելու փորձի համար ձերբակալվել են Հակոբ Ստեփանյանը, Զավեն Բաղդասարյանը եւ Ստեփան Զատիկյանը (Զատիկյանը մի քանի տարի առաջ մասնակցել է ազգային շարժմանը:) Ձերբակալվածները գտնվում են երեւանյան ՊԱԿ-ում: Երեւան են ժամանել Մոսկվայի ՊԱԿ-ի աշխատակիցները: Ընթանում են խուզարկություններ ու հարցաքննություններ: Զատիկյանի մասին, մասնավորապես, հարցրել են Ռ. Նազարյանի գործով դեկտեմբերին ընթացքղ հարցաքննությունների ժամանակ»:

Զատիկյանի կալանավորումը ամրապնդում էր խորհրդային իշխանությունների այն վարկածը, որ պայթյունի թիկունքում կանգնած են այլախոհները: Նրանք ոչ մի ուշադրություն չէին դարձնում այն հանգամանքին, որ Զատիկյանն ապացույցներ ուներ, ըստ որոնց ինքը պայթյունի հետ կապ չունի: Այդ տարիներին ե՛ւ խորհրդային հանրության մեջ, ե՛ւ այլախոհական շրջանակներում հիմնավորված կասկածներ էին հնչում, որ Ստեփան Զատիկյանին արհեստականորեն են կապում այս պայթյունի հետ, որպեսզի այդ ճանապարհով ապացուցեն այլախոհ-իրավապաշտպանների կապը կամ առնչությունները դրան: Զատիկյանի անմեղության մասին խոսակցությունները հիմնավորվում էին նաեւ այն հանգամանքով, որ նախաքննությունը եւ հատկապես դատաքննությունն անցել են հույժ գաղտնիության պայմաններում: Տրամաբանական կլիներ, որ խորհրդային իշխանությունները կազմակերպեին բաց դատ եւ հանրությանը ներկայացնեին ահաբեկիչներին, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չունեին եւ դատում էին պայթյունի իրական հեղինակներին: Անկասկած, դա իրենց օգտին լավագույն քարոզչությունը կլիներ: Բայց սրա փոխարեն՝ նրանք կազմակերպում են գաղտնի դատավարություն: Անգամ ամբաստանյալների հարազատները չեն տեղեկացվել դատավարության օրվա մասին ու ներկա չեն եղել: Ահա այս կատարյալ գաղտնիության պայմաններում, 1979 թ. հունվարի 24-ին հրապարակում են մահապատիժ նախատեսող դատավճիռը եւ հապշտապ, դատավճռի կայացումից 5 օր անց՝ 1979 թ. հունվարի 29-ին ի կատար են ածում մահապատիժը: Նաեւ այս շտապողականությունն է կասկածների տեղիք տվել ու տալիս:

1979 թ. հունվարի 30-ին, դեռեւս տեղյակ չլինելով, որ դատավճիռն ի կատար է ածվել, Սախարովը Բրեժնեւին ուղղված նամակում պահանջում է հրաժարվել այդ դատավճռից՝ մինչեւ նոր դատաքննություն:

Նա գրում է. «Հիմնավոր փաստեր կան անհանգսանալու համար, որ այս գործում առկա է դատական սխալ կամ միտումնավոր կեղծիք: Մետրոյի պայթյունի ժամանակ Զատիկյանը չի գտնվել Մոսկվայում, բազմաթիվ վկաներ կարող են հաստատել նրա ալիբին. քննությունը ոչ մի շահագրգռվածություն չի ցուցաբերել պարզելու համար այս եւ այլ կարեւոր հանգամանքներ: Առանց անգամ չնչին անհրաժեշտության՝ դատաքննությունն ամբողջությամբ փակ ու գաղտնի է եղել: Նույնիսկ հարազատները դրա կայացման մասին ոչինչ չեն իմացել: Նման դատաքննությունը, երբ ամբողջությամբ խախտված է հրապարակայնության սկզբունքը, չի կարող ճշմարտությունը պարզել»:

Այնուհետեւ դատավարության հրապարակայնության սկզբունքների աղաղակող խախտման ակնհայտության մասին հայտարարություն է տարածում Մոսկվայի հելսինկյան խումբը. «Հասկանալ հնարավոր չէ, թե ինչո՞ւ պետք եղավ նման մեղադրանքով դատավարությունը կազմակերպել բացարձակ գաղտնի… Չէ՞ որ մետրոյի պայթյունը համընդհանուր բողոք առաջացրեց, եւ մեղադրյալների մեղքի համոզիչ ապացույցը, եթե միայն մեղադրող կողմն ունի նման ապացույցներ, կնպաստեր հանցագործների համընդհանուր դատապարտմանը: Հրապարակայնության բացակայությունը եւ գաղտնիության ողջ մթնոլորտը մեղադրանքի հիմնավորվածության, դատավարության օբյեկտիվության նկատմամբ կասկածների հիմք են տալիս»:

Հարկ է ընդգծել, որ ե՛ւ Մոսկովյան հելսինկյան խմբի, ե՛ւ այս թեմայով հանդես եկած այլ իրավապաշտպանական խմբերի ու այլախոհների հայտարարությունները, որպես կանոն, վերաբերել են դատաքննության գաղտնիությանը: Ոչ ոք հստակ ու միանշանակ հայտարարություն չի արել մեղադրյալների անմեղության մասին: Բոլորը պահանջել են արդարադատություն: Միայն բաց ու արդար դատավարությունը կկարողանար դատարանի առջեւ կանգնած Զատիկյանի ու նրա ընկերների անմեղությունը կամ մեղավորությունն ապացուցել: Միայն հրապարակային դատավարության պայմաններում հասարակությունը կհամոզվեր, որ իրական մեղավորներն են կանգնած դատարանի առջեւ: Նման դատարանը կարող էր այս գործի վերջակետը դնել: Բայց խորհրդային իշխանությունները չցանկացան, չկարողացան կամ չհամարձակվեցին գնալ այս միակ ճիշտ ճանապարհով: Կազմակերպված կասկածելի դատավարությունը պատճառ դարձավ, որ պայթյունի օրը ծագած հարցերն այդպես էլ անպատասխան մնան: Խորհրդային իշխանությունների կողմից նման գերգաղտնի դատավարություն կազմակերպելու եւ վճիռը հապշտապ ի կատար ածելու հանգամանքը կարող են  վկայել միայն այն մասին, որ կամ մեղադրյալները բացարձակապես անմեղ մարդիկ են եղել, կամ՝ դատարանը նրանց մեղքը լիարժեք ապացուցող համոզիչ ու բավարար ապացույցներ չի ունեցել:

Մոսկովյան մետրոյի պայթյունը հետագայում էապես ազդեց հայ այլախոհներից շատերի ճակատագրերի վրա: Հալածանքները Հայաստանում առավել ուժեղացան: 1978 թվականից հետո կալանավորված այլախոհներին դատապարտում էին էլ ավելի մեծ պատժաչափերով: Կալանավայրերից վերադարձածների նկատմամբ հալածանքներ ու սադրանքներ էին կազմակերպվում: Առավել ակտիվները շինծու մեղադրանքներով կրկին դատապարտվում էին: Նման ճակատագրի արժանացան Շահեն Հարությունյանը, Հայկազ Խաչատրյանը, Շիրակ Գյունաշյանը, Հայաստանի հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը: Աքսորավայրում նոր մեղադրանք ներկայացրին ու անհիմն դատապարտեցին Ռազմիկ Մարկոսյանին: Յոթնամյա ազատազրկման ավարտից հետո այդպես էլ կալանավայրից դուրս չեկավ ու նոր՝ եռամյա ազատազրկման դատապարտվեց Պարույր Հայրիկյանը:

Մինչեւ 2005 թ. հստակ ու միանշանակ հայտարարությունը, ըստ որի՝ Ստեփան Զատիկյանն է եղել Մոսկվայի մետրոյի պայթեցման կազմակերպիչը, իսկ Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանն էլ՝ իրականացնողները, չի հնչել: Այս ողջ պատմության ընթացքում, չհաշված խորհրդային Պետանվտանգության կոմիտեն ու դրան կից օղակները, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս, կասկածելի և մութ մնացած հանգամանքներում դատապարտված ու 1979-ին գնդակահարված Զատիկյանի, Ստեփանյանի եւ Բաղդասարյանի մոսկովյան պայթյունին մեղսակից լինելու մասին ոչ ոք միանշանակ հայտարարություն չի արել:

Միայն 2005-ին նման միտք է հայտնել նախկին քաղբանտարկյալ, «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակման համար 1969-ին դատապարտված Հովիկ Վասիլյանը: Նա իր համախոհների հետ 2005-ին հրատարակում էր նույնանուն մի պարբերական: Ահա այդ պարբերականում՝ Ստեփան Զատիկյանի 59-ամյակին նվիրված հոդվածում նա անդրադարձել էր Զատիկյանին ու մետրոյի գործին: