Երևան-Բաքու երկաթգծի Արաքսի հատվածը՝ թալանված

3743

Օգոստոսի 14-16-ը՝ երեք օր, անցկացրի Արաքսի ափին՝ Մեղրիի հատվածում։

ՍիվիլՆեթը սեպտեմբերի 21-ի նախաշեմին պատրաստում է ֆիլմ, որը կրում է «Փշալարից այս կողմ․ Հայաստան-Իրան հարաբերությունները» պայմանական վերնագիրը։

Հերթական անգամ անցա Արաքս գետի երկայնքով՝ Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև այն կետը, որտեղ վերջանում է Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն պետական և միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ մոտ 40 կիլոմետր, ապա սկսվում է Արցախ-Իրան ավելի քան 100-կիլոմետրանոց և միջազգայնորեն չճանաչված հատվածը։

Ես, անշուշտ, առաջին անգամ չէի անցնում այդ սահմանի՝ Արաքս գետի երկայնքով և առաջին անգամ չէ, որ տեսնում էի թալանված երկաթգիծը։

Այս անգամ առավել ուշադիր հետևեցի և տեսա, որ 40-կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել։ Երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգը ուղղակի գոյություն չունեն։

Երևան-Բաքու երկաթգծի Մեղրու՝ մերձարաքսյա հատվածը կառուցվել է 1930-ականների վերջերին -1940-ականների սկզբին։

Այս երկաթգիծը ավելի քան 50 տարի Խորհրդային Հայաստանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Խորհրդային Հայաստան մտնող և այնտեղից դուրս եկող ապրանքաշրջանառության շուրջ 85 տոկոսը կատարվել է այդ երկաթգծով։

Ջուլֆա (Նախիջևան)-Մինջևան/ Միջնավան երկաթծի կառուցումը, որի մոտ 40 կիլոմետրն անցնում էր Մեղրու շրջանով, կարևոր էր ոչ միայն այն առումով, որ Երևանը Բաքվի վրայով կապվում էր ԽՍՀՄ մյուս հանրապետությունների հետ, այլ որովհետև Երևանը երկաթուղով կապվում էր Կապանի հետ։

Խորհրդային տարիներին Երևանից դուրս եկող գնացքը հասնում էր մինչև Երասխավանի կայարան, ապա Նախիջևանով հասնում Ագարակ, ապա՝ կրկին Ադրբեջան, որտեղից մի ճյուղը Կովսականով (Զանգելան) հասնում էր Կապան։

Եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը մնալու են հավերժ թշնամի և այս երկրների միջև հաղորդակցություն չի լինելու, այդ դեպքում անգամ չէր կարելի թալանել և վաճառել Մեղրու շրջանով՝ Արաքսի հովտով անցնող երկաթուղին, քանի որ դրանով այսօր էլ կարելի էր Ագարակից կապվել Կապանի հետ։

Ավելին, երկաթուղով կարելի էր կապվել Ագարակից մինչև Հորադիզ, եթե, իհարկե, ապամոնտաժվել ու չի թալանվել Արցախ-Իրան սահմանով անցնող ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը։

Հայաստանի ղեկավարությունը, որ իբր կառուցելու է Հայաստան-Իրան երկաթուղին, պետք է բացատրություն տա, թե որ որոշումով, երբ և ով կամ ինչ ընկերություն է ապամոնտաժել ու վաճառել այդ երկաթգիծը։ Ցանկալի է իմանալ, թե որ երկրին է վաճառվել երկաթգիծը։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ