Վաղը՝ օգոստոսի 8-ին, լրանում է Արծվաշենի անկման 25 տարին: Այդ առիթով Սիվիլնեթը պատրաստել է մի տեսանյութ, որը ներկայացնում է հայ-ադրբեջանական անկլավների պատմությունը: Այն ՍիվիլՆեթի կայքում կտեղադրվի օգոստոսի 8-ին:
Խորհրդային Ադրբեջանը Խորհրդային Հայաստանի սահմաններում ուներ երեք անկլավ՝ կղզյակ Նոյեմբերյանի, Իջևանի և Վեդիի շրջաններում: Ադրբեջանական Յուխարը Աքսիպարա գյուղը, որպես ադրբեջանական տարածք, գտնվում էր Նոյեմբերյանի շրջանում՝ սահմանակից Ոսկեպար գյուղին: Ադրբեջանական ևս երկու գյուղեր՝ Աշաղը Աքսիպարա և Բաղանիս-Այրում, որոնցով անցնում էր Երևան-Թբիլիսի մայրուղին, սեպի նման խրված էին Հայաստանի մեջ:
Ադրբեջանական երկրորդ անկլավը գտնվում էր Իջևանի շրջանում: Աղստև գետի երկու ափերին էին Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերը. այնտեղով անցնում էր Իջևան-Բաքու երկաթուղագիծը և Իջևան-Ղազախ ճանապարհը: Ղազախի շրջանի ևս երկու գյուղեր, որոնք այսօր հայկական վերահսկողության տակ են կամ չեզոք գոտու մաս են կազմում՝ Կըզըլ Հաջիլին և Խեյրիմլին, սահմանակից էին Իջևանի Բերքաբեր և Կիրանց գյուղերին:
Երրորդ անկլավը Վեդու շրջանում էր՝ Քյարքի գյուղը, որը վարչականորեն պատկանում էր Նախիջևանի Շարուրի շրջանին:
Այս 8 ադրբեջանական գյուղերը հայկական վերահսկողության տակ են անցել 1990-1992 թվականներին, որոնցից Քյարքին՝ տակավին 1990-ի հունվարի կեսերին, երբ կար Խորհրդային Միությունը: Մյուս 7 գյուղերը հայկական ուժերի վերահսկողության տակ են անցել հիմնականում 1992-ի ամռանը՝ Արծվաշենի անկումից շաբաթներ առաջ:
1992-ի օգոստոսի 4-ից ադրբեջանական ուժերը երեք ուղղություններով ձեռնարկեցին գրոհ Արծվաշենի ուղղությամբ: Արծվաշենը անկլավ է Ադրբեջանի Գետաբեկի շրջանում:
Արծվաշենը պաշտպանում էին Վանաձորի 016 մոտոհրաձգային գունդը և տեղի աշխարհազորը:
Օգոստոսի 6-ին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց գյուղից հանել բնակչությանը: Երեք օրերի ընթացքում Արծվաշենի շուրջ 4500 բնակչությունը դուրս բերվեց:
Վանաձորի գնդի 12 զինվորներ մնացին ադրբեջանական օղակի մեջ և զոհվեցին չորսժամյա անհավասար մարտում: Նրանց դիակները հայկական կողմին հանձնվեցին մոտ երկու ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին: Նրանց մարմինները հողին հանձնվեցին Եռաբլուրում:
Ահա նրանք անուն առ անուն.
Մայոր Էդվարդ Ավետիսյան, Վանաձորի 016 մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ, 31 տարեկան, ծնվել է Երևանում,
Լեյտենանտ, դասակի հրամանատար Վոլոդյա Դարբինյան, 23 տարեկան, ծնվել է Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում,
Անանիա Սմբատյան, 20 տարեկան, ծնվել է Երևանում,
Գնդի բուժակ Դավիթ Միքայելյան, 20 տարեկան, ծնվել է Երևանում,
Մխիթար Չիլինգարյան, 20 տարեկան, ծնվել է Երևանում, աշխատել է Սպիտակ փրկարար ջոկատում,
Տիգրան Թովմասյան, 20 տարեկան, ծնվել է Երևանում,
Սուրեն Եղիազարյան, 21 տարեկան, ծնվել է Էջմիածնում,
Հարություն Աբրահամյան, 20 տարեկան, ծնվել է Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղում,
Կարեն Մնացականյան, 20 տարեկան, ծնվել է Էջմիածնի շրջանի Արտամետ գյուղում,
Ժորա Հակոբյան, 20 տարեկան, ծնվել է Էջմիածնի շրջանի Արտամետ գյուղում,
Կամո Սարիբեկյան, 20 տարեկան, ծնվել է Չարենցավանում,
Արմեն Մակարյան, 20 տարեկան, ծնվել է Չարենցավանում:
Բոլոր 12 տղաները հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նրանցից միայն մեկը՝ մայոր Էդվարդ Ավետիսյանն էր ամուսնացած:
Գնդի բուժակ Դավիթ Միքայելյանի հայրը մի հարցազրույցում ասել է. «Ես հպարտանում եմ իմ տղայով, հպարտանում եմ, որ տղաս պառկած է Եռաբլուրում՝ Մոնթե Մելքոնյանի կողքին»:
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարում՝ Արծվաշեն գյուղին նվիրված հուշահամալիրը Ճամբարակում