2017 թվականի օգոստոսի 5-ին, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում, Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:
Պատմական այս իրադարձության հենքը 100–ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ:
Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:
Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշաստակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:
Անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ:
Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով…
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ