«Մենք հպարտ ենք մեր մեծ մորաքույր Սյուզան Ուելթի Օրվիսով,- ասում է տորոնտոյաբնակ Նենսի Մուրը,- նա հազարավոր հայ եւ հույն երեխաների է փրկել կոտորածից, բայց շատ քչերը գիտեն նրա անունը»։
Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին Նենսին եւ իր ամուսին Էրիկը ցանկանում են փոխել իրավիճակը՝ հիմնվելով արխիվային փաստաթղթերի վրա: Նրանք ի մի են բերել Սյուզան Ուելթի Օրվիսի արժանահիշատակ պատմությունը՝ հիմնվելով Հարվարդի համալսարանի, Օհայոյի Օբերլին Քոլեջի, Ռոքֆելլերի կենտրոնական արխիվի փաստաթղթերի եւ անձնական նամակների հավաքածուի վրա:
Օրվիսը 1902 թ. մեկնում է աշխարհով մեկ ուղեւորության՝ որպես Ամերիկայի Համայնական (կոնգրեգացիոն) եկեղեցու, իսկ ապա՝ Օտարերկրյա առաքելությունների հոգաբարձուների ամերիկյան խորհրդի (American Board of Commissioners for Foreign Missions) միսիոներ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի (Near East Relief) որբանոցների վարչությունը նրան առաջարկում է ուղեւորվել Թուրքիայի Կեսարիա քաղաքը (այժմ՝ Կայսերի)։ Մեկ տարի չանցած նա հայտնվում է Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։
«Թուրքական կայսրությունում մենք պիտի փորձեինք օգնել կոտորածներից եւ տեղահանությունից հետո ողջ մնացած եւ Ռուսաստանում ապաստանած քրիստոնյաներին»,- գրում է նա 1917 թ., «Ռուսաստանով անցնելիս» վերնագրով իր ձեռագիր հուշերում,- նման հարյուր հազարավոր հայ գաղթականներ կային։ Միայն Թիֆլիսում մենք հագուստ մատակարարեցինք 15,000 որբի։ Մեր մյուս միսիոներները չէին կարողանում տեղ հասնել Արարատի ստորոտին հաստատված քրդերի պատճառով։ Նրանք մնացել էին Իգդիրում, որտեղ վիճակը շատ ավելի ծանր էր, քան որեւէ այլ տեղ»:
Գաղթականների դրությունը վշտացնում էր Օրվիսին. «Մենք օգնում էինք նաեւ այսպես կոչված տնային որբերին, որոնք կոտորածին կորցրել էին իրենց հայրերին. նրանցից շատերը մայրերի հետ էին, բայց միեւնույն է՝ չափից դուրս անօգնական վիճակում։ Ծերերը երեխաներից անհամեմատ ավելի ողբալի դրության մեջ էին, քանի որ դժբախտ էին՝ մրսած, հիվանդ, միայնակ ու բոլորից անտեսված»։
Ընդհանուր առմամբ՝ 1915-1923 թվականներին ավելի քան մեկուկես միլիոն հայ է զոհվել։ Սակայն նրանց օգնության ձեռք մեկնողներին եւս բարի աչքով չէին նայում։ Օրվիսն ապրում էր մշտական վախի մեջ՝ ամեն վայրկյան սպասելով խուզարկությունների եւ արտաքսման, ուստի չափում-ձեւում էր իր յուրաքանչյուր բառը. «Չափազանց ծանր էր դիմանալ շրջապատի ծայրահեղ այս թշվառությանն ու տառապանքին, հատկապես երբ չկար այն փարատելու որեւէ հնար»։
Նրա առաքելությունը շուտով ստիպված էր Թիֆլիսից կարճ ժամանակով տեղափոխվել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի). «Ալեքսանդրապոլում մենք փորձում էինք խնամել հազարավոր գաղթականների, որոնք գոյության որեւէ այլ միջոց չունեին, բացի նրանից, ինչ Օգնության կոմիտեն կարող էր տրամադել։ Ամեն օր մարդիկ էին մեռնում փողոցներում։ Ես սկսեցի զբաղվել կաթի պահեստով, եւ մենք ավելացրինք կերակրվող երեխաների թիվը՝ հասցնելով 300-ի»:
Շուտով նրանց «հրահանգվեց հեռանալ Ալեքսանդրապոլից, քանի որ թուրքերը Կարսի կողմից անցել էին հարձակման։ Բոլոր հայերը ստիպված եղան փախչել։ Շատերը կոտորվեցին հենց տեղում՝ փախուստի ճանապարհին»:
«Սյուզան մորաքույրն ու նրա գործընկերները 1919թ. վերադարձան Կեսարիայի գավառ,- ասում է Նենսի Մուրը,-նրանց նպատակը, անշուշտ, որբացած երեխաներին օգնելն էր, սակայն քանի որ Կեսարիան այլ երկրների կողմից ճանաչված չէր, շատ դժվար էր կազմակերպել այնտեղի մատակարարումն ու անգամ անվտանգությունը։ Սյուզանը գրեթե բանտարկված վիճակում ապրեց չորս տարի՝ տեղական իշխանությունների խիստ ու քննախույզ վերահսկողության ներքո»:
«Չորս ամիս շարունակ ճամպրուկս պահում էի կազմ-պատրաստ։ Փողը միշտ ինձ հետ էր, քանի որ չգիտեի՝ որ վայրկյանին ինչ կպատահեր։ Ամենաշատը վախենում էինք, որ մեզ կարտաքսեն ու մեր խնամքի ներքո եղած հազարավոր քրիստոնյա երեխաներին դուրս կշպրտեն փողոց՝ սովից ու դաժան վերաբերմունքից մեռնելու, ինչպես մինչ այդ վարվել էին շատ շատերի հետ»,- իր հուշերում գրում է Օրվիսը:
Սյուզան Օրվիսն արդեն ընտելացել էր գաղթականների ճամբարների հետպատերազմական ծանր դրությանը։ Սակայն կյանքի ամենամեծ փորձությունը դեռ առջեւում էր։ Այն սկսվեց Զմյուռնիայի 1922 թ. աղետով։
Զմյուռնիան Միջերկրական ծովի փոքրասիական ափին գտնվող կարեւոր ֆինանսական եւ մշակութային կենտրոն էր՝ բաժանված երեք հիմնական թաղամասերի. Բարձրադիր հատվածը բնակեցված էր մուսուլմաններով ու հրեաներով, իսկ նավահանգիստը՝ հույն եւ հայ քրիստոնյաներով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից սկսած մինչեւ հույն-թուրքական կարճատեւ պատերազմը եւ դրանից հետո՝ քաղաքը կառավարվում էր Հունաստանի կողմից։ 1922 թ. սեպտեմբերի 9-ին թուրքերը ներխուժում են Զմյուռնիա եւ անմիջապես թիրախի տակ առնում քաղաքի քրիստոնյա թաղամասը։ Մի քանի օրվա մեջ նավահանգիստը հրի է մատնվում։ Հրդեհը մոլեգնում է չորս օր, իսկ կոտորածը, թալանն ու քաղաքի հետեւողական կործանումը շարունակվում է դեռ երկու շաբաթ։ Սպանվում է ավելի քան 10,000 հայ եւ հույն, ինչպես նաեւ օտարազգի այցելու։ Շատերին փրկում են ափին մոտեցած օտարերկրյա նավերը, որոնց հրամանատարությանն արգելված էր միջամտել. նրանք կարող էին միայն ականատես լինել ափեզրով մեկ շարունակվող կոտորածին։
Օրվիսը շտապում է Զմյուռնիա՝ մտքին դնելով փրկել որքան հնարավոր է շատ երեխաների։ «Ճանապարհին ես տեսա Զմյուռնիայից Կեսարիա տեղահանված հույն կանանց ու աղջիկների մի ահռելի բազմություն։ Ճանապարհը պատված էր սովից մեկ առ մեկ ընկնող մեռնողների դիակներով։ Ուտելիքի տեսքից նրանք քիչ էր մնում խելագարվեին։ Բայց մենք նրանց կերակրեցինք միայն լեռան ստորոտին։ Նրանցից մի քանիսին ես վերցրի ինձ հետ, բայց շատերին արդեն հնարավոր չէր օգնել»,- նշել է Օրվիսը։ Զմյուռնիայից մինչեւ Կեսարիա մարդկային քարավանը քայլել էր 800 կիլոմետր։
Նոյեմբերին Օրվիսը կազմակերպում է Կեսարիայում ապաստանած 3000 որբերի տեղափոխությունը Կիլիկյան Տավրոսի լեռներով դեպի հարավ՝ փորձելով դուրս բերել նրանց դեպի Սիրիա եւ Հունաստան։ Ծածկված սայլերի տասնհինգ շարասյուն հատում է Տավրոսը՝ հասնելու Բեռլին-Բաղդադ երկաթուղուն։ «Տեղ հասնելու համար հինգ օր էր պետք»,- գրում է Օրվիսը,-ես պարտավոր էի ապահովել, որ բոլորը սնունդ եւ կայանատեղի ունենան գիշերներն ապահով անցկացնելու համար։ REO-ով ես հետուառաջ էի անում երթուղու երկայնքով՝ հետեւելով նրանց շարժին»:
Նենսի Մուրը, թերթելով մորաքրոջ նամակներն ու ընտանեկան լուսանկարները, ասաց, որ The New Near East պարբերականի 1923 թ. համարներից մեկում Օրվիսը հոդված ունի հրապարակած, որի երկու նախադասություն բացահայտում են ամբողջ եղելությունը. «Մերձավոր Արեւելքում եղած ամբողջ ընթացքում ես չեմ տեսել մարդկային ավելի մեծ վիշտ, տառապանք ու մահ, քան այս ահռելի գաղթը, որն ամայացրեց Թուրքիայի ամենահարուստ նահանգներից մեկը։ Սա նման էր աներեւակայելի սարսափի մի շքերթի»:
Մուրի հավաքած նամակներից մեկն այսպես է ամփոփում Օրվիսի փորձառությունը. «Սյուզանն իր ընկերներից մեկին գրել է, որ ուրախությամբ կարող է հայտնել, որ Օսմանյան կայսրությունից դուրս բերած 3000 երեխաներից ոչ մեկը չի մահացել ճանապարհին։ Փրկվել են բոլորը։ Այդ ժամանակ նա արդեն 48 տարեկան էր։ Ապշելու բան չէ՞։ Ես ուզում եմ, որ նրա անունը հայտնի դառնա բոլորին»:
Կամո Մայիլյան եւ Ուենդի Էլիոթ
Կամո Մայիլյանը Զորյան ինստիտուտի Մարդու իրավունքների եւ ցեղասպանագիտության միջազգային ինստիտուտի (IIGHRS) Ցեղասպանագիտություն եւ Մարդու իրավունքների համալսարանական ծրագրի շրջանավարտ է։
Ուենդի Էլիոթը «The Dark Triumph of Daniel Sarkisyan» գրքի հեղինակն է։ Այն պատանեկան վիպակ է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված մի տղայի եւ նրա քրոջ պատմությունը։
Հոդվածի սկզբնաղբյուր՝ The Armenian Weekly
Զմյուռնիայի Ս. Մեսրոպյան արական վարժարանի շենքը, 1910-ական թթ., նկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնությանհետազոտական խմբի կողմից