Մի ամբողջ օր Վանա ծովում

1933

2010թ. սեպտեմբերի 18-ի առավոտյան Վան քաղաքից մեր մեքենան Բիթլիս տանող մայրուղով ուղղություն վերցրեց դեպի Գավաշ (Ոստան)` Մեծ Հայքի Ռշտունիք գավառ: Վանա ծովի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում հաջորդ օրը մատուցվելու էր առաջին պատարագը 1915 թվականից հետո: Մեր խմբում էին Սիրիայից Գաբրիել Չեմբերջյանը տիկնոջ` Անժելի, Մոնակոյից Տիգրան Ջիերջյանը ֆրանսուհի տիկնոջ` Ջուլիանի հետ, և մեքենայի արաբ վարորդը: Ծովափին` զբոսանավում, մեզ սպասում էին Պոլսո Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուներից Արսեն Յարմանյանը, երիտասարդ պոլսահայ Սարվեն Չաղլըն, վանեցի անգլերենի մի քուրդ ուսուցիչ Օզգյուր անունով և մի թուրք Ստամբուլից, ինչպես նաև քուրդ նավավարը, ում տեսնում եմ ամեն անգամ Աղթամարում:

Մենք մի օր անցկացնելու էինք Վանա ծովում, այցելելու ափին գտնվող եկեղեցիներից ու վանքերից մի քանիսը, որոնց մի մասը ավերվել է, մի մասը խոնարհվել, մի մասը` դեռ կիսականգուն է: Երբ ոտք էինք դնում ծովի կապտականաչավուն ալիքների վրա հանդարտ օրորվող նավի վրա, խիտ ճերմակ մազերով ու սև ակնոցներով Արսեն Յարմանյանը` ծխախոտը մատների արանքում, նեղ երկարավուն նստարանի վրա ամբողջությամբ բացել էր լրագիրը, և առաջին բանը, որ աչքս մտավ, թուրքերենով վերնագիրն էր. Van manastirlarina ne oldu?

Այսինքն` «Ի՞նչ պատահեց Վանի վանքերին»:

Ավելի ճիշտ` ո՞ւր են Վանի վանքերն ու եկեղեցիները:

Ո՞ւր են:

Հայազգի ճարտարապետ Զաքար Միլդանօղլուն տեղական թրքատառ «Վան թայմս» և Պոլսի «Ակօ» լրագրերի   թուրքերեն և հայերեն էջերի վրա ներկայացրել էր Վանա ծովի սահմանակից 13 գյուղաքաղաքների 90 անուն վանքերը: Նրանց մեծ մասը խոնարհվել, ավերվել, թալանվել կամ դեռ կիսականգուն է: Քարտեզի վրա նշված էին Վասպուրականի բոլոր նահանգների ու գավառների անունները: Ահա Խոռխոռունիքը ծովի հյուսիսային ափին: Նրա հարևանությամբ Քաջբերունիքն է, ապա` Աղիովիտը: Ծովի հարավ-արևելքում Գնունիքն է, հարավում` Ռշտունիքն ու Մոկքը:

Հանգիստ օրորվելով` մեր նավն անցնում է Աղթամար կղզու հարևանությամբ: Հաջորդ օրը` սեպտեմբերի 19-ին, Սուրբ Պատարագն է, հետևաբար` անիմաստ է այսօր ժամանակ կորցնել` Աղթամար այցելելու համար:

-Մոտենում ենք Առտեր կղզուն: Այնտեղ մի փոքրիկ մատուռ կա,- բացատրեց Յարմանյանը:

Առտերը Վանա ծովի կղզիներից է: Այն լավ երևում է նաև Աղթամարից: Վանա ծովում մեծ ու փոքր կղզիներ կան:

Ամենամեծը Լիմն է` ծովի հյուսիս-արևելյան հատվածում, ցամաքից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա`   Վասպուրականի հայկական թագավորության մշակութային կարևոր կենտրոնը: Կղզու վրա 14-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Գրիգոր վանքը քանդված է ու կողոպտված:

Մեծությամբ երկրորդ կղզին Կտուցն է` Վան քաղաքից դեպի հյուսիս: Թուրքերն ու քրդերը Չափռանակ են ասում: Կղզու վրա 9-րդ դարում կառուցվել է վանական համալիր` չորս առանձին եկեղեցիներով: Կիսավեր է ու կողոպտված:

Աղթամարը մեծությամբ երրորդն է, բայց ամենահայտնին հենց Սուրբ Խաչ եկեղեցով:

Կապտականաչավուն ալիքների վրա օրորվելով` նավը շարունակում էր ընթացքը: Ծովի արևմուտքում Նեմրութ սարն է, իսկ հյուսիսում երևում է Սիփանը: Գլխին ամպեր են նստել: Սիփանից այն կողմ Ծաղկանց լեռներն են: Վանի հարավում` հենց Աղթամարի դիմաց, Արտոս սարն է` Հայկական Տավրոսի լեռնագագաթներից: Ավանդությունն ասում է, որ Նոյ նահապետը` մոտենալով այս լեռանը, արտասվել է, որից էլ նրա անունն է` Արտոս:

Քիչ հեռու թռչունների մի մեծ երամ բարձացավ օդ` ծովի կապույտի ու երկնքի միջև թողնելով սև գույնի բազմաթիվ կետեր:

Մեր ծովային մեկօրյա ճամփորդությունը ուրախ, բայց նաև տխուր հուշեր արթնացնող ճամփորդություն էր:

Ահա մեր նավը Վանա ծովի կենտրոնում է, չորս կողմը` կապույտ, կապույտ: Միայն հեռվում, հեռու-հեռուներում, գծագրվում են լեռների սիլուետները:

Ծովը օրոր ասելով նավը մոտեցնում է հարավային ափին: Մոտ հարյուր մետր հեռավորության վրա սպասում էր մի փոքրիկ եկեղեցի` Սուրբ Կարապետը: Դժվարամատչելի, ծովից զառիվեր տանող տեղում է կառուցվել` անտառի մեջ: Որևէ ճանապարհ չի տանում դեպի եկեղեցի, բացի ծովից բերողը: Սարվեն Չաղլըն թուրքերենով կարդաց և թարգմանեց. «Եկեղեցին հրկիզվել է 1896-ին, տեր հոր լեզուն կտրել են»:

Գաբրիել Չեմբերջյանը մտավ եկեղեցի ու հևալով Տերունական աղոթքը` «Հայր Մերը» շշնջաց: Մենք միացանք վերջում` «… և մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ: Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս: Ամէն»:

Մի որոշ ժամանակ այս ու այն կողմ թափված քարերի վրա հայերեն գրեր փնտրելուց հետո կրկին իջանք ափ: Քրտնածությունը, մյուս կողմից` Վանում լողալու ցանկությունը, խմբի անդամներին ստիպեց մի քանի րոպե վայելել ծովի մաքուր, աղի ջուրը: Խմբում լավագույն լողորդը Տիգրան Ջիերջյանն էր:

Ապա նավը ծովեզերքով շարժվեց դեպի Սուրբ Գևորգ: Երևում է, որ բոլորովին վերջերս է վանքի ներսում փորվել հողը: Տեղացիները, ինչպես ամենուր, հայերի իբր պահած ոսկին են փնտրում: Նրանք քանդում են ամեն ինչ, միայն ոսկի գտնեն:

Գաբրիել Չեմբերճյանը ամեն մի կոտրված խաչքար կամ հայերեն գիր գտնելով, կանչում էր.

-Արի՛, սա էլ նկարի: Նկարեցի՞ր:

Բայց ո՞ր մեկը նկարես, Աստվա՜ծ իմ: Ո՞ր մեկը նկարես:

Ամեն քարի տակ հայերեն գիր կա, ամեն գյուղում եկեղեցի կա, ամեն քայլափոխի հայկական հետք կա: Անգամ մեկ դար անց Վանի շրջանում դեռ այնքան հայկական բան կա ավերելու:

Արեգակը թեքվում էր դեպի լեռները` թաքնվելու Սիփանի հետևում: Նրա ճառագայթները սուր անկյան տակ ցոլքեր են  գցում ծովի ջրերում: Քուրդ նավավարը ձայնային ազդանշան տվեց` խումբը պետք է վերադառնա նավ: Ուղևորվեցինք նախկինում հայկական, այժմ քրդաբնակ Ինքյոյ գյուղը, որտեղ ախոռի վերածված, բայց պահպանվում է եկեղեցին:

Օտարներ Ինքյոյ հազվադեպ են գալիս: Այս պատճառով է, որ երբ գյուղի երեխաները անծանոթ մարդ են տեսնում, վազելով մոտենում են ծովափին և ձեռքով անում: Իսկ երբ ավտոմեքենա է գյուղ հասնում` երեխաները ճչալով, երբեմն` ոտաբոբիկ, վազում են հետևից:

Ինքյոյում քուրդ գյուղացիները մեզ սառը թան հյուրասիրեցին, ուղեկցեցին եկեղեցի, որը ափից հեռու չէր: Հասարակ գյուղացի մարդիկ էին: Գուցե երբեք նախկինում գյուղն այսքան հյուրեր չէր ընդունել: Կարճ հանգիստ առնելուց հետո նավ բարձրացանք:

Մեր խմբին ճանապարհում էր ամբողջ գյուղի արական հատվածը: Գույնզգույն, կիսամաշ շորերով երեխաները երկար շարք էին կանգնել ու ձեռքերը վեր պարզած` հրաժեշտ էին տալիս: Ափից միայն որոշ հեռավորության վրայից միայն լուսանկարչական ապարատը տեղավորեց նրանց մեկ կադրում:

Մթնում էր, երբ մեր նավը վերադառնում էր ափ, որտեղից դուրս էր եկել առավոտյան: Վերադարձանք Վան քաղաքի մեր հյուրանոցները, որպեսզի հաջորդ օրը կրկին ուղևորվեինք դեպի Աղթամար` մասնակցելու պատարագին կամ այդ մասին գրելու աշխարհում ցրված հայերի համար:

 

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի