«Դրօշակ». Կռիվը սկսուած է՝ 1891 թվական

1929

ԴՐՕՇԱԿ-Ի ԹՌՈՒՑԻԿ ԹԵՐԹ, 1891թ., ԹԻՒ 2

Հ. Յ. Դաշնակցութիւնը, հրատարակելով այս թերթը, յայտնում է որ մօտիկ ապագայում կ’ունենայ իր օրգանը ԴՐՕՇԱԿ անունով, ի միջի այլոց, կը պարզաբանվի դաշնակցութեան ծրագիրը:

ԿՌԻՒԸ ՍԿՍՈՒԱԾ Է

Կռիւ ազատութեան համար, կռիւ գոյութեան համար:

Մի կողմից դարերով տանջված հայ ժաղովուրդը, միւս կողմից, ոտքից գլուխ ապականված, քայքայվող թուրք կառաւարութիւնը, ահա կռւողները:

Սարսափելի կռիւը այժմեանից յուսահատեցնում է թերահաւատներին: Նոքա հարցնում են. “Ի՞նչ կարող է անել հայը, ոչ թնդանօթ ունի, ոչ զօրք, ոչ պաշտպան”:

Աւելորդ թերահաւատութիւն: Ժողովրդական կռւի ժամանակ՝ թնդանօթը ժողովրդի զգացմունքն է, զօրքը ինքը ժողովուրդը, պաշտպանները` ժողովրդի միութիւնը:

Երբ ժողովուրդը միացած է եւ պատրաստ կռվելու ոգեւորված միեւնոյն վեհ զգացմունքով,- այլ եւս ոչինչ կ՛արժէ ոչ թշնամու զօրաբանակը, ոչ թնդանօթը, եւ ոչ օտարի պաշտպանութիւն:

Ապստամբուած ժողովուրդը առասպելական եօթգլխանի վիշապ է: Կը կտրես նրա մի գլուխը, տեղը կը բուսնի երկուսը: Ժողովրդական ազատութիւն ճնշելը՝ հրդեհ հանգցնել չէ: Կը ճնշես ապստամբութիւնը մի տեղ, նա կը պայթի մի ուրիշ տեղ: Իսկ երկրորդ օրը՝ թէ այստեղ եւ թէ այնտեղ: Ահա թէ ինչու այդ շարժումը յուսատու է մեզ համար, վտանգաւոր՝ թշնամու համար:

Հայ ժողովուրդը սկսել է մի մեծ, սուրբ կռիւ: Այդ կռւի մէջ մտնում է ամբողջ ազգը: Թշնամին պատրաստվել է: Մի կողմից ճնշումն է սաստկանում, իսկ միւս կողմից՝ ժողովրդի դիմադրութեան ոգին:

Ահա փաստերը:

– Թիւրքաց կառավարութիւնը լսել չի ուզում հայերի պահանջները, նա շարունակ բանտարկում, ճնշում, աքսորում եւ նեղում է ամէն մի հայի: Պօլսից սկսած մինչեւ Վան, Բագուից մինչեւ Թաւրիզ հեղեղել է իր լրտեսներով. լրտեսներ հայ հոգեւորականի շորերով, լրտեսներ բանտերում հայ քաղաքական յանցաւորների դիմակի տակ: Նա զինում է քրդերին եւ թուրքերին հայերի շարժումը արմատախիլ անելու համար: Նա աքսորում է Խրիմեանին. դժուարացնում է ամեն մի օտարահպատակի համար Թիւրքիա մտնելը: Նա զօռով ստիպում է հայերին շնորհակալական ուղերձներ ստորագրել: Նա պաշտպաններ է որոնում թէ օտար տէրութիւնների եւ թէ հայերի մէջ: Յիշենք, օրինակ այն լուրը, որին դժուարանում ենք հաւատալ, թէ ռուս կառաւարութիւնը համերաշխ է Թուրքիայի հետ. յիշենք դաւաճան պատրիարքին, Պոլսոյ էֆէնդիների ուղերձը, Մամբրէ վարդապետի մատնութիւնները. չմոռնանք եւ Արփիարեանի գարշելի մեղան:

Սակայն չը նայելով այդ բոլոր անյաջող պայմաններին եւ թիւրքաց կառավարութեան կողմից սաստկացող ճնշումներին՝ շարժումը չի կանգնում եւ աւելի ու աւելի խոր արմատներ է ձգում հայ ժողովրդի մէջ, որի ոգեւորութեան չափի մասին գաղափար են տալիս հետեւեալ փաստերը:

– Վանում ընդհարում է պատահել հայերի եւ թուրքերի մէջ: Մեզ գրում են, որ երկու կողմից մօտ 30 հոգի սպանվել են: Թուրք կառավարութիւնը  սոսկում է այդ տեսակ ընդհարումներից, որովհետեւ կարծում է թէ դա ընդհանուր հայկական ապստամբութեան սկիզբն է:

–Մեր ներկայացուցիչները տեղեկացնում են մեզ, որ Վանում փորձ փորձեցին սպանել մի հայի, որ առաջ վարժապետ է եղել եւ այժմ ոստիկան լինելով, սկսել է լրտեսութիւն անել: Վէրքը մահացու չէր:Վճռուած է անպատճառ սպանել նրան եւ նրա հետեւորդներին:

– Մեզ հաղորդում են Կ. Պոլսից. “Գաւառացի հայերը, համալները, կը պատրաստվին մի բողոք ներկայացնել Պատրարքին, որ նա յետ առաւ իր հրաժարական, ոտնակոխ ընելով ազգային ժողովի իրաւունքները եւ պատիւը: Հարկ կայ Պատրիարքին յիշեցնելու Գում-Գափուի դէպքը, ըստ որում, ինչպէս կը տեսնուի, նա թոյլ յիշողութիւն ունի”:

– Ժողովրդի հասարակ դասակարգից ամէն օր կամաւորներ են դուրս գալիս, որոնք հայրենիքի ազատութեան են ուզում ծառայել: Թէ ինչպես է վերաբերվում ժողովուրդը դէպի այդ կամաւորները՝ գաղափար կարող է տալ հետեւեալը: Սահմանագլխի քաղաքներից մէկում մի կամաւորի թաղումն էր: Եկեղեցում ասեղ գցելու տեղ չը կար: Երբ ներկայ եղողներից մէկը սկսեց ճառ խօսել եւ արտասանեց հետեւեալ խօսքերը՝ “Հանգուցեալը Հայաստանի ազատութեան կամաւոր զինւոր էր”, ներկայ եղող բազմութեան ոգեւորութիւնը սաստկացաւ: Դագաղը եկեղեցուց դուրս բերելիս ամենքը միմեանց ձեռքից էին խլում: Ժողովուրդը դագաղին հետևեց մինչև գերեզմանատուն: Երբ դագաղը պէտք է գերեզման իջեցնէին, մօտեցաւ մի արհեստաւոր, որի որդին նոյնպէս կամաւոր էր եղած եւ մի ընդհարման ժամանակ սպանուած էր, խնդրեց որ իրեն թոյլ տան իր ձեռքերով դագաղը գերեզման իջեցնելու: Դագաղը իջեցնելիս, մէկը առաջարկեց յարգել հանգուցեալի յիշատակը եւ ահագին բազմութիւնը ծունկ չոգեց ձիւնի եւ սառուցի վերայ: Ծերերը ջահելներին յորդորեցին օրինակ վերցնել նրանից: Ներկայ եղողները հեռացան. իրանց հետ մի մի բուռ հող տանելով եւ ուխտեցին հետեւել հանգուցեալի օրինակին:

….մի գիւղով սրանից մի ամիս առաջ անցնում  էին մի խումբ կամաւորներ: Գիւղացիները նրան դիմաւորեցին եւ ճանապարհ գցելիս տալիս էին նոցա….. եւ այլն: Մի չքաւոր այրի կին, դիմելով խմբապետին, ասաց. “Ես ոչ փող ունեմ եւ ոչ զէնք. ինչ որ ունեմ, այն եմ տալիս. Սա էլ թող լինի իմ նուէրս”: Այս ասելով կինը բռնեց իւր միակ որդու ձեռքից եւ տուեց խմբապետի ձեռքը… [Մեր ձեռքի տակ ունեցած կոչին մէջ երկու բառեր չեն կարդացուիր, կոչի այդ մասը պատռած ըլլալով-Գաբրիէլ Լազեան] 

– Ամէն օր բերկրալի լուրեր են հասնում մեզ զանազան կողմերից: Շատ տեղ գիւղացիները ծախսում են եզները եւ զէնք են առնում: Յաճախ պատահում է, որ կանայք իրանց գլխի զարդարանքները եւ մատանիները տալիս են իրանց մարդոց եւ յորդորում, որ ծախեն եւ դրանով զէնք առնեն: Ձմեռային երկար երեկոներին՝ հայ գիւղացու խօսակցութեան նիւթը Հայաստանի ազատութիւնն է: Այստեղ առասպելական չափազանցութեան հասցրած դէպքեր են պատմում, որոնք արդէն աշըղների երգի նիւթ են դարձել…

– Մի հայ կամաւոր հետեւեալն է հաղորդում. “Վ. gիւղի մէջ սրտաճմլիկ տեսարանի հանդիպեցինք: Մեզ հետ ուզում էին միանալ երկու եղբայրներ: Մեծ եղբայրը ասում էր, թէ ինքը կ՛երթայ, իսկ փոքրը աղաչում էր որ իրան թողնեն գալու: Երկու եղբայրները դիմեցին ծերունի հօրը, որ նա վճռի այդ բանը: Ծերունին, մի փոքր մտածելով, ասաց. “Դուք կարող է՞ք գնալ, ես չե՞մ կարող: Երեքիս մէջ չոփ (վիճակ) գցենք՝ ում կը ընկնի, թող նա գնայ”: Վիճակն ընկաւ փոքր եղբօրը: “Ես հայր եմ եւ առանց վիճակի էլ կ՛երթամ”, ասաց յուզուած ձայնով ծերունին ու միացաւ կամաւորներին:

– Հայաստանի զանազան կողմերից Դաշնակցութեան գործակալները ոգեւորիչ լուրեր են հաղորդում: Քաղաքներում եւ գիւղերում պտտող պրօպագանդիստները մեծ համակրութեամբ են ընդունվում: Ժողովուրդը խմբվում է նոցա շուրջը: Կազմակերպութեան գործը արագ կերպով առաջ է գնում: Շատ տեղեր արդէն կապված են միմիանց հետ: Ամէն տեղ ժողովուրդը զէնք է ուզում: Շատերը փողով են գնում:

– Հայաստանի մի գիւղում, ինչպէս յայտնում է Դաշնակցութեան գործակալներից մինը, տեղի է ունեցել հետեւեալ փաստը: Այնտեղ բոլոր գիւղացիք վճռել են չը ցանել արտերը: Երբ հարցնում են դորա պատճառը, մի ալեզարդ, պատկառելի ծերունի պատասխանում է. “Ի՞նչի ցանենք, ի՞նչ ցանելու վախտ է. գարնանը տեսնելու ենք ոչ թէ ոսկեգոյն ցորենի արտեր, այլ արիւնով ներկած ամայի դաշտեր”…

– Դեկտեմբերի 22-ին, Սալմաստում տեղի է ունեցել մի արտասովոր սպանութիւն: Սպանուած է հայ կաթօլիկ վարդապետ՝ Հայր Սրապեօնը: Սպանողը անյայտ է: Մտնելով վարդապետի բնակարանը, անյայտ մարդը մի փոքր խօսակցում է հայր սուրբի հետ եւ ապա հանելով խանչալը՝ խրում է վարդապետի բերանը, գոչելով. “Այս է մատնիչների վարձը”: Վարդապետը տեղն ու տեղը մեռնում է: Պարսից կառավարութիւնը որոնում է սպանողին, որը անյայտացել է: Սալմաստի մէջ այդ վարդապետը յայտնի է եղել իբրեւ մատնիչ:

– Եւրոպայի աչքերին թոզ փչելու եւ հայոց խաբված պատրիարքի բերանը քաղցրացնելու համար, թիւրքաց կառավարութիւնը նորերս ուղարկեց աշխարհի բոլոր կողմերը հետեւեալ հեռագիրը. “Սուլթանը ներումն շնորհեց քաղաքական հայ բանտարկվածներին”: Երբ այդ լուրը Տրապիզօն հասաւ, վալին բանտից արձակեց քաղաքական յանցաւորներին, եւ հայերը ուրախացած գոհացողական մաղթանքներ կատարեցին Սուլթանի կեանքի համար: Բայց այդ ուրախութիւնը երկար չը տեւեց: Շուտով Կ. Պoլսից հեռագիր ստացվեց՝ անմիջապէս նորից բանտարկել արձակվածներին, որովհետեւ ներումն է շնորհած Պօլսի բանտարկվածներին միայն: Գուցէ հայերը փոշմանեցին իրանց աղօթքի համար, բայց արդէն ուշ էր: Սակայն Պօլսում խմբուած գաւառացի հայ ժողովուրդը եւ նորա շարժման ղեկավարները ուրիշ կերպ ընդունեցին կառավարութեան խորամանկութիւնը. այդ ցոյց է տալիս նորերումս Պօլսի թաղերում եւ նոյն իսկ Սուլթանի պալատի մօտ ձգած մի յայտարարութիւն, որից բերում ենք հետեւեալ կտորը.

“ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՍՆԱԺՈՂՈՎ, Կ. ՊՈԼԻՍ:

Արթնացեք, Հայե՜ր,

Ուշադրութեամբ շփեցէք ձեր աչքերն եւ տեսէք ինչ հրապուրիչ որոգայթներ կը լարուին ձեր շուրջը. մի կարծէք, թէ Սուլթանը շնորհ մը արած լինելու համար արձակեց այն 87 հայ երիտասարդներն որ արդէն անմեղ էին: Այս արձակում մի սարսափելի կեղծաւորութիւն կը նշանակէ, որ նպատակ ունի առ ինքն ձգել հայութեան սիրտը: Պէտք է ընենք ամէն ջանք, չը զլանանք ոչ մի աշխատութիւն եւ իրականութիւն դարձնենք Հայաստանն ազատելու սուրբ եւ վսեմ գործը: Ալ բաւ տանջվեցանք, բարբարոս թուրք կառավարութիւնն ալ բաւ խմեց մեր արիւն: Թոթովենք ստրկութեան հինգդարեան ծանր բեռը, ջարդելով նորա ամուր շղթաններ, որ կաշկանդեր են մեր անդամներն”:

Ահա մի քանիսը այն փաստերից, որոնք միանգամայն մեզ համարձակութիւն, ոյժ, եռանդ են ներշնչում աներկբայ հետեւելու ժողովրդի մարտական հրաւէրներին: Այլևս ժամանակ չէ տատանվելու…

Հաւատացէք, հայեր, միացէք, եղբայրներ, վսեմ կռւի համար: Գուցէ հեռու չէ այն օրը, երբ մեր անբաղդ հայրենիքը պիտի պահանջէ մեզնից մեր կայքը, մեր կեանքը, մեր արիւնը…

Վիեննա. Դաշնակցութեան Ազատ Տպարան

Գաբրիէլ Լազեան, “Հայաստան եւ Հայ դատը հայևռուս յարաբերութիւններու լոյսին տակ”, էջ 68-72