Ադրբեջան-Ռուսաստան. ինչու ոչ մի կերպ չի ստացվում ընկերանալ

979

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, որը վերնագրված է՝ «Ադրբեջան և Ռուսաստան. ինչու ոչ մի կերպ չի ստացվում ընկերանալ» (Азербайджан – Россия: почему никак не получается дружить): Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարանում են, և քաղաքագետները զգուշանում են, որ դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, քանի որ Բաքուն կախված է «մեծ եղբորից» քաղաքականության, տնտեսության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում:

Խոսքը և՛ ռազմական-քաղաքական ոլորտի մասին է, որտեղ կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և՛ տնտեսության, քանի որ Ռուսաստանը ադրբեջանական ապրանքների հիմնական սպառողն է, և՛ միգրացիայի, քանի որ Ռուսաստանում մշտապես գտնվում են Ադրբեջանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ, և՛ էներգետիկայի՝ երկու երկրները էներգակիրներ են մատակարարում Եվրոպա, իսկ Ռուսաստանը կարող է ազդել և ազդում է շուկայի վրա:

Հարաբերությունների վատթարացման պատճառները

Հուլիսի 20-ին Բաքվի դատարանը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին  դատապարտեց երեք տարվա ազատազրկման: Ավելի վաղ, Լապշինը այցելել էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»։ Չնայած դրան, նա ժամանել էր Ադրբեջան իր ուկրաինական անձնագրով, որտեղ նրա անունը գրված է փոքր ինչ այլ ուղղագրությամբ։ Որպես հետևանք, Լապշինը դատապարտվել էր ապօրինի սահմանահատման համար:

Ընդհանուր առմամբ, այս տարին  հաստատ լավագույնը չէ երկու երկրների միջև փոխհարաբերությունների առումով:

Մայիսին Ռուսաստանի դատարանը փակեց Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի առավել հայտնի «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը, որը գործում էր 2001-ից: Դրան հետևեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի վրդովված արձագանքը:

Դրան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանեց. «Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թե ինչպես կառուցել ազգամիջյան հարաբերությունները սեփական երկրում»:

Երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել նաև այլ առիթներով, օրինակ՝ ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործի առնչությամբ, որը Ղարաբաղում դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ որպես ադրբեջանական լրտես և դիվերսանտ:

Իրավիճակը վատթարացավ նաև հուլիսի 4-ին Ղարաբաղում շփման գծում ռազմական միջադեպերի արդյունքում, երբ ադրբեջանական կողմից զոհվեց քաղաքացիական երկու անձ, այդ թվում` երկու տարեկան երեխա։

Հաջորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտեց Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող էթնիկ հայերի Ադրբեջան մուտքի արգելքը։ Ադրբեջանում այդ հայտարարությունը դիտվեց որպես «սլաքների փոփոխություն»։

«Այսօր մենք գործ ունենք մի տեսակ սառը պատերազմի հետ,- ասում է ռուսաստանցի իրավապաշտպան, ակտիվիստ և լրագրող, «Կավկազսկի Ուզել» կայքի գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը։- Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վաղուց վերելք չեն ապրել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է արտաքին գործերի նախարարությունը պաշտպանում Լապշինին, ինչը նախկինում Ռուսաստանի քաղաքացիների հետ կապված չէր արել»։

Ըստ փորձագետների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց կարող է լինել զենք-զինամթերքը, որը մատակարարում է Ռուսաստանը։ Սրացման դեպքում զենքը կարող է այլ որակ ունենալ։

Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն, վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելով, հիշեցրել է, որ անցյալում ևս նման սկանդալներ տեղի են ունեցել, սակայն ամեն ինչ ավարտվել է հաշտեցմամբ։ «Բայց իրականում, մեր երկու կողմերի միջև բարեկամությունը ինչպես չի եղել, այժմ էլ չկա։ Ամեն ինչ հանգում է Ռուսաստանի՝ կայսերական հավակնություններին և Ադրբեջանին հպատակեցնելու ու խաղաղապահ ուժերի պատրվակով այնտեղ իր զորքերը մտցնելու ցանկությանը»,- ասել է դիվանագետը:

Ընդհանուր առմամբ, ըստ Հաջիզադեի, Ռուսաստանն ունի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բազմաթիվ եղանակներ։ Եվ դա ոչ միայն կապված է ռազմական գերազանցության հետ, այլև երկու երկրների սերտ փոխկապված տնտեսությունների։

Մեկ շղթայով կապված

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա սկզբին Ռուսաստանում կա Ադրբեջանի 523,000 քաղաքացի, իսկ 2010 թ. մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանում բնակվում է 603,000 էթնիկ ադրբեջանցի: Ըստ ՌԴ Կենտրոնական բանկի՝ ամեն տարի Ռուսաստանից Ադրբեջան 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխանցումներ են կատարվում։

Բացի այդ, Ռուսաստանը Ադրբեջանի ոչ նավթային ապրանքների արտահանման ամենամեծ շուկան է։ Վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի, Ռուսաստան է առաքվել 409 մլն ԱՄՆ դոլարի ապրանք (հիմնականում՝ մրգեր և բանջարեղեն):

«Ռուսաստանի մասնաբաժինը Ադրբեջանի ընդհանուր արտահանման մեջ 10% է։ Ադրբեջանից արտահանվող գյուղարտադրանքի 70%-ը գնում է հենց Ռուսաստան, հետևաբար, իհարկե, կա տնտեսական կախվածություն,- ասում է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին։- Ռուսաստանը հաճախ արդեն օգտագործել է իր տնտեսական լծակները՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով արգելափակվելով ապրանքների ներմուծումը»։

Ըստ փորձագետի, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ղեկավարությանը դա հայտնի է, այն ոչինչ չի անում, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքը եվրոպական շուկաներ դուրս գա, ինչը կարող է նվազեցնել երկրի կախվածությունը Ռուսաստանից:

Փորձագետի խոսքը հաստատում են այս տարվա մարտի վերջին, ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, երբ ադրբեջանական բեռնատարները մի քանի շաբաթ չէին կարողանում անցնել ռուսական սահմանը։ Նրանց ճանապարհը փակել էին ռուսական բեռնատարների վարորդները, փորձելով ստիպել ադրբեջանական գործընկերներին միանալ «Պլատոն» կոչվող հարկերի նոր հավաքագրման համակարգի հետ կապված բողոքի ցույցին: Եղավ ծեծկռտուք և մեքենաների վնասում։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ու Ադրբեջանը տնտեսապես ունեն խաղի ընդհանուր կանոններ, որ հասկանում են թե՛ երկու երկրների իշխանությունները և թե՛ ադրբեջանցի սովորական վաճառականները, որոնք առևտուր են անում ռուսական շուկայում։ Կողմերից ոչ մեկը չի ձգտում դեպի Եվրոպա»,- ասում է Ջաֆարլին:

Սակայն, Ռուսաստան արտագնա աշխատանքի կամ մշտապես բնակության են մեկնում ոչ միայն ցածր որակավորում ունեցող աշխատողները (նշված «վաճառականները»):

Ինտերնետ-մարկետոլոգ Մարինա Ալիևան նախատեսում է տեղափոխվել Մոսկվա մինչև այս տարվա վերջ: Մինչ այդ, նա անցել է մի քանի վճարովի դասընթացներ իր մասնագիտությամբ։ «Ես հեռանում եմ երկու պատճառով՝ նախ, այնտեղ երեք անգամ ավելի շատ են վարձատրվում, և երկրորդ՝ բացի այդ, այստեղ չեն կիրառվում գործարարությամբ զբաղվելու այնպիսի մեթոդներ, ինչպես այնտեղ։ Այսինքն, ես հեռանում են գումարի և մասնագիտական աճի համար»,- ասում է նա։

Էներգետիկ հակասություններ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների մյուս կողմը  էներգետիկ ոլորտն է։ Այստեղ երկու երկրները արդեն ոչ թե գործընկերներ են, այլ մրցակիցներ։

Թերևս Ադրբեջանում վերջին տարիների առավել հավակնոտ էներգետիկ նախագիծը «Հարավային գազային միջանցքն» է: Նրա ընդհանուր արժեքը 45 մլրդ ԱՄՆ դոլար է: Նախատեսվում է, որ 2020 թ. գազն այս խողովակաշարից կմատակարարվի Եվրոպա՝ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով, այսինքն՝ շրջանցելով Ռուսաստանը: Նախատեսվում է, որ այն պետք է միանա Ռուսաստանը շրջանցող մեկ այլ՝ Տրանս-Ադրիատիկ գազատարի հետ (Trans Adriatic Pipeline), որը կնվազեցնի Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից:

Այդ նախագծերը, ըստ ամենայնի, Մոսկվայի համար չափազանց տհաճ են։ Եվրոպայում տեղի են ունենում գազատարի դեմ բողոքի ցույցեր։ Դրանց նախաձեռնողներից մեկը իտալական «Հինգ աստղ» շարժման (M5S) ղեկավարն է, որը չի թաքցնում իր ռուսամետ տրամադրությունները։

Բացի այդ, Ռուսաստանը առաջ է տանում է իր սեփական՝ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը, որն ուղղված է նույն շուկային, ինչ Տրանս-Ադրիատիկ գազատարը, այսինքն՝ ըստ էության այլընտրանքին այլընտրանք է ստեղծում:

Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այս գազային նախագծին, որին մասնակցում է Ադրբեջանը։

Անցյալ տարի «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հնարավորություն չունի գազամուղը գազով լցնել, և որ այդ առումով Ռուսաստանը շարունակում է մնալ լավագույն այլընտրանքը Եվրոպայի համար:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ