Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք»-ը՝ Ստեփանակերտում

1132

Հուլիսի 21-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը և Արցախի Ժուռնալիստների միությունը վերջինիս հարկի տակ կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» աշխատության ներկայացումը:

Միջոցառումը, որին ներկա էին Արցախի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ, գրողներ, լրագրողներ, բացեց Արցախի Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

Ապա Սիվիլնեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» և մյուս աշխատությունները, դրվագներ նրա և ընտանիքի կյանքից:

Հակոբյանը խոսեց Քաջազնունի վարչապետի, պետական, քաղաքական ու կուսակցական գործչի (նա 1893-ից մինչև 1923-ը եղել է ՀՅԴ անդամ), ճարտարապետի ու հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրով ապրող մարդու մասին, ով իր որդիներին ուղարկում էր ճակատամարտի դաշտ:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Նրա այս հատորը շատ ծանոթ չէ Հայաստանի ընթերցողին: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր հային, այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար»,- ասաց Հակոբյանը:

Միջոցառման երկրորդ մասը վերաբերում էր 1917-1921 թվականների Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությանը և դիվանագիտական շփումներին, հայ-ադրբեջանական բախումներին ու ջարդերին, հայ-թուրքական պատերազմին:

Հակոբյանը ներկայացրեց մի շարք փաստեր այդ շրջանի պատմությունից (ինչպես է Կարսը և Նախիջևանը միացվել Հայաստանին 1919-ին, ինչպես ենք այն կորցրել), որից հետո տեղի ունեցավ քննարկում, մտքերի փոխանակություն ու բանավեճ:

Վերջում ցանկացողները ձեռք բերեցին Քաջազնունու, ինչպես նաև ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հրատարակությունները:

ԱՆԻ կենտրոն