ՀՅԴ-ից բաժանվում եմ խոր կսկիծը սրտիս մեջ. Քաջազնունու՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը

2484

Հ. Յ. Դաշնակցության Պատասխանատու Մարմնին,

Ընկերներ,

Մարտի վերջերին ներկայացրել եմ Վիեննայի Խորհրդաժողովին մի ընդարձակ զեկուցագիր, ուր աշխատել եմ հիմնավորել իմ այն խոր համոզումը, որ մեր կուսակցությունը վերջացրել է իր անելիքը, պետք չէ այլևս Հայաստանին ու հայ ժողովրդին և որ, հետևապես, վերջ պիտի դնի իր գոյության: Ի նկատի առնելով, որ խորհրդաժողովը իրավասու չէ կազմալուծելու կուսակցությունը ու մնալով նրա իրավասության սահմանների մեջ, մի քանի գործնական առաջարկներ եմ արել՝ խնդրին ընթացք տալու ու լուծման ճանապարհներ գտնելու համար:

Խորհրդաժողովը լսել է զեկուցագիրս, լռությամբ անցել վրայից ու լռելյայն մերժել առաջարկներս: Ենթադրելու է, թե իմ տեակետը այնքա՛ն անընդունելի է եղել Խորհրդաժողովի համար, որ նա կարիք չի տեսել ոչ միայն քննության առնելու, այլ նույնիսկ ձևակերպելու իր բացասական վերաբերմունքը:

Ապա Խորհրդաժողովը ընդունել է որոշումներ, որոնք՝ իմ հասկացողությունով՝ կամ հակասական են ու անիրագործելի, կամ աննպատակ, կամ վտանգավոր, կամ անիրագործելի, աննպատակ ու վտանգավոր միաժամանակ:

Անցյալներում պատահել է, ու շատ հաճախ, հակառակ լինելով կուսակցության բռնած այս կամ այն ընթացքին, այնուամենայնիվ ենթարկվել եմ իրավասու մարմինների որոշումներին ու աշխատել եմ կատարել ինձ բաժին ընկած աշխատանքը: Կուսակցական կյանքի տարրական պայմաններից մեկն է սա. ամեն մի կուսակցական չի կարող պահանջել, իհարկե, որ կուսակցությունը միշտ ու ամեն դեպքում համամիտ լինի իր հետ: Բայց կան հասկացողությունների տարբերություններ, որոնք անկարելի են անում ոչ միայն գիտակից ու բարեխիղճ գործակցություն, այլև սոսկ կենակցություն նույն կազմակերպության մեջ:

Այդ կարգի հիմնական արտահայտություններից է՝ ներկայումս ինձ ձեզնից բաժանող տարաձայնությունը: Ուստի սրանով գալիս եմ հայտարարելու ձեզ, որ այսօրվանից ես դուրս եմ գալիս Հ. Յ. Դաշնակցության կազմից:

Անբարյացակամ ցույց մի՛ համարեք սա կուսակցության հանդեպ: Ես բաժանվում եմ կուսակցությունից խոր կսկիծը սրտիս մեջ, բաժանվում եմ, որովհետև ուրիշ կերպ վարվել չեմ կարող. իմ խղճի ու գիտակցության հրամայողական պահանջն է սա:

Բարևներով՝ Հովհ. Քաջազնունի

15 օգոստոս, 1923, Բուխարեստ

Հ. Գ. Այս հայտարարության պատճենը ներկայացնում եմ Կարպատների Մեկուսի Կոմիտեին, որի շրջանի մեջ գտնվում եմ այժմ:

Փոստին հանձնել եմ օգոստոսի 17-ին, հասցեն՝

Armenak Parseghian

43, Bd Dardoukoff

Sofia-Bulgarie

Աղբյուրը՝  Յետ մահու : Պատմուածքներ, յուշեր, յօդուածներ, նամակներ / Հ. Մ. Քաջազնունի; Պատր.՝ Ս. Վրացեան; Հրատ. Համազգային ընկերութեան կողմից Քաջազնունի, Հովհաննես Մաթևոսի, 1868-1938 | Վրացյան, Սիմոն Ղազարի, 1882-1969 [առաջաբ.]. Հրատարակիչ։ Պէյրութ : տպ. Մշակ, 1965