Ադրբեջանի նպատակն է Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի վրայով կապվել Թուրքիայի հետ

1046

Ալեքսանդր Խատիսյանի հեռագիրը դաշնակից պետությունների ներկայացուցիչներին

Հայաստանի արտգործնախարար Ա. Խատիսյանը հեռագրել է Բրիտանիայի գերագույն կոմիսար Ուորդրոպին, պատճենը՝ Դաշնակիցների գերագույն կոմիսար, գնդապետ Հասկելին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Նոնանքռուին, Իտալիայի ներկայացուցիչ, գնդապետ Գաբբային և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին հետևյալը

Երևան, 30 մարտ

Ի լրացումն իմ մարտ 28-ին ուղարկված թիվ 1920 հեռագրի, Ադրբեջանի կառավարության՝ Ղարաբաղի և Զանգեզուրի դեմ ձեռնարկած ընդհանուր առաջխաղացման առթիվ պատիվ ունեմ հաղորդելու լրացուցիչ տեղեկություններ, համաձայն որոնց ադրբեջանյան զորքերը և մահմեդականների զինված բանդաները առաջխաղալով Զանգեզուրի և Ղարաբաղի վրա, ամբողջ ճակատում ոչնչացնում են գյուղերը, հայ խաղաղ ազգաբնակությունը կոտորում-ջարդում:

Այս նախօրոք կանխագծված առաջխաղացման, որի մասին քանիցս ես Ձեզ հաղորդել եմ, նպատակն է հայկական Ղարրաբաղի և Զանգեզուրի ազգաբնակության զենքի ուժով զինաթափումը՝ հակառակ ազգաբնակության ցանկության և խաղաղարար կոնֆերանսի ցուցմունքներին և Լորդ Կըրզոնի վերջին հեռագրի:

Դաշնակիցների որոշումներին հակառակ գնալ չցանկացող Հայաստանի կառավարության խաղաղասիրությունից օգտվելով՝ Ադրբեջանի կառավարությունը ապրիլի 1-ին Թիֆլիսում անդրկովկասյան հանրապետությունների հրավիրվող կոնֆերանսի նախօրյակին ի կատար է ածում յուր մտադրությունը, որ թելադրված է թուրքերի կողմից՝ Ղարաբաղի և Զանգեզուրի 300 հազարանոց հայ ազգաբնակությունը ոչնչացնել և Նախիջևանի վրայով Թուրքիայի հետ կապվել, այսպիսով շրջապատելով Հայաստանը թուրք-թաթարական միատարր թշնամորեն տրամադրված օղակով:

Կիլիկիայի սարսափելի կոտորածներից հետո նույնպիսի վիճակ սպասում է նաև ոչ միայն Զանգեզուրի  ու Ղարաբաղի հայ ազգաբնակությանը, այլ բոլոր այն հայերին, որոնք ապրում են Բաքվում, Գանձակում և Ադրբեջանյան հանրապետության այլ տեղերում:

Հայկական կառավարությունը և հայ ժողովուրդը չի կարող անտարբեր վերաբերվել հայերի սիստեմատիկ ջարդի հանդեպ, բուռն կերպով բողոքում է Ադրբեջանի ձեռնարկած քայլերի դեմ  և խնդրում Ձեզ հանուն իրավունքի, արդարության և խաղարարար կոնֆերանսի հայտարարած սկզբունքների, ձեռնարկել եռանդուն և շտապ միջոցներ Ադրբեջանի ձեռնարկած առաջխաղացման առաջն առնելու համար և խոչընդոտ հանդիսանալու Ադրբեջանի ցանկությանը՝ Ղարաբաղի հարցը զենքով լուծելուն և այս ամենի մասին տեղեկացնել Ձեր կառավարությանը:

Նախարարապետ և արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսյան

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 69, ուրբաթ, 2 ապրիլ, 1920թ