Շուշիի ջարդերի առիթով Խատիսյանի հեռագիր-պատասխանը Խան Խոյսկուն. մարտ, 1920

2201

Անցքերը Ղարաբաղում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը ամսի 30-ին հետևյալ հեռագիր-պատասխանն է ուղղել Ադրբեջանի արտգործնախարար Խան Խոյսկուն.

Ի պատասխան Ձեր թիվ 2028 մարտի 28-ի հեռագրին, պատիվ ունեմ տեղեկացնելու Ձեզ, որ Ձեր ցուցմունքը Ղարաբաղում հայկական զորքեր լինելու մասին միանգամայն չի համապատասխանում ճշմարտությանը:

Հայկական և ոչ մի զորամաս, ոչ հետևակ, ոչ էլ հրետանի, Ղարաբաղում չկա: Ոչ մի օգնություն Նոր Բայազետի կամ այլ գավառներից Հայաստանի կառավարությունը չի ուղարկել, զորքի ոչ մի շարժում և նրանց թվական ուժեղացում չեն կատարել:

Ճիշտ հակառակ Ձեր հաղորդած տեղեկությունների, Ղարաբաղի հայ ազգաբնակության ադրբեջանյան զորքերի վրա հարձակման մասին՝ Հայաստանի կառավարությունն իր ձեռքի տակ ունի ճշգրիտ տեղեկություններ, որոնց համաձայն Ադրբեջանի կառավարությունը իր զորական կանոնավոր և անկանոն ուժերը կենտրոնացնելով, որով խախտվել է արդեն այն համաձայնությունը, որ կնքվել էր Ադրբեջանի և Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդի միջև անցյալ տարվա օգոստոսի 22-ին՝ Ղարաբաղի հայ ազգաբնակության ներկայացրել է մի վերջնագիր զինաթափման մասին և մարտի 20-ին ստանալով օրինական մերժում՝ սկսեց զենքի ուժով ազգաբնակության զինաթափումը, միաժամանակ բազմաթիվ ուղղություններով առաջխաղացումը հայկական Ղարաբաղի և Զանգեզուրի վրա:

Վերջին տեղեկությունների համաձայն, ադրբեջանյան զորքերը և զինված բանդաները ամբողջ ճակատի վրա առաջ խաղալով՝ ոչնչացնում են հայկական գյուղերը և կոտորում-ջարդում են խաղաղ հայ ազգաբնակությանը, ինչպես օրինակ դա եղել է Շուշի քաղաքում: Երկրի հասարակական հուզված կարծիքը Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերի առթիվ, կառավարությունից  պահանջում է, որ նա դիմի շտապ և վճռական միջոցների:

Իմ կառավարությունը վճռական կերպով բողոքելով Ադրբեջանի կառավարության կողմից օգոստոսի 22-ի կտրուկ խախտման և Ղարաբաղի հայ ազգաբնակության դեմ ագրեսիվ գործողությունների դեմ, հավատում է, որ դեպքերի ապագա զարգացումից խուսափելու համար Ադրբեջանի կառավարությունը կոնֆերանսի հրավիրման նախօրյակին, ուր պիտի վճռվեն բոլոր վիճելի խնդիրները, կհրաժարվի Ղարաբաղի խնդիրը ուժով լուծելուց, անմիջապես կդադարեցնի Ղարաբաղի դեմ սկսած առաջխաղացումը:

Արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյան

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, Երևան, թիվ 68, 1  ապրիլի, 1920թ