Բակո Սահակյան և Էդուարդ Աղաբեկյան. Արցախի նախագահի թեկնածուները

1693

Արցախի նախագահական ընտրություններում, գործող նախագահ Բակո Սահակյանից բացի, առաջադրվել է նաև խորհրդարանում մեծությամբ չորրորդ ուժի՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը, հաղորդում է Ազատությունը։

Աղաբեկյանը Ստեփանակերտի նախկին քաղաքապետն է։ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը։ Վերջինս նախորդ տարվա նոյեմբերին ստանձնեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Այս տարի փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Արցախում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ:

Նոր Սահմանադրությամբ, առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:

3 տարի տևող անցումային փուլի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգ է փոխվելու, կարգավորվելու է նոր իրավական դաշտը։ Դրանից հետո՝ արդեն 2020 թվականին, նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Խորհրդարանական երեք խոշոր խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, «Դաշնակցություն»-ը և «Ժողովրդավարություն»-ը պաշտպանում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Խորհրդարանի երեք խոշոր խմբակցությունների բոլոր 28 պատգամավորները քվեարկելու են գործող նախագահի օգտին։

Ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության 3 պատգամավորները կպաշտպանեն իրենց թեկնածուին՝ Էդուարդ Աղաբեկյանին։ Թեկնածու չի առաջադրել միայն մեկ պատգամավորական մանդատ ունեցող «Վերածնունդ» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Ազատությանը ասել է, որ առաջիկայում կքննարկեն՝ պաշտպանելու է Էդուարդ Աղաբեկյանի՞ն, թե՞ բոլորին դեմ կքվեարկիԼ

Այսօր Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարությամբ հանդես կգա և կհրապարակի նախագահի ընտրության օրը։