«Հաց բերողը» կարող էր «նոր հանցագործություն կատարել»․ Հայաստանի գլխավոր դատախազ

1915
People gathered in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group on Freedom Square

«Հաց բերողի» մահվանից 4 ամիս անց Գլխավոր դատախազը հայտարարում է, թե Արթուր Սարգսյանը կարող էր նոր հանցագործություն կատարել և նաև դա էր պատճառը, որ նա կրկին կալանավորվեց, հաղորդում է Ազատությունը:

«Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն անցած տարվա դեկտեմբերին ազատ արձակվեց, սակայն մոտ մեկ ամիս անց կրկին կալանավորվեց: Երկարատև հացադուլից հետո պատգամավորների երաշխավորմամբ կրկին ազատ արձակված «Հաց բերողը» 10 օր անց մահացավ:

«Գործով տվյալներ էին ստացվել նաև Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով հաղորդում Դատախազության 2016 թվականի գործունեության մասին:

Թե ինչ նոր հանցագործություն պետք է կատարեր բազմաթիվ հիվանդություններով տառապող Արթուր Սարգսյանը, Գլխավոր դատախազն այդպես էլ չմանրամասնեց, միայն շեշտեց, որ հանցագործություն կատարելու բարձր հավանականությունից բացի Սարգսյանը կրկին կալանավորվել էր, քանի որ պատշաճ ծանուցված լինելով հանդերձ՝ չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին: Բացի այդ, ըստ Գլխավոր դատախազի, վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ Արթուր Սարգսյանի ունեցած հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ:

«Առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց վերջնական եզրակացություն, որի համաձայն Արթուր Սարգսյանը տառապում էր համապատասխան հիվանդություններով, բայց այդ հիվանդությունները ամբողջապես չէին համապատասխանում Կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը»,- մանրամասնել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազն այսօր խորհրդարանի ամբիոնից հորդորել է չշահարկել Արթուր Սարգսյանի մահը, փորձելով ցույց տալ, թե նրա մահը կապ չունի կալանքի տակ գտնվելու հանգամանքի հետ: Արթուր Դավթյանը նշել է, թե չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, քանի որ մահվան հանգամանքով քրեական գործ է հարուցված, այնուամենայնիվ շեշտեց, թե քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո 5 օր շարունակ « Հաց բերողը» գտնվել է մասնագիտացված հիվանդանոցում․ «Հինգերորդ օրը առանց բժշկի թույլտվության դուրս է եկել հիվանդանոցից, դրանից հետո բացարձակապես այլ հիվանդությամբ, որը նրա կալանքի ընտրության հետ ոչ մի կապ չուներ, ուղղակի ցուցումով ենթարկվել է վիրահատության: Շարունակությունը մենք կունենանք հարուցված քրեական գործի արդյունքներով»:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/03/16/premier-karen-karapetyan-hac-berogh-arpine-hovhannisyan/

https://www.aniarc.am/2017/03/16/mher-arshakyan-hac-berogh-civilnet/