Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը

1820

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի մեկնաբանությունը Ինտերֆաքս լրատվական գործակալությանը հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված իրավիճակի շուրջ

– Պարոն նախարար, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հայկական կողմին մեղադրում է հոլիսի 4-ին խաղաղ բնակավայր արկակոծելու և քազաքացիական  անձանց սպանելու մեջ: Ձեր մեկնաբանությունը:

-Սկզբից ևեթ նշեմ, որ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ է պատասխան քայլերով սանձելու հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած սադրիչ գործողություն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը և դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ:

Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին:

Ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան: Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում և վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը:

Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան:

Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից:

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

Կարդալ նաև՝

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։

Համանախագահների հայտարարությունում նշվում է, որ իրենք տեղեկատվություն են ստացել նոր բռնությունների մասին հուլիսի 4-ի երեկոյան՝ Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղից, որը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։

«Երկարատև այս հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ուղին կողմերի բարի կամքի դրսևորումն է ու վերադառնալը բանակցությունների սեղանի շուրջ»,- ասված է հայտարարությունում։

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Ալխանլուն Վարանդայի`Ֆիզուլու ուղղությամբ է: Ալխանլուն ճակատային գյուղ է, գտնվում է Հորադիզից դեպի հյուսիսային ուղղության՝ Արաքս գետից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Ադրբեջանական Թուրան գործակալությունը հաղորդում է, որ հայկական կողմից կրակի հետևանքով «Ֆիզուլու շրջանի Ալխանլի գյուղում զոհվել են երկու տեղացիներ, ևս մեկը վիրավորվել է»:

Թուրանը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, նշում է, որ «զոհվել են 1967 թ ծնված Սահիբա Գուլիևան և 2015 թ ծնված Զահրա Գուլիևան, իսկ 1965 թ. ծնված Սարվինազ Գուլիևան վիրավորվել է»:

Ադրբեջանական կողմը կրակ է վարում TR 107 կայանքներից և պատասխան ստանում

Արցախի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ձայնագրություն, որում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը, հաղորդում է Արցախի ՊՆ-ն: