Սեբաստացի Վահագն (Գրիգոր Նալպանտեան)․ Եղիկ Ճէրէճեանի նոր գիրքը

1806

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Եղիկ Ճէրէճեանի նոր հատորը՝ նվիրված Սեբաստացի Վահագնին՝ Գրիգոր Նալբանդյանին։ Այն տպագրվել է 2017-ին, Բեյրութում և կրում է «Ս․ Վահագն (Գրիգոր Նալպանտեան)» խորագիրը։

Սա «Հրասիրտները» մատենաշարի երկրորդ գիրքն է, առաջինը՝ կրկին հեղինակությամբ Եղիկ Ճէրէճեանի՝ նվիրված էր «Մեծն Մուրադին»՝ Համբարձում Պոյաճեանին։

«Ս․ Վահագն (Գրիգոր Նալպանտեան)» գրքում հանգամանորեն ներկայացվել է հայ ազգային ազատագրական պայքարի գործիչներից մեկի մարտական երկարամյա ուղին և հասարակական-կուսակցական գործունեությունը։ Սա Գրիգոր Նալբանդյանի կյանքին (1872, Սեբաստիա-1953, Երևան) ու գործունեությանը նվիրված առաջին ամբողջական ուսումնասիրությունն է։

Հեղինակը ժամանակաշրջանի մամուլում Նալբանդյանի մասին եղած անդրադարձներից բացի գիտական շրջանառության մեջ է դրել արխիվային նյութեր Հայաստանի Ազգային և Բեյրութի Ս․ Դ․ Հնչակյան կուսակցության արխիվից։

Եղիկ Ճէրէճեանը ութ գրքերի, գիտական 13 հոդվածների, ավելի քան 100 գրախոսության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

1992-2009 թթ․, հաջորդական չորս անգամներ, ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ Բեյրութի շրջանից։ 1995-ից մաս է կազմում Ս․ Դ․ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության։