Անկախ Հայաստանի գրեթե երեք տասնամյակների պատմությունը, այդ թվում՝ քաղաքական, լի է բռնությունների ու ներքաղաքական ճգնաժամերի դեպքերով, որոնք ուղեկցվել են նաև սպանություններով։
Առաջին ամենալուրջ ցնցումը տեղի ունեցավ 1990-ի օգոստոսին, երբ Հայաստանը անկախության ճանապարհին էր։ Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խմբավորումը չէր ուզում ենթարկվել նույն տարվա մայիսին խորհրդարանական ընտրություններում հաղթած և իշխանության եկած Հայոց համազգային շարժմանը (ՀՀՇ)։
ՀԱԲ-ը զինաթափ եղավ։ Այդ դեպքերի հետ կապված կամ չկապված սպանվեցին Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյանը։ Այդ օրերին ՀՀՇ-ի ու հատկապես խորհրդարանի նախագահ ու երկրի փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը հնարավոր ամենաբարձր կետի վրա էր։ Նաև այդ պատճառով, որևէ մեկը, բացառությամբ ՀԱԲ-ի ու նրա ոչ մեծ թվով կողմնակիցների, չէին կարող աջակցել ՀԱԲ-ի՝ ՀՀՇ-ին ու Տեր-Պետրոսյանին չենթարկվելու ընդվզումը։ Այդ օրերին հայ քաղաքական բառապաշար ու լրատվամիջոցներ դեռ չէր մտել ահաբեկիչ, ահաբեկչություն տերմինը։
Առաջին անգամ այդ տերմինը ամենաբարձր մակարդակով օգտագործեց արդեն նախագահ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1992-1995 թվականներին՝ մեղադրելով այդ օրերի ամենաուժեղ և լայն ժողովրդայնություն վայելող ընդդիմությանը՝ ՀՅԴ-ին։ Նախ կուսակցության առաջնորդ Հրայր Մարուխյանը վտարվեց Հայաստանից 1992-ի ամռանը (ՀՅԴ Ընդհանուր ժողովը, որ առաջինը պիտի լիներ անկախ Հայաստանում 1919 թվականի աշնանը կայացած 9-րդ Ընդհանուր ժողովից հետո, այդպես էլ չկայացավ Հայրենիքում), ապա 1994-ին կուսակցության գործունեությունը կասեցվեց, իսկ ՀՅԴ-ական և համակիր լրատվամիջոցները ջարդուփշուր արվեցին։ Դաշնակցության դեմ տարվում էր երկու դատավարություն՝ «Դրո» և «Վահան Հովհաննիսյան+31»։
1994-ի վերջերին և 1995-ի սկզբին այսօր իշխանության գլուխ կանգնած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որ այն ժամանակ իշխող ՀՀՇ-ի կրտսեր գործընկերն էր, ՀՅԴ-ին մեղադրեց ահաբեկչության մեջ այն բանից հետո, եր ԱՄՆ Պետքարտուղարությունը կոշտ բառապաշարով դիմեց Հայաստանի իշխանություններին՝ վերջ տալու ընդդիմության նկատմամբ ճնշումներին։
1996-ին Հայաստանը ներքաշվեց ներքաղաքական նոր ճգնաժամի մեջ, երբ 1991-ին ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ին չընտրվեց (պաշտոնապես նա հաղթեց ընտրությունների առաջին փուլում)։ Ու նորից բռնություններ, իսկ իշխանական մամուլն ու իշխանությունների համար տառապող մտավորականությունը և անկախ ձևացող խմբագիրները կանգնել էին իշխանությունների կողքին, ինչպես այսօր, երբ դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» դեմ դատավարությունը։ Ամենից ապշեցնողն այն է, որ լրագրողներն ու լրատվամիջոցները, լինի «Սասնա ծռերի» կամ այլ դեպքեր (որոնք միմյանցից բացարձակապես տարբեր են և կարող են լինել տարբեր), շռայլորեն օգտագործում են ահաբեկիչներ ու ահաբեկչություն եզրը։
Իրականում, Հայաստանի պատմության մեջ ահաբեկչության մեկ դեպք է տեղի ունեցել՝ 1999-ի Հոկտեմբերի 27-ը։
Հոկտեմբերի 27-ից հետո ևս տեղի ունեցան ներքաղաքական բռնությունների ու ճգնաժամերի դեպքեր, սակայն դրանցից և ոչ մեկի դեպքում, ինչպես Հոկտեմբերի 27-ին նախորդած դեպքերում, ահաբեկչություն եզրի գործածումը, հատկապես լրագրողների ու լրատվամիջոցների կողմից, իմ կարծիքով, իրավիճակը բնորոշող ճիշտ և արդար ձևակերպումը չէ։ Հայոց լեզուն ընձեռում է շատ ավելի լայն հնարավորություններ։
2004-ի ապրիլյան բռնությունները, որոնց իրականացնողը Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն էր, ներքաղաքական դաժան պայքարի, ավելի ճիշտ՝ հերթական կեղծված կամ այդպիսին ընկալված ընտրությունների հետևանք էր։
2008-ի Մարտի 1-ը, որի իրականացնողը և պատասխանատուն հեռացող Ռոբերտ Քոչարյանի և եկող Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, մեծ հաշվով դարձյալ ներքաղաքական պայքարի ու կեղծված կամ այդպիսին ընկալված ընտրությունների հետևանք էր։
Իմ կարծիքով, մենք՝ լրագրողներս ու լրատվամիջոցները, նման դեպքերում, այսօր՝ «Սասնա ծռերի» պարագայում, պետք է փորձենք չօգտագործել բառեր ու արտահայտություններ, որոնք հակասում են լրագրության գրված ու չգրված կանոններին։
Եվ, ամենակարևորը, «Սասնա ծռերի» գործողությունը պետք է դնել համատեքստի մեջ, այն է՝ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, իշխանությունները փակել են սահմանադրական ճանապարհով իշխանափոխության բոլոր ճանապարհները, թողնելով միայն զենքը (այն էլ իրենց ձեռքում է), դատարանները, ինչպես 1991-ին, այսօր էլ Բաղրամյան 26-ի պատվեր կատարողներն են ու մի խոսքով՝ Հայաստանը իրավական պետություն չէ։
Թաթուլ Հակոբյան