Արցախյան պատերազմում և 1994-ի զինադադարից ի վեր Ադրբեջանը տվել է առնվազն 18 հազար զոհ

4517

Որքա՞ն զոհ է տվել Ադրբեջանը Արցախյան պատերազմում և 1994-ի զինադադարից ի վեր:

Առաջին անգամ Ադրբեջանը՝ Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը, պաշտոնապես 2014-ի հունվարին է ներկայացրել նման թիվ՝ 11.557 մարդ, որը վերաբերում է 1991-1994 թվականների ռազմական գործողությունների ընթացքում զոհերին:

Այդ նույն շրջանում՝ 2010-ական թթ., ադրբեջանցի հետազոտող Արիֆ Յունուսովը ևս ներկայացնում էր նմանատիպ թվեր՝ շուրջ 11 հազար զոհ և 30 հազար վիրավոր:

Ավելի վաղ՝ 1993 թվականի հոկտեմբերին, Բաքվում այցով գտնվող Իրանի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հետ հանդիպման ընթացքում Հեյդար Ալիևը ասել էր, որ Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմում տվել է 11 հազար զոհ և 25 հազար վիրավոր:

Հիշեցնենք, որ 1993-ի դեկտեմբերին Ադրբեջանը դիմեց նոր լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք շարունակվեցին շուրջ չորս ամիս, մինչև 1994-ի ապրիլի վերջերը: Ինչպես հայկական կողմերը, այնպես էլ ադրբեջանականը, այս շրջանում տվել են հազարավոր նոր զոհեր: Ադրբեջանական կողմից որևէ պաշտոնական թիվ հայտնի չէ, թե որքան է եղել նրանց զոհերի թիվը այդ չորս ամիսների ընթացքում: Մեր հաշվումներով, որոնք հիմնված են նաև ադրբեջանցի ռազմական փորձագետների հաշվարկների վրա, այդ շրջանում Ադրբեջանը տվել է շուրջ 5 հազար զոհ:

Այսպիսով, եթե վերցնենք Հեյդար Ալիևի՝ 1993-ին հոկտեմբերին նշած 11 հազարը և ավելացնենք դրան 5 հազար, ապա կստացվի 16 հազար զոհ 1991-1994 թվականների ընթացքում:

Կրկին 1993-ի աշնանը, Ադրբեջանի հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, Հեյդար Ալիևը նշեց, որ զոհերի թիվ 16 հազար է, իսկ վիրավորներինը՝ 22 հազար: 1993-ի դեկտեմբերի վերջին Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ, որտեղ տեղի ունեցավ նրա հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Ալիևը նոր թիվ ներկայացրեց՝ 18 հազար զոհ և 50 հազար վիրավոր: Իսկ երբ 1994-ի մայիսին հաստատվեց զինադադար, Ալիևը դրանից անմիջապես հետո զոհերի նոր թիվ նշեց՝ 21 հազար:

Իսկ որքա՞ն զոհ է տվել Ադրբեջանը 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը նման թվեր չի հրապարակում: 2016-ի ապրիլյան պատերազմում պաշտոնապես Ադրբեջանը ներկայացրեց ընդամենը մի քանի տասնյակ զոհի անուն, մինչդեռ ըստ միջազգային տարբեր կազմակերպությունների տվյալների, Ադրբեջանի զոհերի թիվը 200-ի սահմաններում է:

Եթե հաշվենք տարեկան միջինը 100 զոհ 1994-ի զինադադարից ի վեր, ապա Ադրբեջանը «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» ժամանակահատվածում պիտի տված լինի շուրջ 2500 զոհ:

Ամեն տարի Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ներկայացնում է նաև ղարաբաղյան պատերազմում անհետ կորածների ցուցակը՝ ավելի քան 3700 անուն:

Թեև անհետ կորածներին, անկախ ազգությունից, կոռեկտ չէ և բարոյական չէ դասել զոհերի շարքում, ակնհայտ է, որ պատերազմի ավարտից 23 տարի անց գրեթե բացառվում է, որ նրանք ողջ լինեն: Հետևաբար, Ադրբեջանի զոհերի թիվը պետք է ավելացնել ևս 3700-ով:

Եթե որպես հիմք ընդունենք 2014-ին Ադրբեջանի ներկայացրած պաշտոնական թիվը զոհերի մասին՝ 11.557, ավելացնենք 3700-ը և 1994-ից ի վեր զոհերը Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Նախիջևան հատվածներում՝ 2500, ապա ընդհանուր թիվը կկազմի շուրջ 18 հազար:

Բայց, դատելով Ադրբեջանի կողմից տարբեր ժամանակներում ներկայացված այլ տվյալներից, կարող ենք ասել, որ 18 հազար թիվը, ամենայն հավանականությամբ, նվազեցված է:

Իսկ թե որքան է Ադրբեջանի կորուստների իրական թիվը, կարող են տալ միայն Բաքվի իշխանությունները:

Մեր հաշվարկներով՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայկական կողմերի՝ Արցախի և Հայաստանի զոհերի ընդհանուր թիվը 9700 է, որի մեջ ներառված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ՝ քաղաքացիական բնակչության կորուստների թիվը:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի հետ, 1993թ. դեկտեմբեր: ԱՊՀ այս գագաթաժողովում Ալիևը ներկայացրեց Ադրբեջանի կողմից կորուստների թիվը՝ 18 հազար զոհ և 50 հազար վիրավոր:

Կարդալ նաև՝

Արցախյան պատերազմում և 1994-ից ի վեր հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը՝ 9.700