Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի (http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:
Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:
Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:
«Ժողովրդական թերթիկ», 1916 թվական, հունվար
Ռուս-օսմանյան պատերազմի ազդարարումից հետո, Թիֆլիսում հայ հասարակական գործիչների մի խմբի մոտ միտք ծագեց` Օսմանյան կայսրության դեմ ակտիվ գործողությունների համար ջոկատներ հավաքագրել: Վստահ էին, որ գերագույն իշխանությունն այս մտքին կվերաբերվեր կարեկցանքով: Շուտով կամավորների ջոկատներ կազմվեցին և պատերազմի սկսվելուց սկսած ակտիվ գործողություններ ծավալեցին: Օսմանյան հայերն իրենց հերթին, պատերազմը սկսելուց առաջ որոշակի դիրքորոշում բռնեցին եւ համակրում էին Ռուսաստանին: Վան քաղաքի հայությունը զինվելով՝ օսմանյան բանակին չթողեց մտնել քաղաք: Սա հայերի ողբերգական դրամայի նախերգանքն էր, որը` նախ Վանում, այնուհետև ամբողջ Օսմանյան կայսրությունում շուռ եկավ նրանց դեմ: Սակայն, ռուսական բանակի առաջընթացը Վանի ուղղությամբ հույս էր ստեղծում, որ անկասելի ապստամբությունը կպայթի և Վանի հայությունը կփրկվի արյունահեղությունից:
Օսմանյան բանակի ղեկավար Ջևեդ փաշան Վանի հայերին առաջարկում էր իրենց փոխանցել 1000 դասալիք զինվորի: Հայերը բոլոր պահանջներին բացասական պատասխան են տվել օսմանցիներին: Ջևեդ փաշան՝ իմանալով ռուսական բանակի մոտեցման մասին, Վանից հրաժարվեց եւ ապա ռուսները գրավեցին Վանը: Սակայն, ռուսական բանակը երկար ժամանակ չզբաղեցրեց Վանը, շուտով հեռացավ: Հայերի առջև հարց բարձրացավ. կամ` ռուսական բանակի հետ հեռանալ Վանի վիլայեթից, կամ` մնալ տեղում և վտանգի տակ դնելով գոյությունը, քանի որ օսմանացիների մոլեռանդությունն անպատիժ չէր թողնի նրանց արարքը: Եւ իսկապես, ովքեր ռուսական բանակի հետ չէր հասցրել հեռանալ Օսմանյան կայսրությունից, դարձել էր կայսրության զոհը: Օսմանյան ամբողջ կայսրությունով մեկ սկիզբ առած հայերի կոտորածը հայտնի է և չենք անդրադառնա այդ իրողության նկարագրմանը: Դա մեր նպատակը չէ: Մենք կփորձենք պարզել հայերի կոտորածի պատճառները և ընթերցողին ծանոթացնել այս հարցի վերաբերյալ հայերի տարբեր տեսակետերին:
Մի մասն այն մտքին է, թե հայերի կոտորածն Օսմանյան կայսրությունում կովկասյան հայերի կողմից կամավորական ջոկատներ հավաքագրելու հետևանքն է: Եթե դա չլիներ, հնարավոր է այս ահարկու արյունահեղության վկաները չդառնայինք: Այս մտքին դեմ հայ հասարակության մի խումբն այլ կարծիք է հայտնում: Նրանք ասում են, որ հայերի կոտորածը միևնույն է տեղի էր ունենալու, չնայած նրան, թե ինչ դիրքորոշում կբռներ կովկասահայությունը:
Այս հարցի շուրջ շատ մտքեր են տարածվում հայկական մամուլում: Հարցի վերաբերյալ «Հորիզոն» թերթում հրապարակվում էր Բ. Վարանդյանի նամակների մի ամբողջ շարք: Դեռևս պատերազմն սկսելուց առաջ, Եվրոպայի դիվանագիտության հովանավորությամբ Հայաստանում նշանակվել է երկու գեներալ-տեսուչ, որպեսզի բարեփոխումներ իրականացվեն և վիլայեթները կարգի բերվեն: Մեկ գեներալ-տեսուչ արդեն սկսել է իր առաքելությունը:
Եվրոպայի պատերազմի սկիզբը, անկասկած, նման գործեր իրականացնելու համար սահմանափակումներ է դրել` օսմանցիներն ազատել են տեսուչներին: «Հորիզոն»-ի կարծիքով, Եվրոպայի դիվանագիտության խառնվելը Հայաստանի հարցերում և բարեփոխումների իրականացման փաստը օսմանյան կառավարության շրջաններում հաստատել է այն միտքը, որ «Օսմանյան կայսրության պետականության զարգացմանը խոչընդոտում են քրիստոնեական տարրերը և դրա պատճառով Օսմանյան կայսրությունն իր ապագան պետք է կառուցի Իսլամի և թուրք-թաթարական տարրերի հզորացմամբ»: «Հորիզոն»-ը մեզ պատմում է Օսմանյան կայսրության կառավարության հզորացման մասին, որն ուղղված է դեպի ազգային արտադրության վերածննդին և ինքնագիտակցության ամրապնդմանը:
Դրա հետ մեկտեղ, «Հորիզոն»-ը նշում է, որ Օսմանյան կայսրությունում սկսվում է հայերի և հույների հետապնդում, որը հետագայում վերաճել է արյունահեղության. հայերին և հույներին առևտրի ոլորտում բոյկոտում են: Թերթի փոխանցմամբ, այսպիսին են եղել զարգացումները մինչև պատերազմ, երբ սկսվել է երիտթուրքերի և դաշնակցության միջև բանակցություններ` ռուս-թուրքական պատերազմում հայերի դերի մասին:
Բանակցությունները տեղի էին ունենում Էրզրում քաղաքում, 1916 թվականի ամռանը: Այս ժամանակ տեղի է ունեցել Դաշնակցություն կուսակցության համագումարը: Երիտթուրքերի կողմից բանակցություններին մասնակցում էին` Նաջի-բեյը, Խալիլ-բեյը և Շաքիր-բեյը: Դաշնակցության կողմից` Վարանդյանը, Անկնունին և Ռ-ն: Վերջիններս հայտարարել են. եթե պատերազմ սկսվեց, կուսակցությունը չեզոք կլինի, իսկ պայքարող պետությունների հայերը կիրականացնեն երաշխավորի պարտականությունները: Դրա հետ մեկտեղ, Դաշնակցության ներկայացուցիչները զգուշացնում էին երիտթուրքերին` չներգրավվել պատերազմի արկածախնդրության մեջ, որը սկիզբ կդնի Օսմանյան կայսրության մասնատմանը: Ի պատասխան երիտթուրքերի ներկայացուցիչներից մեկը ասել է, որ նման տեսակետը ռուսամետություն է և օսմանցիների համար վտանգ հայերի կողմից:
Բ. Վարդանյանի խոսքերով, երիտթուրքերը թույլ են տվել Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներին ապստամբություն բարձրացնել կովկասյան հայերի շրջանում, որպեսզի օգնություն ցուցաբերեն օսմանցիների ռազմական գործողություններին: Նրանք ասել են, թե Կովկասի բոլոր այլ ազգերը համաձայնել են դավաճանել ռուսներին:
Երիտթուրքերի ներկայացուցիչների ծրագիրը Կովկասի ապագա քաղաքական քարտեզի վերաբերյալ, որի համաձայն բնակիչները կունենան անկախ ինքնավար կառավարություն Օսմանյան կայսրության իշխանության տակ: Նրանց ծրագրի համաձայն` հայերի, մահմեդականների և վրացիների միջև կովկասյան կրթությունը բաժանված կլինի նրանց էթնիկ բնակության վայրի համաձայն:
Վրացիներին են տալիս Քութայիսի և Թիֆլիսի գուբերնիաները, Բաթումիի շրջանը և Տրապիզոնի վիլայեթի մի մասը: Դաղստանի լեռնային տարածքները մինչև Կովկաս, Բաքվի գուբերնիան և Գյանջայի գուբերնիայի մի մասը` մահմեդականներին: Կարսի նահանգը, Էրևանի գուբերնիան, Գյանջայի գուբերնիայի մյուս մասը, Վանի նահանգը, Բիթլիսի ու Էրզրումի վիլայեթների մի մասը տալիս են հայերին: Երբ երիտթուրքերը մերժում ստացան Դաշնակցությունից Էրզրումից ուղևորվեցին Վան, որպեսզի համաձայնության գան Վանի կոմիտեի հետ: Նրանք այնտեղ նույնպես չհասան իրենց նպատակին: Օսմանյան կայսրության հայերը հստակ հրաժարվեցին Կովկասում հայերի ապստամբությունից և օսմանյան կառավարությանն ակտիվորեն օգնություն ցուցաբերելուց:
«Հորիզոն»-ը այս բանակցություններում տեսնում է օսմանցի քաղաքական մաքիավելիզմ և հարմար դիվանագիտական խաղ: Ասում են` նրանց նպատակը պարզ է. օսմանցիները ցանկացել են հայերին ինչ -որ կերպ դավաճաններ հայտարարել, որպեսզի կոտորեն նրանց, և եթե կարողանան հայերին ծուղակը գցել և նրանց շրջանում առաջացնել Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրություններ, նրանց նպատակը միևնույն է, կիրականանանար, իսկ Ռուսաստանը այնուհետեւ կզբաղվեր իր դավաճանների հարցով:
Հայերի կոտորածի վերաբերյալ նման տեսանկյուն ունի «Հորիզոն» թերթը: Վարանդյանի կարծիքով, հայ ազգի դրաման նախապատրաստված է եղել օսմանցիների կողմից և բոլոր բանակցություններն ու դիվանագիտական խաղերը պարզ ցույց են տվել ճիզվիտական կոլորիտը: Օսմանյան հայերը կարծում էին, թե ռուսական բանակը շուտով կհարձակվի Հայաստանի վրա` հասնելով օսմանական մոլեռանդության սահմանին, սակայն իրողություններն այլ էին… Օսմանյան Հայաստանը ոչնչացված է, իսկ բնակչությունը գրեթե ամբողջությամբ կոտորված:
Այժմ ծանոթանանք հարցի շուրջ այլ տեսակետների:
Թիֆլիսում հրատարակվում է «Վան տոսպ» թերթը, որի ղեկավարները օսմանյան հայերն են: Այս թերթը լիովին այլ կերպ է ներկայացնում զարգացումները և հայ ժողովրդի դժբախտությունների մեջ մեղադրում է Դաշնակցություն կուսակցությանը: Իմիջիայլոց, պրոֆեսոր Մինասյանը պատմում է Հայաստանի հարցի վերաբերյալ Եվրոպա պատվիրակության ուղարկման պատմությունը և դրանում տեսնում է Դաշնակցություն կուսակցության կողմից` Օսմանյան Հայաստանի քաղաքական ճակատագրի վերաբերյալ որոշումներ ընդունելու մենաշնորհ ունենալու մոտեցում:
Մինասյանն անդրադառնում է կովկասյան հայերի կամավորական ջոկատների կազմավորմանը ինչը` ըտ նրա, դեր է խաղացել հայերի կոտորածում: Անհատների հրավերով գործը ստանձնում է այն կազմակերպությունը, որն առանց հարցնելու իրեն կոչել է «Ազգային բյուրո», նշում է Մինասյանը: Ջոկատներ կազմավորելու վերաբերյալ ժողովներ են տեղի ունենում: Կեղծ լուրեր են տարածվում, թե հայերին ինքնավարություն են խոստացել, կուսակցության բոլոր ուժերը սկսել են գործել, որոնք իրենց կամքով Ստամբուլում դիվանագիտական բանակցություններ են վարել Հայաստանի հարցի վերաբերյալ և որն անպատիժ է մնացել: Թիֆլիսում մի քանի մարդ որոշել է կազմավորել կամավորների ջոկատներ: Այս որոշումներում կամայականությունների, հանցագործությամբ լի բանսարկությունների և ներդաշնակության պակասի մի ողջ պատմություն է թաքնված: Մի պահ մտածեք և եթե շատ չի զայրացնի այն փոքրաթիվ խմբի գործունեությունը, որը հայ կաթողիկոսի կամքին հակառակ, առանց համաձայնեցնելու հայկական առաքելության ղեկավար Պողոս-Նուբար Փաշայի հետ, օսմանյան հայերի կարծիքը հաշվի չառնելով, որոշել է հայ ազգի հարցը:
Այս մարդիկ, որ հայ ժողովրդի ճակատագրով է հիանում, չլսեց այն խնդրանքները, որ մեկ անգամ գոնե իրենց ժողովներին հրավիրեն Ստամբուլի ազգային ժողովի ղեկավարի ընկերոջը և պատվիրակության ղեկավարին, ով բազմաթիվ անգամներ նախազգուշական խորհուրդներ պիտի տար, չցանկացավ լսել Վանի և այլ դաշնակցականների կարծիքը, ովքեր զգուշացնում էին՝ քայլ չանել, ջոկատներ չկազմել, այլապես դա կլիկնի հայ ժողովրդի վերջը: Սակայն խնդրանքն ու խորհուրդները չհասան նույնիսկ օսմանյան հայ հեղափոխականներին, հնարավոր չեղավ գիտակցություն ստեղծել Թիֆլիսում հանգրվանող մի փոքր խմբի շրջանում:
Դիվանագիտություն անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ երբ ջոկատների կազմավորումն արդեն իրողություն էր, Նուբար Փաշայի մի քանի տողը և կաթողիկոսի օրհնությունը արդարացված փաստաթուղթ չէր կարող լինել ջոկատների հրամանատարների համար: Ժամանակը կգա եւ կպարզենք հայերի կոտորածի պատճառները և այն, թե ով է պատասխանատու նրանց ճակատագրի համար: Վերոնշյալից ելնելով, մենք մեզ իրավունք ենք վերապահում հայտարարել, որ մեր առջև կանգնած է փոքր խումբ, որն առանց որևէ մեկի հարցնելու` վտանգավոր արկածախնդրություն է սարքել, որն անամոթաբար խախտել է ամենայն հայոց կաթողիկոսի և հայ ժողովրդի վստահությունն ունեցող առաքելության իրավունքները, որպեսզի ստանձնի ազգային մեծ կարևորություն ունեցող գործի պատասխանատվությունը: Այս ծանր մեղադրանքը դեռևս չեն խախտել հայ ազգային բյուրոն և «Հորիզոն»-ի խմբագրությունը:
Այսպիսին են Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման պատճառների մասին երկու տեսակետները։Ապացուցված փաստաթուղթ, թե օսմանյան ղեկավար շրջաններում ինչ խառնաշփոթ է առաջացրել հայերի կամավորական ջոկատների կազմավորումը, համարվում են Ջևիդ փաշայի գերազանց խոսքերը: Ջևիդ փաշան Վանում հայերի հետ բանակցությունների ժամանակ ասել է. «Ռուսների գերիները մեր ոտքերի տակ են հայտնվում, իսկ հայ կամավորականների գերիները մեր սիրտն են կոտրում»:
Հատկանշական է նաև որոշ թերթերի տարօրինակ պահվածքը («Մշակ» և «Ովիվա»), որոնք նախ կարեկցում էին և աջակցում ջոկատների կազմավորմանը, իսկ հիմա հանդես են գալիս Դաշնակցություն կուսակցության դեմ` նրան վերագրելով հայ ժողովրդի գլխին եկած դժբախտությունները: