Էջմիածնում 27 հազար հայ փախստական, օրական մահանում է մոտ 300 մարդ. 1916 թվական

1598

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Այս շարքի նախորդ մասը կարդալ այստեղ
_______________________

Վրաստան 1916/01/3 # 2

Աքսորված որբեր

Ստացված տեղեկությունների համաձայն` Վանից 70  որբ երեխա է գալիս, որոնց պետք է տեղավորել մայրաքաղաքում։

Վրաստան 1916/01/3 #2

Հայերի կյանքը

Անցյալ տարի հայերը ահռելի դժվարություններ են ունեցել: Օսմանյան կայսրությունում կոտորվել է ավելի քան 800 հազար հայ: Հայերի մի մեծ մասն ապաստան է գտել Կովկասում: Նախորդ տարի Օսմանյան կայսրությունում կոտորածի դեմ հայերը ստիպեցին խոսել Անգլիային, Ամերիկային և բազմաթիվ այլ պետությունների: Անգլիայում փախստականներին օգնելու նպատակով նույնիսկ գումար սկսեցին հավաքել: Ընդհանրապես այսօր փախստական հայերի վիճակը սփոփիչ չէ, նրանց օգնելու նպատակով տարբեր տեղերից բարեգործություններ են ստացվում:

Այժմ, հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է Պարսկաստանի վրա, որտեղ հայ բնակիչներին վտանգ է սպառնում և որտեղից հայերն արդեն սկսել են փախչել: Օսմանյան կայսրության բոլոր վիլայեթներում հայերի ապստամբությունները կասեցվել են և առայժմ բոլոր վայրերում հայերը պարտված են:

Բաքվի վրացի բանվորները հայ փախստականների համար 27 մանեթ են ուղարկել: Մինչ օրս Կովկասում ապաստան է գտել 300 հազար հայ: 20 հազար հայ ճողոպրել է Պարսկաստան:

Վրաստան 1916/01/3 #2

Ուրմիայից «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ վերջին շաբաթվա ընթացքում այնտեղ սպանվել է 7 ասորի: Հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, կարող ենք ենթադրել, որ սպանություններն իրականացրել է միևնույն կազմակերպությունը: Ենթադրաբար, այս կազմակերպությունը պատկանում է Պարսկաստանի ահաբեկիչներին: Դրանք, հավանաբար,  պետք է որ նպատակ ունենան քրիստոնյաների նկատմամբ այնպիսի վերաբերմունք ցուցաբերել, ինչպիսին ցուցաբերել են Ռուսաստանի հանդեպ: Մարդասպաններից որևէ մեկը չի ձերբակալվել:

«Հայկական տնտեսական հասարակության» ղեկավար Սաակովը դեկտեմբերի 31-ին Կովկասում  համայնքապետի գործերի կարգավորման հոգաբարձու պարոն Շաշկովսկիին խնդրել է, որպեսզի վերջինս արագացնի հայկական գյուղերի սովյալ բնակիչների համար ալյուր ստացող «վերակացուների» նշանակելը:

Քաղաքների միության հոգեբարձու Ա. Աթանեսյանցի փոխանցած վերջին տեղեկությունների համաձայն, Կովկասում այժմ 164 հազար փախստական կա: Նրանցից 100 հազար 716-ն ապրում է Երևանի գուբերնիայում, Գյանջայում՝ 11.840, Թբիլիսիի նահանգում՝ 7660, իսկ  Թբիլիսիում՝1360: Ղարսի նահանգում 11 հազար փախստական է ապաստան գտել, Բաքվի գուբերնիայում՝ 900, իսկ Ալաշկերտի մոտակայքում՝ 12 հազար:

Ժողովրդական թերթիկ 1916/01/4 #470

Մեր հարևանները.

Քաղաքների միության հոգեբարձու Ա. Աթանեսյանցի տեղեկությամբ, Կովկասում այժմ 164 հազար փախստական կա: Նրանցից 100.716-ն ապրում է Երևանի գուբերնիայում, Գյանջայում՝ 11.840, Թբիլիսիի նահանգում՝ 7660, իսկ քաղաք Թբիլիսիում՝ 1360: Ղարսի նահանգում 11 հազար փախստական է ապաստան գտել, Բաքվի գուբերնիայում՝ 900, իսկ Ալաշկերտի մոտակայքում՝ 12 հազար:

Վրաստան 1916/01/5 #3

Հայերի կյանքը

Վանից 60 հայ որբ փախստական երեխա են ուղարկել: Մուշում ձերբակալել են մի քանի հայտնի հայերի: Նոդանում 3 հայ է սպանվել:

Ժողովրդական թերթիկ 1916/01/5 #471

Մեր հարևանները. հայերի միջև

Ջեբրաիլից «Հորիզոն»-ին գրում են. այս օրերին Ջեբրաիլում խառնաշփոթ է եղել, քանի որ լուրեր են տարածվել, թե Բեուք խանի գյուղից դեպի Ռուսաստանի սահման են ուղևորվել 7-8 հազար թուրք: Սակայն, ավելի ուշ իրավիճակը խաղաղվել է և ժողովուրդը հանգստացել է: Տեղի է ունեցել հետևյալը. Կարադախյան խաներն արդեն 3 ամիս է (Կարադախը մեզ սահմանակից Պարսկաստանի գավառ է) իրար հետ թշնամություն են անում և կոտորում են անմեղ բնակիչների: Միմյանց նկատմամբ առավել սաստիկ թշնամաբար են տրամադրված Արշադ-խանը և Բեուք-խանը:

Վերջին ժամանակաշրջանում Արշադ-խանը հաղթել է Բեուք-խանին և վերջինս ապաստանել է լեռներում: Արշադը վրեժ լուծելու համար քարուքանդ է անում Բեուքի գյուղերը և, իմիջիայլոց, քանդել է նաև Բեուքի տունը: Բնակիչներն Արշադից վրեժ ակնկալելով փախել են Արաքս գետի ափ և կղզիներ. նրանք անտանելի վիճակում են գտնվում: Հենց այդ օրերին լուրեր տարածվեցին, որ Բեուք-խանը հավաքել է 800 մարտիկ և հարձակվել Արշադի վրա: Ահա թե ինչն էր վախ առաջացրել: Բեուք-խանը հայտնի ռեակցիոներ Ռահիմ-խանի որդին է և նա  միակ ազդեցիկ խանն է, ով օսմանական բանակին դիմավորելու և միևնույն ժամանակ Ռուսաստանի կառավարությանը օգնություն էր խոստանում: Նա օսմանցիների քարոզն էր անում Ջեբրաիլի մարզում:

Թավրիզից «Մշակ»-ին գրում են. թուրքերը նորից հայտնվել են Սոուջ-Բուլաղ գյուղում և նրանց միացել են նաև այս շրջանի թուրքերը: Կանոնավոր բանակի թիվը մոտ 5 հազար է, ոչ կանոնավորինը` 6 հազար: Դրանք ղեկավարում է 12 գերմանացի սպա, ունեն 8 թնդանոթ: Բացի դրանից, Պարսկաստանում 30 հազար թուրք է ապրում, որոնք պատրաստվում են արշավել դեպի Թավրիզ, սակայն, քանի որ երկաթգիծը հասնում է մինչև Շարափխամ և ռուսներն Ուրմիա լճում 4 նավ ունեն, ինչով ցանկացած պահին կարող են բանակը տեղափոխել Սուսուխ, չեն դիմում այդ քայլին: Բացի դրանից, Մարագում, Ջուլֆայում, Մարադանում և Սոֆիայում ռուսական զորք կա: Կասկած չկա, որ եթե քրդերն ու օսմանցիները արշավեն Թավրիզի վրա` պարտություն կկրեն:

Պարսիկ վաճառականները, ովքեր Սոուջ-Բուլախից Թավրիզ են եկել, մեզ փոխանցեցին, որ թուրքերը սպառնում են` հենց հասնենք Թավրիզ, հայերին կկոտորենք:

Վրաստան 1916/01/#4

Հայ փախստականները

Ինչպես տեղեկացնում է բժիշկ Օգանջանովը, այժմ Էջմիածնում 27 հազար հայ փախստական է բնակվում: Սակայն, նրանց տունը անտառն ու դաշտավայրն է, իսկ անկողինը` խոնավ հողը: Դրա պատճառով հիվանդությունները շատացել են: Օգանջանովի խոսքերով, օրական մահանում է մոտ 300 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ: Խոստացած հիվանդանոցներն ու այլ օգնությունը դեռևս չի երևում: Էջմիածնից Դոլյար են ուղարկել 1.400 հոգի, սակայն հազարավոր կարիքների պատճառով ճանապարհին զոհեր են լինում:

Վրաստան 1916/01 #4

Հայերի կյանքը

Բիթլիսում երկու հայ հոգեւորական են ձերբակալել և բանտ ուղարկել: Հայկական «Վան-թոսփ»-ը մեծ ափսոսանքով հիշատակում է այսօր հայ ժողովրդի գլխին հասած դժբախտությունները, և քննադատում հայ գործիչներին, առ այն, որ վերջիններս խորհուրդներ չեն տալիս իրենց հայրենակիցներին գործողություններ իրականացնելիս:

Ամերիկայից Մոսկվա է եկել ամերիկացի պատգամավոր, ով հայ փախստականների համար հավաքած գումար է բերել: Հայ որբ փախստականների մեծ մասին տեղավորել են Կրծանիսիում բացված ապաստանում:

Վրաստան 1916/01/#5

Հայերի կյանքը

Վանում այժմ 1700 մարդ է բնակվում: Ընդհանուր առմամբ, այստեղ փախստականները սննդի և անհրաժեշտ պարագաների տեսանկյունից լավ պայմաններում են:

Վանում իր աշխատանքն է շարունակում Տեր-Ավետիսյանը, ով ուղարկվել է Ն. Մառի կողմից` հնագիտական հուշարձանները պահպանելու համար: Մոսկվայի հայ փախստականներին և պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերող հանձնաժողովն ամերիկացի պատգամավորից արդեն ստացել է Ամերիկայում հավաքված գումարը: Ստամբուլում փակել են հայկական բոլոր հրատարակությունները:

Վրաստան 1916/01/9 #6

Ինչպես տեղեկացնում են «Մշակ»-ին, Վանում այժմ 1317 մարդ է գտնվում, իսկ գավառում՝ 5.500, ովքեր կարոտ են մի պատառ հացի։

Վրաստան 1916/01/9 #6

“Ран. утро” թերթի Ամանորյա համարում հրապարակվել է ոմն Գ.Արշումյանի նամակը հետևյալ վերնագրով. «Արյունալի պատերազմը մեծ սարսափ է առաջացրել»: Սակայն բոլոր սարսափների մեջ հատուկ տպավորություն է թողել մի քանի միլիոնանոց ազգի անհետացումն ու ոչնչացումը Օսմանյան կայսրությունում: Դա հայ ազգն է:  Ի՞նչ կարող եմ ես մաղթել հայերին 1916 թ.: Ես ցանկանում եմ, -ասում է Գ. Արշունյանը, Օսմանյան կայսրության ամբողջական ոչնչացում և արտաքսում Եվրոպայի սահմաններից, քանի որ նրանց բնակատեղին այստեղ չէ: