Իմ բացատրությունը Հայաստանի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում

1901

Այսօր, մայիսի 30-ի առավոտյան, ես այցելեցի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, որտեղ գրավոր բացատրություն տվեցի այն մասին, որ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, որի համակարգողն եմ հիմնադրման օրվանից՝ 2014-ի նոյեմբերի 11-ից, բարեգործական կազմակերպություն չէ, որևէ հիվանդ երեխայի օգնելու նպատակով երբևիցե չի զանգահարել Հայաստանի քաղաքացիների և այդ նպատակով նրանցից 500-ից 700 դրամ չի խնդրել։

Երեկ երեկոյան Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ինձ զանգահարել էին և տեղեկացրել, որ ԱՆԻ բարեգործական հիմնադրամի անունով ինչ-որ մեկը անհանգստացրել է ոմն քաղաքացու և նրանից գումար խնդրել։ Քաղաքացին դիմել է Ոստիկանություն։

Ամիսներ առաջ ես, ինչպես նաև ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթը գրել են, որ Երեւանում խարդախների մի խումբ է հայտնվել, որոնք զանգում են բնակիչներին եւ բարեգործական նպատակներով գումար են խնդրում՝ իբր էպիլեպսիայով կամ այլ հիվանդությամբ տառապող հիվանդի համար։

Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մի շարք քաղաքացիներ, բացառապես Երևանի բնակիչներ, զանգահարել են Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն և տեղեկացրել, որ անհայտ անձինք զանգահարել են իրենց բնակարաններ և ԱՆԻ կենտրոնի անունից գումարներ խնդրել տարբեր մարդասիրական ծրագրերի, հիվանդ երեխայի բուժման, զոհված ազատամարտիկի ընտանիքնին օգնելու և նմանօրինակ այլ նպատակների համար:

Այդ քաղաքացիներից մի քանիսը անմիջապես զանգել են ԱՆԻ կենտրոն և ճշտել՝ արդյոք իրենց զանգահարողները իրավամբ ԱՆԻ-ի աշխատողներ ե՞ն: Մի քանի դեպքերում քաղաքացիները խոստացել և տրամադրել են որոշակի գումար, որը չի գերազանցել 1000 դրամի սահմանը, և ապա զանգահարել ԱՆԻ կենտրոն՝ ստուգելու, արդյոք իրենց գումարը տե՞ղ է հասել:

Հարգելի քաղաքացիներ, հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ԱՆԻ կենտրոնը չի զբաղվում բարեգործությամբ, իր գործունեության 2․5 տարիների ընթացքում բացառապես զբաղվում է հայկական ուսումնասիրություններով, 500 դրամով կամ որևէ այլ գումարով քաղաքացիներից գումարներ չի հանգանակում: Մեր կենտրոնին անգամ 1 դոլար տրամադրող քաղաքացիների և կազմակերպությունների անունները դրված են ԱՆԻ-ի կայքում։

Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանում՝ պետռեգիստրում, ԱՆԻ հասարակական կազմակերպություն կամ ԱՆԻ բարեգործական հիմնադրամ, որի անունից խարդախները քաղաքացիներից փող են շորթում, գրանցված չէ։

Գրանցված է կենտրոն՝ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, որը զբաղվում է հայագիտական ուսումնասիրություններով։

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոնի համակարգող

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/06/30/ani-friends-30-june-2015/

Contact US

«Անի» ՀԿ-ի անվան տակ գումար են շորթում. «Հրապարակ»