Որեւէ մէկը մեզի համար լաւ Հայաստան չի կերտելու, մենք պէտք է կերտենք

972

Թաթուլ Յակոբեան խմբագրատանս մէջ, Մոնթրեալ, Գանատա

– Թաթուլ Յակոբեան, դուք ծանօթ էք որպէս հակամարտութիւններու հարցերու փորձագէտ  եւ յատկապէս հայ-թրքական յարաբերութիւններու  -եւ Արցախի հակամարտութեան հարցերով: Հաճեցէք մեր ընթերցողներուն հակիրճ կերպով ներկայացնել ձեր կենսագրականը եւ մասնաւորաբար՝ ե՞րբ եւ ի՞նչպէս մուտք գործեցիք այս ասպարէզին մէջ, որ դուք աւելի առաքելութիւն կը նկատէք քան որեւէ այլ բան:

– Ծնուել եմ Հայաստանի Տաւուշի մարզի Տովեղ գիւղում: Հակամարտութեամբ զբաղւում եմ աւելի քան 25 տարիներէ վեր, որպէս լրագրող եւ գրքերի հեղինակ: Իսկ, հայ-ատրպէյճանական հակամարտութիւնը ինձ համար մէկ այլ երես ունի, որ իմ գիւղը որտեղ անց եմ կացնում իւրաքանչիւր Ուրբաթից մինչեւ Կիրակի օրերը, եւ որտեղ ունեմ երկու այգի եւ ծառեր, այդ գիւղը գտնւում է Ատրպէյճանի հէնց սահմանին եւ աշխատանքներիս ամէն առաւօտը բացւում է ինձ համար դէպի Ատրպէյճան՝ այսինքն իմ տան պատուհանները նայում են դէպի Ատրպէյճանի դիրքեր, որը իմ տնից հեռու է մօտաւորապէս  1,5-2 քիլոմեթր: Մեր հայ գիւղացիները շփւում էին հարեւան ատրպէյճանցիների հետ: Նրանք գալիս էին մեր տուները, իրենց մրգերն էին վաճառում մեր շուկայում, մեր ծնողներն ալ գնում էին առեւտրի Ատրպէյճան: Ինձ համար այսօրուան կացութիւնը աւելին է քան զուտ հակամարտութիւն. սա իմ կեանքի նաեւ ինչ որ մի մասն է կազմել, որովհետեւ ասացի որ ապրում եմ եւ մինչեւ հիմա էլ իւրաքանչիւր Կիրակի օրերը անց եմ կացնում հայրենի գիւղում որտեղում է իմ սեփական տունը: Հազարաւոր յօդուածներ գրեցի այս ընթացքում աշխատելով Երկիր թերթում, Ազգ թերթում, Armenian Reporter շաբաթաթերթում, Հայաստանի Հանրային Րատիօ-ում Civilnet-ում, երկար տարիներ  գիտէք գրում էի Պէյրութի Ազդակ օրաթերթում: Տասը տարուց աւելի այս ընթացքում ես աւարտեցի՝ Հայերը եւ թուրքերը եւ Արցախեան օրագիր․ կանաչ ու սեւ երկու գիրքերը: Յաջորդ տարի ես ընթերցողի սեղանին եմ դնելու իմ նոր գիրքը՝ Հայ-թրքական յարաբերութիւնները եւ Ատրպէյճանը 1917-21 թուականներին:

– Դուք հանրածանօթ էք նաեւ ձեր քաղաքական վերլուծումներով: Անցեալ տարուայ ապրիլեան պատերազմէն ետք եւ ամէնօրեայ ազերիներու կողմէ կրակնամարի խախտումներու փորձերը մեզի ի՞նչ պարտաւորութիւններու առջեւ կը դնեն եւ դուք ինչպէ՞ս կը կանխատեսէք մօտիկ ապագան:

– Ապրիլեան պատերազմը կարեւոր դաս էր մեր հայերիս համար: Ամբողջ հայութեան, ցաւօք, այդ կարեւոր դասի համար մենք թանկ վճարեցինք: Մենք կորցրինք 100-ից աւելի երիտասարդ զինուորներ, որոնք իրենց կեանքը տուեցին որպէսզի հակառակորդը չկարողանայ առաջ շարժուել: Եթէ չլինէին այս ցաւալի զոհերը, կարող եմ ասել որ ինչ որ տեղ նաեւ ապրիլեան պատերազմը կարեւոր դասեր թողեց մեր համար, որ մենք աւելի զգօն լինենք, որ ամէնուր չպարծենանք, որ մենք ունենք մարտունակ բանակ, բայց յետոյ պարզուի, որ այդ մարտունակ բանակը պատերազմը սկսելու ժամանակ փրոպլէմներ է ունենում եւ ապրիլեան պատերազմը ինչ որ տեղ նաեւ մեզ մղեց սթափութեան, որպէսզի մեր ուժերը ճիշդ գնահատենք, նաեւ ճիշդ գնահատենք հակառակորդի ուժերը: Հայկական աշխարհում՝ Հայաստանում, Արցախում, Սփիւռքում տարածուած էր այն կարծիքը, որ Ատրպէյճանը թոյլ պետութիւն է՝ նա որեւէ յաջողութեան չի կարող հասնել, բայց ապրիլեան պատերազմը ցոյց տուեց, որ Ատրպէյճանական բանակը չկարողանալով յաղթել հայկական բանակներին, այնուամենայնիւ այն բանակը չէ ինչ, որ մենք տեսել էինք 90-ական թուականներին սա մի բանակ է, որը բաւականին կարողացաւ զինուել եւ փորձեց յաջողութեան հասնել: Հետեւաբար, մենք պէտք է շատ աւելի աչալուրջ լինենք եւ ճիշդ գնահատենք մեր հակառակորդի, մեր հարեւան պետութեան հնարաւորութիւնները: Գլխաւոր դասը սա էր ապրիլեան պատերազմի: Կը ցանկանամ որ իհարկէ պատերազմական գործողութիւններ չկրկնուեն, սակայն քանի դեռ Արցախի հարցում չկայ այսպէս ասեմ խաղաղութիւն, պատերազմների հաւանականութիւնը միշտ էլ լինելու է: Քառօրեայ պատերազմից առաջ մեր ամենաբարձր հայ պաշտօնեաները ընդամէնը շաբաթներ առաջ պնդում էին որ պատերազմ չի լինելու, սակայն մենք տեսանք, որ պատերազմ եղաւ: Ես համոզուած եմ որ պատերազմ կը լինի նորից, քանի չկայ խաղաղութիւն: Եւ երբ կը լինի այդ նոր պատերազմը, ես դժուարանում եմ ասել՝ դա կը լինի վաղը, մի տարի յետոյ, տասը տարի յետոյ, սակայն քանի դեռ Հայաստան-Ատրպէյճան եւ Ղարաբաղի միջեւ որեւիցէ հաշտութիւն, կամ պայմանաւորուածութիւն չկայ՝  նոր պատերազմի սպառնալիքը միշտ էլ կը լինի:

– Հիմա որ դուք կը գտնուիք հայկական Սփիւռքի գաղթօճախներէն մէկուն՝ Մոնթրէալի մէջ,  ի՞նչ կ’ակնկալէք Սփիւռքի մէջ ապրող սփիւռքահայէն, անշուշտ ի նպաստ հայրենիքին եւ Արցախին: Ի՞նչ կրնան ընել, որ արդէն չեն ըրած կամ պէտք է ընեն:

– Շատ կարեւոր հարցում է, եւ այս հարցումին ես ուզում եմ ամենայն անկեղծութեամբ պատասխանել: Ես համարում եմ որ Հայաստանում սփիւռքահայերի ընկալումը պէտք է շատ- շատ վաղուց փոխուած լինէր, սակայն ցաւօք չի փոխուեց: Ընդհանրապէս Հայաստանի իշխանութիւնները ակնկալում են Սփիւռքից մէկ բան՝ դուք մեզ փող տուէք որպէսզի մենք մեր փրոպլէմները լուծենք: Ես համարում եմ որ սա ազնիւ չէ, սա արդար չէ: Անշուշտ Սփիւռքը պէտք է օգնի Հայաստանին եւ անշուշտ օգնել է, բայց պէտք չէ այս ամէնը վերածել առեւտրային ինչ որ բանի: Սա ճիշդ մօտեցում չէ Սփիւռքի հանդէպ: Ես համարում եմ որ այո Սփիւռքը պիտի շարունակի իր ֆինանսական աջակցութիւնը, որովհետեւ դրա հնարաւորութիւնները բարեբախտաբար ունի, սակայն միւս կողմից մենք պէտք է հասկանանք որ Սփիւռք- Հայաստան համագործակցութիւնը միակողմանի ճանապարհ չէ. դա պէտք է լինի երկկողմանի ճանապարհ: Հայաստանն էլ շատ տալիք ունի Սփիւռքին. այո այս ճանապարհը պէտք է լինի երկկողմանի ճանապարհ, հաւասար ճանապարհ: Ես այդ մասին յօդուածներ եմ գրել, որ Հայաստանում բացուի արեւմտահայ դպրոց, որտեղ հնարաւոր կը լինի դասընթացը կազմակերպել բացառապէս արեւմտահայերէնով եւ դասական ուղղագրութեամբ, իհարկէ այնտեղ նաեւ կարող  է լինել արեւելահայերէն Աբեղեանական ուղղագրութիւն, բայց պէտք է հիմնադրուի արեւմտահայ դպրոց: Ես կարծում եմ որ նաեւ մենք պէտք է ճիշդ օգտագործենք Սփիւռքի ներուժը ոչ միայն դրամական իմաստով, այլ նաեւ զուտ արհեստների իմաստով, մշակոյթի իմաստով, մօտեցման իմաստով, եւ այս հարցում մէկ կարեւոր բան՝ օրինակ տամ։ Ընդհանրապէս, Խորհրդային Միութեան երկրներում Service կոչուածը շատ ցածր մակարդակի վրայ է եղել, եւ Անկախութիւնից յետոյ էլ շատ բան չի փոխուել, բայց վերջին երկու տարիներին, շնորհիւ այն հանգամանքի, որ Սուրիահայերը հաստատուեցին Երեւանում եւ նրանք բացեցին այստեղ մի շարք ճաշարաններ, ակնյայտ է, որ նրանք դրանով մեծ փոփոխութիւն մտցրեցին եւ դա արդէն բոլորն են ընդունում եւ ես կը ցանկանամ, որ միւս բոլոր ոլորտներում ունենանք, Սփիւռքի ներգրաւուածութիւնը, ե’ւ մշակոյթի մէջ, ե’ւ քաղաքականութեան մէջ, պետական կառավարման մէջ, եւ միւս բոլոր-բոլոր ոլորտներում, ինչի կարիքը Հայաստանը  ունի: Ժամանակն է եւ անցել է այդ ժամանակը, որ հայաստանցիները եւ Հայաստանի իշխանութիւնները Սփիւռքի հետ համագործակցութիւնը հասկանան։ Միայն դրամ տուէք ու էլ մի խառնուէք՝ աա ես կարծում եմ, որ ճիշդ մեխանիզմ չէ, եւ դա այն մեխանիզմն է որ կը տանի փակուղի, եւ կը տանի կը բերի նրան որ Սփիւռքում Հայաստանի նկատմամբ կը լինի որոշակի վերապահումներ: Եթէ այսօր Հայաստան համահայկական հիմնադրամը տարեկան կարողանում է հաւաքել  ընդամէնը 10 միլիոն տոլար, հէնց այս քաղաքականութեան ձախորդութիւնն է, որովհետեւ անկարելի է պատկերացնել 10 միլիոնանոց Սփիւռքը թելեթոնի ժամանակ հաւաքի ընդամէնը 10 միլիոն տոլար, այսինքն իւրաքանչիւր հայ տալիս է ընդամէնը 1 տոլար: Ես կուզենայի, որ յարաբերութիւնները շատ աւելի առողջ հիմքերի վրայ դրուէին եւ չդրուէին բացառապէս, այսպէս ասեմ, առեւտրային հիմունքների վրայ:

– Վերջերս բոլորս ալ իմացանք եւ  կարդացինք պրն. Վարչապետին կոչը, յատկապէս ուղղուած սփիւռքահայութեան: Ձեր արձագանգը ի՞նչ է իր կոչին վերաբերեալ:

– Ես ընդհանրապէս չեմ ընդունում այդ լոզունգներով կոչեր ուղղելու  քաղաքականութիւնը. դուք կարող էք անդադար կոչեր անել սփիւռքին, բայց չունենալ որեւիցէ ներդրում, որեւիցէ լուրջ ներկայութիւն: Ես համարում եմ, որ կոչերի փոխարէն պէտք է Հայաստանի ներսը կարգի բերել: Պէտք չի միայն ամէն ինչ իշխանութիւնների վրայ դնել, որովհետեւ ժողովուրդն է նաեւ պատասխանատու այս ամէն ինչի համար։ Եթէ Հայաստանի իշխանութիւնները կարողանան ստեղծել մի Հայաստան, որը արդար է, որտեղ սփիւռքահայերը չեն կողոպտւում, որտեղ սփիւռքահայերը չեն խաբւում, որտեղ սփիւռքահայ պիզնէսի նկատմամբ չկան այնպիսի քայլեր, որ իրենց դրամները կորցնեն. նման կոչերի կարիքը չկայ: Աւելի լաւ է քո երկրի ներսը կարգի բերես, ու եթէ անգամ դու ունենաս լաւ Հայաստան, ու կոչ անես սփիւռքահային, որ նրանք չգան Հայաստան՝ նրանք գալու են: Պէտք չէ այդ կոչերով առաջնորդուել. վաղուց անցել է այդ ժամանակը, երբ սփիւռքահայը չգիտէ թէ Հայաստանի ներսում ինչ է կատարւում: Ես այստեղ Մոնթրէալում շփւում եմ սփիւռքահայերի հետ, եւ շատերը հայաստանցիների մեծ մասից շատ աւելի լաւ գիտեն թէ Հայաստանի ներսում ինչ է կատարւում, նրանք շատ աւելի լաւ գիտեն որ համատարած կոռուպցեայ կայ, փտացութիւն կայ, անարդարութիւն կայ, ընտրութիւնները կեղծւում են, անիրաւ բաներ է կատարւում քաղաքացիների նկատմամբ, նրանք մեզանից աւելի շատ, աւելի լաւ գիտեն: Աւելի լաւ է, կրկնում եմ՝ Հայաստանում կատարել բարեփոխումներ, եւ այդ բարեփոխումները կատարել հէնց Սփիւռքի աջակցութեամբ: Այստեղ նաեւ ես ուզում եմ մի քանի խօսք ասել Սփիւռքի մասին. ի հարկէ որեւէ մէկը մեզանից, մենք իրաւունք չունենք սփիւռքում բնակուող հայերին ասել, դուք թողէք ձեր բարեկեցիկ կեանքը եւ վերադարձէք բնակուէք Հայաստանում, բայց նրանք ովքեր իրաւամբ իրենց կեանքը, իրենց ապագան տեսնում են Հայաստանում, նրանք պէտք չէ սպասեն, որ Հայաստանում իրավիճակը լաւանայ, կեանքը լաւանայ, ու նոր վերադառնան: Այդպէս չի լինելու, նրանք ովքեր ուզեմ են վերադառնալ՝ վերադառնան հէնց այսօր եւ հայաստանցիների հետ պայքարեն բոլոր այդ յոռի երեւոյթների դէմ, եւ ստեղծեն լաւ Հայաստան: Որեւէ մէկը մեզի համար լաւ Հայաստան չի կերտելու, այդ Հայաստանը պէտք է կերտեն առաջին հերթին նրանք ովքեր բնակւում են այդ հողին վրայ, եւ ի հարկէ նաեւ սփիւռքահայութեան, եւ ինչու չէ ողջ միջազգային հանրութեան աջակցութեամբ, բայց առաջին դերը, առաջին ջութակը այս հարցում ես կարծում եմ վերապահուած է բոլոր նրանց ովքեր բնակւում են Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում: Հետեւաբար նրանք ովքեր միտք ունեն վերադառնալու Հայաստան եւ սպասում են աւելի լաւ օրերի, այդ լաւ օրերը չեն գալու, դուք եկէք եւ միւսների հետ կերտէք լաւ Հայաստան:

Շատ շնորհակալ եմ այս շահեկան հարցազրոյցին համար  եւ կը յուսամ մօտ ապագայինդարձեալ պատեհութիւնը կունենաք հանդիպելու:

Զրոյցը՝ Ա. Պ.

ԱՊԱԳԱՅ, Գանատա

http://abakanews.org