Հույսի շողն Աֆղանստանում. Ջամիլա Աֆղանիի պատմությունը

1238

Զարգացող եւ զարգացած երկրներում որակյալ կրթության հասանելիությունը մնում է ժամանակակից աշխարհի ամենահրատապ մարտահրավերներից մեկը։ Դպրոցների, համապատասխան ուսուցիչների եւ լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայությունը լուրջ խնդիրների թվում են։ Աֆղանստանում, սակայն, կրոնական սահմանափակումներով պայմանավորված աշխարհընկալումն ավելի է բարդացնում իրադրությունը, հատկապես երբ դա վերաբերում է կանանց եւ աղջիկների կրթությանը։ Կրոնական ու քաղաքական ազդեցիկ անհատների կողմից իսլամական ուսմունքի մեկնաբանումը դրա արդարացման գործուն եւ տարածված ձեւերից է։ Այնուամենայնիվ, երիտասարդ մի կին՝ Ջամիլա Աֆղանին, հրապարակավ ցուցադրեց կրթության, հատկապես՝ կանանց կրթության, դրական ազդեցությունը խաղաղության ամրապնդման եւ կայուն հասարակության զարգացման գործում։ Այժմ, չնայած բոլոր խոչընդոտներին, կանանց եւ երեխաների համար Ջամիլայի մղած պայքարն օգնում է վերափոխել կանանց դերն ու նրանց խնդիրների նկատմամբ վերաբերմունքն իր երկրում եւ աշխարհով մեկ։

1990-ականների ավարտին, երբ Աֆղանստանում իշխում էր «Թալիբան» խմբավորումը, կանայք ճնշումների էին ենթարկվում։ Ութ տարեկանից մեծ աղջիկներին արգելվում էր դպրոց հաճախել, իսկ կանայք, աշխատանքի ընդունվելու հնարավորությունից զրկված, հարկադրված էին պահպանել լիակատար փարդա՝ հանրային եւ անձնական մեկուսացում։ Օրենքին չենթարկվելու հետեւանքները ծանր էին լինում՝ հրապարակային ծեծից մինչեւ մահապատիժ։ Թալիբանի հեռացվելուց հետո Աֆղանստանում թեեւ հավասար իրավունքներ են շնորհվել կանանց եւ տղամարդկանց, խոր արմատներ գցած ավանդույթներն ու հին բարքերը շարունակում են լայնորեն պահպանվել, եւ կանայք շարունակում են ապրել սահմանափակման, արգելքների ու մեկուսացման պայմաններում։

Ջամիլա Աֆղանիի համար սա պարզապես անընդունելի է, քանի որ իր համոզմամբ՝ ավելի լավ կյանքի հիմքը կրթությունն է։ Ուստի, նա իր ուսերին վերցրեց Աֆղանստանում աղջիկների եւ կանանց կրթության հարցում առկա հասարակական խարանը վերացնելու պայքարը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ եւ առողջ ներդրում ունենալ իրենց համայնքների կյանքում։

Ջամիլան գուցե ամենաքիչ հավանական թեկնածուն կլիներ այս պայքարի համար, եթե չլինեին կյանքի անհավանական դրվագների հետեւանքով ամրացած ոգին ու նվիրումը։

1970 թվականին Աֆղանստանում ծնված Ջամիլայի կյանքի մեծ մասը կյանքի ու մահվան պայքար է եղել թույլ առողջության դեմ։ Մանուկ հասակում նա վարակվել է պոլիոմելիտով եւ, ստանալով ստորին վերջույթների կաթված, ստիպված է քայլել հենակների օգնությամբ։ Ավելի ուշ՝ 14 տարեկանում, աֆղանական պատերազմի տարիներին, ստացել է գլխի հրազենային վիրավորում, ինչը տարիներով գամել է նրան անկողնուն։ Աղջիկը հաճախ էր ընկճվում՝ տեսնելով, թե ինչպես են քույրերն ու եղբայրները խաղում դրսում, երբ ինքն անշարժ պառկած է սենյակում։

Այս մեկուսացման մեջ նրա միակ մխիթարությունը գրքերն էին։ Երկարատեւ խնդրանքների արդյունքում նրան վերջապես հաջողվեց համոզել ծնողներին, որ չնայած աղջիկների կրթության նկատմամբ ողջ հակադրությանը՝ իրեն դպրոց ընդունել տան։ Պակիստանում, որտեղ իր ընտանիքն ապաստան գտավ իբրեւ աֆղանական պատերազմի փախստական, նա գերազանց առաջադիմություն ցուցաբերեց համալսարանում։ Սակայն Պակիստանի Փեշավար նահանգում անցկացրած տարիներին Ջամիլան խորը ցնցում ապրեց՝ հասկանալով  տարածաշրջանում մոլեգնող աղքատության եւ իր երկրում չընդհատվող պատերազմի կապը։

«Ես պատահմամբ հանդիպեցի աֆղանացի մի կնոջ, որն իր երեխաների հետ միասին մուրում էր փողոցի անկյունում,– հիշում է Ջամիլան,- մոտեցա, որ փող տամ, եւ հարցրի, թե ինչպես է այս վիճակին հասել։ Կինը սկսեց լաց լինել։ Նրա գյուղը հիմնահատակ կործանվել էր։ Աֆղանստանում փուշտուններն ավերել էին նրանց տներն ու տեղահան արել ամբողջ համայնքը՝ սեռական բռնության ենթարկելով կանանց։ Ու թեեւ երեւում էր, որ կինը երախտապարտ է, որ կենդանի է մնացել, միեւնույն է՝ չէր կարողանում կերակրել իրեն ու իր երեխաներին։ Փող մուրալը նրա միակ հույսն էր, բայց երբ տղամարդիկ դրամ էին առաջարկում, սովորաբար ի պատասխան ինչ-որ բան էին պահանջում նաեւ։ Երբ նա պատմեց, որ նույնիսկ մեկ ռուփին առանց հարկադիր համբույրի չէր տրվում, ես չդիմացա ու լաց եղա։ Սարսափելի էր այս հուսալքությունը տեսնելը»։

Ջամիլան գիտակցեց, որ պարզ նվիրատվությունն այստեղ բավարար չէ։ Հարկավոր է ինչ-որ բան անել այս կանանց զորակցելու համար, եւ նա ասեղնագործության ու դերձակության դասընթացներ նախաձեռնեց, որպեսզի կանայք այդ արհեստը յուրացնելով կարողանան ապրել եւ ստիպված չլինել մուրալ։ «Այդ կինն ինձ իրոք հեղափոխեց… Առաջ ես մեկն էի, ով ուղղակի փող էր տալիս, բայց նա ինձ ստիպեց արթնանալ ու դառնալ մարդ, ով կարող է օգնել մյուսներին՝ տնօրինելու սեփական կյանքը»,– պատմում է Ջամիլան։ Այս փորձից եւ իր իսկ կյանքի վրա կրթության գործած ազդեցությամբ ոգեւորված՝ Ջամիլան զգաց, որ այլ կանանց եւս պետք է օգնի անկախանալ կրթության միջոցով։

2002 թվականին Քաբուլ վերադառնալով՝ Ջամիլան հիմնեց «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպությունը (Noor Educational and Capacity Development Organization – NECDO), որը կանանց համար կազմակերպում է գրագիտության շատ անհրաժեշտ դասընթացներ։ «Նուռ» նշանակում է լույս, եւ դա խորհրդանշում էր այն լուսավորությունը, որին Ջամիլան ցանկանում էր հասնել։ Կրթության հարցում նա որդեգրեց իսլամական մոտեցումը, որը կիրառման հաջող փորձ էր ունեցել Փեշավարի փախստականների ճամբարներում, սակայն երբ փորձեց կանանց գրագիտության կենտրոններ կազմակերպել հայրենի Ղազնի նահանգում, համայնքում անմիջապես խոչընդոտների բախվեց հիմնականում մզկիթների իմամների հետ։

Ջամիլան իմամներից մեկին հրավիրեց իր կենտրոն այցի, սակայն վերջինս, կնոջ հետ հանդիպելու մտքից վիրավորված, մերժեց։ Ջամիլան բացատրեց, որ կանանց իսլամ է սովորեցնում եւ ասաց. «Եթե Ղուրանում կամ հադիթում մեկ տող իսկ գտնեք այն մասին, թե կրթությունը վատ է կանանց համար, նույն վայրկյանին կդադարեցնեմ ամեն ինչ եւ կենտրոնիս բանալիները կհանձնեմ Ձեզ»։ Իսլամի այսպիսի իմացությունից ցնցված՝ իմամն ինքն սկսեց իր համայնքին դրդել թույլ տալու կանանց եւ աղջիկներին հաճախել կենտրոն։

Համագործակցության այս օրինակից ոգեւորված՝ Ջամիլան շարունակեց կանանց իրավունքների խնդրի շուրջ շփվել այլ իմամների հետ եւ արդյունքում կրոնական առաջնորդների համար մշակեց գենդերային ընկալման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ։ Կանանց իսլամական նախաձեռնության եւ կին մուսուլման գիտնականների հետ համագործակցությամբ մշակվեց նաեւ հատուկ ձեռնարկ, որը տարածվեց երկրով մեկ՝ իմամների շրջանակում։ Ներկայումս ավելի քան 6,000 իմամ է մասնակցել վերապատրաստման այդ դասընթացներին, եւ նրանցից շատերն այդ գիտելիքները տարել են նաեւ իրենց համայնքներ, որտեղ կանայք արդեն կարող են կրթություն ձեռք բերել։

Ջամիլան մեծ ոգեւորությամբ է նայում Աֆղանստանում անկախություն եւ հնարավորություններ ձեռք բերած կանանց թվի աճին։ Այդուհանդերձ, նա գիտի նաեւ, որ իր կյանքի գործն առանց խոչընդոտների չի լինում։ NECDO-ի նվաճումներին զուգընթաց նա եւ իր ընտանիքը գնալով ավելի մեծ թվով մահվան սպառնալիքներ են ստանում։ Բայց նա շարունակում է նվիրված մնալ ապագա սերունդների համար ավելի լավ հասարակության կերտման՝ իր ընտրած ճանապարհին։ Բոլորիս պես, Ջամիլան եւս գիտակցում է, որ չկա ակնթարթային լուծում. «Դրա ուղին երբեմն երկար է լինում, բայց երբ տեսնում ես, թե մարդն ինչպես կարող է ոտնահարել մարդու պատիվը, հասկանում ես, որ կարելի է հաջողության հասնել միայն մարդկայնության նկատմամբ հարգանք սերմանելով»։

Տեսնելով, թե այս կանայք ինչպես են փոփոխություն բերում իրենց կյանքում եւ թե ինչ ազդեցություն է դա թողնում հանրության լայն շերտերի վրա՝ Ջամիլան շարունակելու ներուժ է ստանում. «Երբ կրթում ես կնոջը, կրթում ես նրա ամբողջ ընտանիքը, քանի որ նա սովորածը փոխանցում է բոլորին։ Երբ մի ճրագ ես վառում, այն կարող է լույս տալ շուրջբոլորը։ Սա է հասարակությանը լուսավորելու հիմնական ուղին»։

Ջամիլա Աֆղանին 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է։ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» ամենամյա մրցանակը բարձրացնում է աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործությունների մասին հանրային իրազեկությունը՝ պարգեւատրելով նրանց, ովքեր իրական եւ նշանակալի գործ են կատարում հրատապ հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարն է։ Աշխարհում անհամար վերապրողներ իրենց գոյությամբ պարտական են այլոց մեծահոգությանը, եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ճգնաժամի պահին օգնություն ստացած բոլոր մարդկանց ցանկանում են ոգեշնչել, որպեսզի երախտապարտ լինեն՝ իրենց հերթին նմանօրինակ աջակցություն տրամադրելով:

Աղբյուրը՝ https://auroraprize.com/hy/aurora/article/finalists/11265/-/2017