Անցման, փոփոխության և մեկ համակարգից մյուսը անցնելու համար անհրաժեշտ է ցատկել վերև, հակառակ դեպքում դու չես փոխվի․ Երևանում մայիսի 23-24-ն անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին անցումային հաջորդ փուլին մոտենալու մասին ասաց մարդասեր, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատմելով ՏաԹևեր նախագծի, Դիլիջանի միջազգային դպրոցի և այլ հաջողված նախագծերի մասին, որոնց սկզբնական շրջանում շատերը, նրա խոսքով, չէին հավատում, և իրեն փորձում էին հետ պահել այդ «խենթ գաղափարներից»։
«Այսօր Դիլիջանում սովորում են երեխաներ 75 երկրներից՝ Ճապոնիայից մինչև Զիմբաբվե, Չիլի, ամբողջ այս տարածաշրջանից, այդ թվում՝ Թուրքիայից»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ուրախ կլինեին, եթե ադրբեջանցի երեխաներ նույնպես ուսանեին այնտեղ, քանի որ «մի օր նորից միասին ենք ապրելու»։
«Մեր այսօրվա տեսլականն է՝ հայ ազգը, որն ապրում է Հայաստանում առողջ, լավ կրթված, ստեղծագործում է, զբաղվում գիտությամբ և նորարարությամբ շատ արդի և պրոֆեսիոնալ էկոհամակարգում, որը ներառում է ենթակառուցվածքներ, օրենսդրություն և շրջակա միջավայր՝ Հայաստանը դարձնելով ազգամիջյան կապերի և շփումների հանգույց՝ պահպանելով ազգային ինքնությունը»,- նշեց Վարդանյանը։
Դիլիջանի դպրոցում, ասում է Ռուբեն Վարդանյանը, երեխաներին խրախուսում են պահպանել սեփական ինքնությունը՝ սովորելով ապրել նույն սենյակում այլ ազգերի ներկայացուցիչների հետ։
Հայերի առանձնահատկությունը բարերարը տեսնում է հենց նրանում, որ աշխարհի տարբեր ծայրերում հարմարվելով նոր իրականությանը՝ չեն ձուլվել։
Պատասխանելով հարցերին՝ Ռուբեն Վարդանյանը կանգ առավ աղքատության մասին հարցի վրա՝ ասելով, որ հենց այդտեղ է լրջագույն մեր խնդիրը։
«Երազանքը աղքատությունից նորմալ կյանքի հասնելն է, և դա շատ վեհ գաղափար է,- ասում է Վարդանյանը,- խնդիրը միայն թե նրանում է, որ փոփոխություններ, անցում չես ստեղծում, որպեսզի երրորդ աշխարհից անցնես առաջին աշխարհ»։
Գործարարը ուշադրություն է հրավիրում թվերին՝ 18 տոկոս գործազրկություն և արտադրողականություն, որը 2,5 անգամ ցածր է բուլղարացուց կամ ռումինացուց։
«Դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան, բարեգործությունը սպանում է Հայաստանի ապագան այն ձևով, որով արվում է, քանի որ փոփոխության չի դրդում»,- համոզմունք հայտնեց Ռուբեն Վարդանյանը և շարունակեց։ – Ես միանգամայն համոզված եմ՝ բարեգործությունը, դրամական փոխանցումները, միջազգային օգնությունը, դրամաշնորհները սպանում են Հայաստանի ապագան։ Դրանք նպաստում են «յոլլա գնալուն», սակայն չեն ստեղծում լավագույնը դառնալու հնարավորություն»։
Ստելլա Մեհրաբեկյան