Մոնրեալ, Օտտավա, Տորոնտո, Նիագարա. հանդիպումներ, ձեռնարկներ և տպավորություններ

2063

Մոնրեալի Տրուդոյի անվան օդանավակայանում ինձ դիմավորելու էր եկել իմ բարեկամներից Հրաչը: Նրա հետ մոտիկից ծանոթացել ենք Սիվիլիթաս հիմնադրամում: Կանադա իմ մեկնելու համար նա աշնանը՝ Երևանում գտնվելու օրերին, ես և նա պայմանավորվել էինք ՀԲԸՄ Մոնրեալի պատասխանատուներ Շահե Թանաշյանի և Հակոբ Արսլանյանի հետ:

ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի շենքը

Ես առաջին անգամ էի այցելում Կանադա: Օդանավակայանից Հրաչի մեքենայով ուղևորվեցինք Լավալում գտնվող նրա տուն: Ճանապարհին նա մի քանի տեղ կանգ առավ՝ ցույց տալու ջրհեղեղի հետևանքները: Կվեբեկի նահանգի Սեն Լորեն գետը այդ օրերին դուրս էր եկել ափերից կամ ինչպես տեղացի հայերն էին ասում՝ հորդել էր:

Իմ ելույթից առաջ, Մոնրեալ

Մայիսի 7-ից 13-ը անցկացրեցի բարեկամիս հյուրընկալ ընտանիքում՝ երեք երեխաների, տիկնոջ ու մայրիկի հետ: Վերջին մեկ տարվա ընթացում ես երրորդ անգամ էի հատում Ատլանտյան օվկիանոսը: Ժամային գոտիների տարբերությունը այս անգամ ես ավելի հեշտ հաղթահարեցի:

Հայոց ցեղասպանության հուշակոթող, Մոնրեալ

Հաջորդ օրվանից սկսվեց իմ ծանոթությունը Մոնրեալի և Կվեբեկի նահանգի հետ: Առավոտյան իմ հետևից եկավ Ռաֆիկ Քեշիշյանը՝ հայաստանցի իմ բարեկամներից, ով ընտանիքով Կանադա է տեղափոխվել ավելի քան 20 տարի առաջ:

Հայ ավետարանական եկեղեցի, Մանրեալ

Մենք եղանք նավահանգստում, քայլեցինք քաղաքի հին կենտրոնով, այցելեցինք կաթոլիկ երկու մեծ եկեղեցիներ: Ռաֆիկը, ինչպես այստեղ հաստատված մյուս հայաստանցիները, որոնց թիվը վերջին երկու-երեք տարիներին զգալիորեն ավելացել է, կարոտում են Երևանը, Հայաստանում թողած հարազատներին: Սակայն նրանց բարեկեցիկ, արժանապատիվ և հանգիստ կյանքը լիուլի փոխհատուցում է հայրենիքի կարոտը: Ռաֆիկի, տիկնոջ և որդու հետ ես դեռ պետք է հանդիպեի երկու անգամ: Նրանք ընտանիքով ներկա էին Մոնրեալում կազմակերպված իմ դասախոսություններին:

Շահեի և Հակոբի հետ Մոնրեալի Ալեք Մանուկյան փողոցում

Նույն օրը երեկոյան Շահե Թանաշյանի և Հակոբ Արսլանյանի հետ ընթրեցինք մի ճաշարանում, որը ամիսներ առաջ գնել և աշխատեցնում է Մոնրեալ տեղափոխված սիրիահայերից մեկը: Ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ իմ անմիջական ծանոթությունը Շահեի և Հակոբի հետ: Երկուսն էլ եկել են Լիբանանից:

Թեքեյան ՄՄ Մոնրեալի շենքը

Կանադան հին հայկական գաղութներից չէ: Հայերը այստեղ հիմնականում հաստատվել են 1950-ական թվականներից, թեև մինչ այդ էլ եղել են հայեր: Առաջինը եկել են եգիպտահայերը, ապա՝ լիբանանահայերը, նրանցից հետո՝ իրաքահայերը, իսկ Հայաստանի անկախացումից հետո՝ հայաստանցիները: Սիրիական պատերազմի պատճառով սկսել են գալ սիրիահայերը: Կանադայում հայերի թիվը 80 հազարի սահմաններում է, որոնցից 35 հազարականը Մոնրեալում ու Տորոնտոյում, ինչպես նաև Վանկուվերում, մայրաքաղաք Օտտավայում, Նիագարայում և այլ քաղաքներում:

Նիագարայի ջրվեժը

Իմ առաջին ելույթը տեղի ունեցավ Օտտավայում: Մոնրեալից Օտտավա 200 կիլոմետրից պակաս է: Կանադայի մայրաքաղաք մեկնեցի Շահեի և Հակոբի հետ: Իր անծայրածիր ճանապարհներով, անտառներով, ցորենի դաշտերով ու բնությամբ Կանադան նմանություններ ունի Ռուսաստանի հետ: Բարեկեցությամբ, կյանքի որակով ու այլ չափանիշներով Կանադան աշխարհի ամենալավ երկրներից է: Սա մի երկիր է, որ ստեղծվել է մարդու ապրելու համար:

Քննարկում խորհրդարանականների հետ

Նախքան խորհրդարանականների և սենատորների հետ քննարկումը, մոտ մեկ ժամ հասցրեցինք ծանոթանալ քաղաքին: Օտտավան խնամված, կոկիկ ու մտերմիկ քաղաքի տպավորություն թողեց: Ինձ հատկապես տպավորեց Կանադայի խորհրդարանը իր  յուրօրինակ ճարտարապետական տեսքով:

Հանդիպում-քննարկմանը ներկա էին ութ խորհրդարանականներ և սենատորներ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններից։ Քննարկումը վարում էր Հայաստան-Կանադա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Առնոլդ Չանը։ Նա Շահեի և Հակոբի ներկայությամբ ինձ ծանոթացրեց խորհրդարանականների հետ, կարդաց իմ կենսագրությունը, ապա առաջարկեց ներկայացնել իրավիճակը Արցախում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և Կովկասյան տարածաշրջանում:

Քննարկում խորհրդարանականների հետ

Նախքան ելույթը սկսելը ես ասացի, որ Կանադան իմ մեջ տպավորվել է դեռ 1980-ական թթ., երբ տեղի էին ունենում հոկեյի Խորհրդային Միություն-Կանադա հանդիպումները: Ես սպորտի սիրահար եմ, ծրագրել էի մարզական մեկնաբան դառնալ, սակայն զբաղվում եմ հակամարտությունների հարցերով, երկրների միջև հարաբերություններով ու արտաքին քաղաքական հարցերով: Դպրոցական տարիներից հիշում էի կանադական թիմերի անունները՝ Մոնրեալ Կանադիենս, Տորոնտո Մեյփլ Լիֆս, Օտտավա Սենատորս, Վանկուվեր Կենակս, Կալգարի Ֆլեյմս… Ես թվում էի թիմերի անունները և հետևում խորհրդարանականների դեմքերին: Բոլորն էլ հոկեյի սիրահարներ են: Ընդհանրապես, Կանադայում հոկեյը այն է, ինչ Բրազիլիայում՝ ֆուտբոլը:

Ապա անցա բուն թեմային: Նախ ներկայացրեցի Արցախյան հակամարտությունում և Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ու տարածաշրջանում տիրող իրավիճակը, որից հետո պատասխանեցի խորհրդարանականների տարաբնույթ հարցերի, որոնք վերաբերում էին նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին ու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը։ Խորհրդարանականները հարցնում էին նաև, թե ինչպես կարող է Կանադան իր նպաստը բերել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործին, մասնավորապես՝ ինչ կարող է անել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիան Հայաստանի նկատմամբ կառուցողական դիրքորոշում ունենա։

Օտտավա

Քննարկմանը ներկա խորհրդարանականների համար մակագրեցի իմ երկու գրքերը՝ «Արցախյան օրագիրն» ու «Հայերը և թուրքերը» հատորների անգլերեն օրինակները: Հանդիպմանը ներկա էին խորհրդարանում աշխատող երկու հայեր, ինչպես նաև Կանադայի արտգործնախարարության Կովկասի հարցերով զբաղվող մի դիվանագետ:

ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանում, ելույթի պահին

Վերջում Շահեն առաջարկեց, որ խորհրդարանականները, ովքեր ցանկություն ունեն և հետաքրքրված են, այցելեն Արցախ: Խորհրդարանականները տեղյակ էին, որ Ադրբեջանն ունի սև ցուցակ, սակայն նրանցից մի քանիսը այդ հանգամանքը Արցախ իրենց հնարավոր այցելության խոչընդոտ չհամարեցին:

Հայ կաթոլիկ եկեղեցին, Մոնրեալ

Օտտավայից Մոնրեալ վերադարձին Հակոբը մեքենան ավելի արագ էր վարում, որպեսզի չուշանանք նույն օրը երեկոյան նախատեսված մեր հաջորդ ձեռնարկից: Ճանապարհին մենք զրուցում էին տարբեր թեմաներից՝ Կանադայից, Մոնրեալի հայությունից, այնտեղ գործող կուսակցական, կրոնական կառույցներից, Հայաստանից…

Մոնրեալի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոնի սրահում ես ելույթ ունեցա Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության թեմայով՝ կենտրոնանալով Արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Զգալի է, որ սփյուռքը սկսել է ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի ներքին թեմաներով՝ արտագաղթ, կոռուպցիա, վատ կառավարում։ Ես նաև ներկայացրեցի իմ երկու գրքերը:

Մայիսի 11-ին ես ծանոթացա Մոնրեալի հայկական տարբեր կազմակերպությունների հետ: Նախ այցելեցի Թեքեյան կենտրոն: Այն գտնվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս պատվավոր նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցի վրա՝ ՀԲԸՄ կենտրոնի և բարերարի անունը կրող դպրոցի հարևանությամբ: Նարեկ վարժարանի հայերենի ուսուցիչ և ՌԱԿ «Ապագա» շաբաթաթերթի խմբագիր Ավետիս Բակկալյանը ծանոթացրեց Թեքեյան կենտրոնում գործող կառույցների հետ:

Տորոնտոյում

Ալեք Մանուկյանի անունը կրող վարժարանի և աշակերտների հետ ինձ ծանոթացրեց վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանը: Այս դպրոցը հիմնադրվել է 1970-ին և Կանադայում հիմնադրված հայկական առաջին դպրոցն է: Այսօր դպրոցն ունի շուրջ 400 աշակերտ:

Մոնրեալում հայերի թիվը 35 հազարի սահմաններում է, հայկական երեք վարժարաններում սովորում է շուրջ 1200 աշակերտ։ Սա նշանակում է, որ հայերի մեծ մասը հաճախում է ոչ հայկական դպրոցներ։

Վերջին տարիներին Հայաստանից նոր արտագաղթ է սկսվել դեպի Կանադա, մասնավորապես՝ նաև դեպի Մոնրեալ: Ալեք Մանուկյան, Սուրբ Հակոբ և Նարեկ վարժարանները համալրվել են հայաստանցի աշակերտներով։ Նկատելի էր նաև սիրիահայերի ներկայությունը, ովքեր, ժամանակավորապես Հայաստանում հաստատվելուց հետո, նախընտրում են տեղափոխվել Կանադա ու բարեկեցիկ այլ երկրներ։

Մոնրեալում գործում են Հայ Դատի Կանադայի հանձնախումբը, Համազգայինը, Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը, ՀՕՄ-ը, Կանադայի հայ առևտրական խորհուրդը, ավանդական երեք կուսակցությունները, ՀԲԸՄ-ն ու Հայ կաթողիկե միությունը, Պոլսահայերի միությունը, Եգիպտահայ ընկերակցությունը և այլ կառույցներ։

Մայիսի 12-ին բժիշկ Ժիրայր Գույումջյանի հետ Մոնրեալից հեռացանք մոտ 100 կիլոմետր՝ դեպի լեռնային մի շրջան, որտեղ՝ անտառների մեջ, կան բազմաթիվ լճեր: Ընդհանրապես, Կանադայում հազարավոր լճեր կան, որոնք նման են Հայաստանի Պարզ լճին՝ ճիշտ է, չափսերով ավելի մեծ են: Լճերի ափերին կառուցված են հիմնականում փայտից ու ապակից տներ: Տան ներսում քեզ թվում է, թե նստած ես բնության մեջ: Այդպիսի մի տուն լճերից մեկի ափին ունի բժիշկ Գույումջյանը, ով շաբաթ-կիրակի օրերը տիկնոջ հետ անցկացնում է այնտեղ:

Տորոնտոյում

Ռիտա Սուլուհյան-Գույումջյանը հոգեբան է, մի շարք գրքերի հեղինակ, որոնցից ամենանշանավորը Կոմիտասի մասին «Խելագարության ակունքներում» հատորն է, որը թարգմանվել է հայերեն: Տիկին Ռիտայից նվեր ստացա նաև անգլերենով նրա վերջին հրատարակությունները Արամ Անտոնյանի և Թեոդիկի մասին:

Մայիսի 12-ի երեկոյան ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղը կազմակերպել էր Շուշիի ազատագրության 25-ամյակին նվիրված միջոցառում-խրախճանք։ Ձեռնարկին, որ Ալեք Մանուկյան վարժարանի սաների հետ կազմակերպել էին Շահե Թանաշյանն ու Հակոբ Արսլանյանը, ներկա էր ավելի քան 400 մարդ: Եղավ երգ ու պար, ասմունք: Երեկոյի ընթացքում խոսք ասացի Շուշիի 1992 թվականի ազատագրության մասին:

Շուշիի ազատագրության 25-ամյակի հանդիսություն-խրախճանք ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի մարզադահլիճում

Մայիսի 13-ին Մոնրեալից օդանավով մեկնեցի Տորոնտո: Օդանավակայանում ինձ դիմավորեց Տորոնտոյի Հայ ակումբի պատասխանատուներից Վահե Ծատուրյանը, ով քաղաքում գտնվելու երկու օրերի ընթացքում տիկնոջ՝ Անաբել Շառոյանի հետ, ինձ անգնահատելի օգտակար և աջակից եղավ:

ԱՆԻ կենտրոնի բարեկամ Զոհրաբ Սարգսյանի հետ, Տորոնտո

Հայության թիվը այս քաղաքում, ինչպես Մոնրեալում, անընդհատ ավելանում է սիրիահայերի և հայաստանցիների արտագաղթի պատճառով։ Այսօր Տորոնտոյում հայության թիվը 40 հազարի սահմաններում է։ Այստեղ նույնպես գործում են հայկական տարբեր քաղաքական, կրոնական և ազգային այլ հաստատություններ, լույս է տեսնում ՀՅԴ «Տորոնտոհայ» ամսաթերթը։

Էդգարի հետ Տորոնտոյի Ալեք Մանուկյան կենտրոնի դիմաց

Մայիսի 14-ի առավոտյան Տորոնտոյում հաստատված Էդգար Մանուկյանի օգնությամբ ծանոթացա քաղաքի և այնտեղ գործող հայկական մի շարք կառույցների հետ: Նույն օրը կեսօրին Տորոնտոյի Հայ ակումբը ՀԲԸՄ կենտրոնում կազմակերպել էր իմ դասախոսությունը։ Հանդիպման մասնակիցներին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի ներքաղաքական վիճակը։ Նրանք մանրամասնորեն տիրապետում են և օրը օրին հետևում, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Վահեի հետ

Վերապահումներով և պայմանականորեն կանադահայությանը կարելի է բաժանել մի քանի խմբերի։ Առաջին խումբը ավանդական սփյուռքն է, որին ավելի շատ հետաքրքրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայ դատը և հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիայի ներքին վիճակը։ Երկրորդը այն հայերի խումբն է, որին մտահոգում է նախ և առաջ Հայաստանում տիրող իրավիճակը՝ արտագաղթը, կոռուպցիան, ընտրակեղծարարությունը, անարդարությունները, քաղաքական բանտարկյալները։ Այս խմբի մեջ միավորվել են ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ հայաստանցիներ։ Երրորդ խումբը «լուռ մեծամասնությունն է»՝ silent majority-ին, որի ձայնը քիչ է լսվում։

Տորոնտոյում ես առիթ ունեցա մոտիկից ծանոթանալ ԱՆԻ կենտրոնի բարեկամներից Զոհրաբ Սարգսյանի, ինչպես նաև՝ Հարութ Մարտիրոսյանի, Վարաժ Ստեփանյանի, Դրո Ծատուրյանի, Նուբար Փոլադյանի, Զարեհ Ուզունյանի և բազմաթիվ այլ լավ մարդկանց հետ, որոնց ծանոթ էի Ֆեյսբուք սոցիալական ցանցից կամ նրանք ինձ ճանաչում էին իմ հրապարակումներով:

Զարեհի, Անաբելի և Վահեի հետ, Տորոնտո

Կանադա այցելության վերջին օրը՝ մայիսի 15-ին, Վահե Ծատուրյանի հետ եղանք Նիագարայում՝ մի քիչ հանգստանալու և Նիագարայի երկու ջրվեժներով հիանալու նպատակով։ Նույն օրը երեկոյան նա ինձ հասցրեց օդանավակայան, որտեղից Փարիզի ճանապարհով վերադարձա տուն:

Նիագարայի ջրվեժը

Կանադա իմ 10-օրյա այցելության, ձեռնարկների, ծանոթությունների համար շնորհակալ եմ բազմաթիվ մարդկանց, առաջին հերթին ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղին ու նրա պատասխանատուներ Շահե Թանաշյանին ու Հակոբ Արսլանյանին, ինչպես նաև՝ Վահե Ծատուրյանին:

Թաթուլ Հակոբյան