Արա Բաբլոյան. կենսագրական

2824

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը, ԱԺ փոխանախագահների պաշտոնում կառաջադրվեն Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները:

«Թեկնածուներին առաջարկել է Հանրապետության նախագահը և կուսակցությունը ընդունել է միաձայն»,- ասել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Արա Բաբլոյանը ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1989թ. երիկամի փոխպատվաստման մասնագիտացում է անցել Շվեյցարիայում եւ Բելգիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ:

Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի, Բելգիայի բժշկագիտության թագավորական ակադեմիայի անդամ:

1970թ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ:

1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ:

1990թ. հիմնադրել է ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն:

1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար:

1997 թվականից ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007 թվականից՝ գիտական ղեկավար:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է:

Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I’Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Լուսանկարում՝ Արա Բաբլոյանը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հետ