Արաքսի ափին

2728

Մինչ Լիբանանի ՙԱրցախ՚ հիմնադրամի անդամներն ու լիբանանահայ գործարարները մոտենում էին Արաքսին, լվացվում կամ պարզապես երկար նայում ջրերի արագ ու անկանոն ընթացքին` խմբավար Զաքար Քեշիշյանը նստեց հենց գետի ափին ու սկսեց շվի նվագել: Հիմնադրամի վարչության անդամներն ու գործարարների խումբը ազատագրված տարածքներ էին եկել ոչ թե Արաքսը այսքան մոտիկից տեսնելու, թեև դա ինքնին արդարացված պատճառ կարող է լինել, այլ իրենց ներդրումը բերելու հայ մարդու արյամբ ազատագրված հողերի վերաբնակեցման և բարգավաճման գործին: Որևէ այլ տեղ հայերը այսքան չեն կարող մոտենալ մայր գետին, ինչպես ազատագրված տարածքներում, որովհետև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններն իրենց երկաթյա փշալարերով ու դիտաշտարակներով շարունակում է հիշեցնել ՙսառը՚ պատերազմի անցյալը:

ՙԱրցախ՚ հիմնադրամի և լիբանանահայ գործարարների խումբը  2009-ի օգոստոսի մի առավոտ Ստեփանակերտից ուղեւորվեց Բերձոր, այնտեղից` Հակարի գետի հոսքի ուղղությամբ դեպի Արաքս` ճանապարհին ունենալով մի քանի կանգառներ:

Խմբին միացել էին ՙԹուֆենկյան հիմնադրամի՚ Հայաստանի ներկայացուցիչ Մարո Մաթոսյանը, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Սարգսյանը, Լիբանանի էներգետիկայի նախարար Ալեն Թաբուրյանը, Բուրջ Համուդի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը, գործարար Ստեփան Տեր-Պետրոսյանը` տիկնոջ ու դստեր հետ:

Մեր հրաշալի խմբի մեջ էին նաև գործարարներ Վաչե Դեգիրմեջյանը,  Վահան Գասարճյանը, Պետրոս Սապունջյանը, Նազարեթ Գարագաշյանը, Բյուզանդ Գեւորգյանը որդու` Վիգենի հետ, ՙԱրցախ՚ հիմնադրամից Մասիս Ալեքսանդրյանը դստեր` Մարալի հետ, և Շողիկ Կոնջյանը: Մեզ միացան նաև ՙԹուֆենկյան հիմնադրամի՚ բիզնես ծրագրերի համակարգող Էդիկ Գրիգորյանը, Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանը, ինչպես նաև Զաքար Քեշիշյանը`տիկնոջ հետ:

Քաշաթաղի շրջանի տարածքով են անցնում Հայաստանը եւ Արցախը միմյանց կապող ցամաքային չորս ճանապարհներից երեքը. Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (սա հիմնական և միակ բարեկարգ ուղին է), Գորիս-Քաշունիք (Ղուբաթլու)-Հադրութ-Ստեփանակերտ, Կապան-Կովսական (Զանգելան)-Հադրութ-Ստեփանակերտ: Հայաստանը Արցախին կապող ցամաքային չորրորդ ճանապարհը անցնում է Քարվաճառով (Քելբաջար)` Վարդենիս-Զոդ-Քարվաճառ-Դադիվանք-Մարտակերտ:

2008թ. մարտին Բերձոր քաղաքում ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը Քաշաթաղի զարգացմանը նվիրված համահայկական խորհրդաժողով էր կազմակերպել` նպատակ ունենալով ծանոթացնել շրջանի ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև` ուշադրություն հրավիրել ազատագրված տարածքների խնդիրներին, դժվարություններին ու շրջանի ռազմավարական կարեւորությանը Ղարաբաղի եւ ՀՀ-ԼՂՀ ցամաքային կապի ամրապնդման տեսանկյունից: Այդ  խորհրդաժողովի գործնական արձագանքը լիբանանահայ գործարարների այցն էր:

Խումբը Քաշաթաղ այցելությամբ երկու նպատակ էր հետապնդում. ՙԱրցախ՚ հիմնադրամը շարունակում էր նախորդ տարիներից սկսած բարեգործությունը` յուրաքանչյուր ընտանիքում ծնված երրորդ երեխային մեկ կով էր նվիրում, իսկ մյուս գործարարները ծանոթանում էին շրջանի ներդրումային հնարավորություններին: Իրականում` երկու գործերը կատարվում էին միաժամանակ, իսկ որոշ գործարարներ մասնակցում էին նաև կով բաշխելու և անասունների ականջներին հատուկ գործիքով համարներ կպցնելու ոչ դյուրին աշխատանքին: Ամենաարհեստավարժը ՙԱրցախ՚ հիմնադրամի ատենապետ Մելքոն Հակոբյանն էր, ով փորձ էր կուտակել նախորդ տարիներին:

ՙԱրցախի համար ինչ էլ անենք, բան արած չենք լինի: Ի գին ամեն զոհողության` մենք պետք է օգնենք Արցախին: Մենք կռվեցինք մեր հողերը ազատագրելու համար, այլ ոչ թե դիմացինի հողերը հափշտակելու: Մեր պատկերացմամբ` Արցախի հզորությունը գալիս է նրա բնակչության թվից: Ամեն ինչ պետք է անել, խրախուսել, որ բնակչության թիվը ավելանա՚,- ասում է Հակոբյանը: Նրան տպավորել է ազատագրված տարածքներում բնակվող մարդկանց արժանապատվությունը: Նրանք, անշուշտ, մեծ ուրախություն են ապրում, երբ ստանում են օգնությունը, սակայն չտեսի տպավորություն չեն թողնում: ՙՀակառակը, այդ մարդիկ մեզ հյուրասիրում են իրենց չունեցածից՚:

ՙԱրցախ՚ հիմնադրամը 2009-ին ստացել է ավելի քան 150 դիմում: Երբեմն կովի ականջ ծակելու արարողությունը վերածվում էր կատակերգության: Կարող է այնպես լինել, որ, օրինակ, կովը անընդհատ թափահարի գլուխն ու ականջները և դժվարացնի գործը: Հաճախ անասունը իր հետեւից վազեցնել է տալիս միանգամից մի քանի գործարարի: Երբեմն անասունը պատրաստ կանգնում է և հնազանդվում:

Հակարի և Գետամեջ գյուղերում երեք կով բաժանելուց հետո խումբը կանգ առավ Իշխանաձորում, որտեղ ՙԱրցախ՚ հիմնադրամը կառուցում է վառելանյութերի եւ ավտոպահեստամասերի վաճառքի կետ: Հակարի գետի երկայնքով շարունակեցինք ընթացքը, ապա կամրջով հատելով գետը, շարժվեցինք արեւմտյան ուղղությամբ` դեպի Կովսական, որը գտնվում է Քաշաթաղի շրջանով հոսող մեկ այլ` Ողջի գետի ափին: Լիբանանահայ գործարարները եղան քաղաքի հիվանդանոցում, որը սպասարկում է Քաշաթաղի շրջանի հարավային գոտու երկու տասնյակ գյուղերի բնակիչներին:

Կովսականից շարժվեցինք Արաքսի ափ, այնտեղ, որտեղ Ծավ գետը միանում է Արաքսին: Կարճ հանգստից հետո մեկնեցինք Միջնավան, որտեղ բաժանվեց ևս հինգ կով: Վերջում լիբանանահայ գործարարները նկարվեցին ընտանիքների հետ, լուսանկար` լավ ու բարի հիշողությունների համար:

Բյուզանդ Գեւորգյանը պատերազմի տարիներին ԼՂ բանակին նվիրել է 12 հազար զույգ զինվորական կոշիկ: Տարիներ են անցել և այժմ, միանալով այլ գործարարների, նա Քաշաթաղ էր եկել ներդրումներ կատարելու մտադրությամբ: Նա Լիբանան է վերադառնում ավելի մեծ վստահությամբ ու համոզումով, որ իրենց նախաձեռնությանը կմիանան լիբանանահայ այլ գործարարներ: Ազատագրված տարածքները բնակեցնելու համար հայրենասիրությունը կարևոր է, բայց մարդու համար պետք է ստեղծել ապրելու արժանապատիվ պայմաններ: ՙՔաշաթաղի շրջանի գյուղացիները պետք է լավ ապրեն, որպեսզի կարողանան մնալ այս հողի վրա՚,- ասում է Գեւորգյանը:

Կարո Բայդարյանը 1992-ի մայիսից ի վեր, երբ հայկական ուժերը բացեցին Լաչինի մարդասիրական միջանցքը, շատ անգամ է եղել ԼՂ-ում: Նա հիշում եւ համեմատում է` գետնի վրա հսկայական աշխատանք է կատարվել: Բայդարյանը վստահ է, որ լիբանանահայ գործարարները ազատագրված տարածքներում ներդրումներ կանեն: ՙԱմեն երկիր ներդրումների իմաստով ռիսկեր ունի, սակայնմեր նպատակն այս տարածքներում փող շահելը չէ, այլ Քաշաթաղի տնտեսական զարգացմանը օգնելը: Եթե Քաշաթաղում մարդիկ սկսեն ավելի լավ ապրել, ապա բնակչությունը կավելանա՚:

Այս տարածքներում մարդիկ ունեն բազում դժվարություններ: Նրանց մի մասը ապրում է զրկանքներով, երեխաների մի մասը թերսնվում է, ճանապարհները բարվոք չեն, իսկ շուրջդ ավերակներ են: Հնարավոր է անցնես կիլոմետրեր և չհանդիպես մեքենայի կամ մարդու:

ԼՂ-ում գտնվելու օրերին լիբանանահայերի խումբը Մասիս Ալեքսանդրային գլխավորությամբ երկու հանդիպում ունեցավ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Բեն Բչաքչյանը խմբի անունից վարչապետին ասաց, որ բարեսիրությունից անդին կարևոր է, որ Քաշաթաղի շրջանը զարգանա և  կարողանա գոյատեւել: ՙՄենք Բեյրութում կազմակերպեցինք հանդիպում լիբանանահայ շուրջ 100 հաջողակ գործարարների հետ` փորձելով նրանց առնչակից դարձնել Քաշաթաղի շրջանի խնդիրներին: Այդ մարդիկ քաջ գիտակցում են, որ Քաշաթաղն այն շրջանը չէ, որտեղ ներդրումներ անելով հնարավոր է մեծ եկամուտներ ակնկալելը: Մեր գործունեությունը պետք է լինի շարունակական և նպաստի Քաշաթաղի տնտեսական զարգացմանը: Մենք լրջորեն նպատակ ունենք այստեղ գործ դնել: Եթե մեզ հաջողվի հասնել արդյունքների, ապա վստահ եղե’ք, որ մեզ հետեւելու են Սփյուռքի այլ գաղութների գործարարներ՚:

*****

Արցախ այցելողները Բերձոր չհասած` Աղավնո գետի ձախ ափին, տեսնում են նոր գյուղի շինարարությունը, որն իրականացնում է մի քանի տասնյակ սփյուռքահայերի «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՌԻ) ընկերությունը` Ստեփանակերտի իշխանությունների հետ համատեղ:

0

Արդեն պատրաստ են մոտ երեք տասնյակ բնակարաններ, իսկ առաջիկա մեկ-երկու տարիներին կկառուցվեն ևս մի քանի տասնյակը:

1

Քաղաքատիպ ավանը կառուցվում է Աղավնո գյուղի տեղում` Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ:

12552950_1654573164801425_2977386203244133133_n

Աղավնոն նախկինում, մինչև 1992-ը, կոչվում էր Զաբուխ:

Բնակավայրի կառուցումը վերաբնակեցման քաղաքականության մաս է կազմում: Արցախի կառավարության որոշումով` գյուղի  մի քանի բնակարաններ կտրամադրվեն վեց երեխայից ավելի ունեցող, ինչպես նաև` նահատակված ազատամարտիկների ընտանիքների:

8

Իսկ մնացյալ բնակարանները պետության կողմից երկարաժամկետ և ցած տոկոսներով տրամադրվելիք վարկերով կստանան այն ընտանիքները, որոնք վերաբնակվելու նպատակով ցանկություն ունեն հաստատվել կառուցվող ավանում:

2

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի

18 հունվար, 2016թ.

Գլխավոր լուսանկարում՝ Արաքսը Մեղրիի շրջանի հատվածում