ՀՅԴ-ն լուրջ ուժ է Սփյուռքում, Սերժ Սարգսյանի համար կարևոր է ՀՅԴ միջոցով Սփյուռք դուրս գալը

1386

Երևան (Նորանոր) – 1992թ-ի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին, որի շնորհիվ Ղարաբաղյան ազատագրական պատերազմում բեկում տեղի ունեցավ: Այս տարի լրանում է պատմական կարևոր իրադարձության 25-ամյակը, որի առիթով Կանադայի երկու հայաշատ քաղաքներում՝ Տորոնտոյում և Մոնրեալում տեղի կունենան դասախոսություններ՝ հայ վերլուծաբան, քաղաքագետ և լրագրող Թաթուլ Հակոբյանի ընթերցմամբ:

Միջոցառումները տեղի կունենան ՀԲԸՄ Մոնրեալի բաժանմունքի հրավերով, ընդհանուր առմամբ երեք դասախոսություններ և Հակոբյանի՝ «Արցախյան օրագիր» ու «Հայերը և թուրքերը» գրքերի ներկայացում: Երկու հանդիպում՝ մայիսի 10-ին եւ 12-ին կլինեն Մոնրեալում, իսկ մեկ հանդիպում՝ մայիսի 14-ին՝ Տորոնտոյում:

Թաթուլ Հակոբյանը հայտնի է իր՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական փորձագիտական անկախ վերլուծություններով, հետևաբար բացահայտորեն հաճախ անդրադառնում է այն մարտահրավերներին, որոնց առջև գտնվում է երկիրը: Թե այդ մոտեցումներն ինչպես է պատրաստվում ներկայացնել Կանադայում, ինչ ակնկալիքներ ունի հայ համայնքի հետ հանդիպումներից և ինչպիսին կարող է լինել ներքաղաքական զարգացումներում Սփյուռքի ազդեցությունը, այս մասին փորձագետը մանրամասնել է Noranor.ca-ի հետ զրույցում:

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Սփյուռքը տարիներ շարունակ բավականին մոտիկից հետևում է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին և իր էական ներգործությունն ու ազդեցությունը փորձում ունենալ Ղարաբաղյան խնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործում, այնպես որ հանդիպումը լինելու է ոչ թե խնդիրների ներկայացում, այլ տեսակետների քննարկում, ակնկալում է Հակոբյանը, ով ևս սպասելիքներ ունի Սփյուռքի հայրենակիցների համար անցկացվող դասախոսություններից:

«Նման հանդիպումները, որտեղ բանախոսը ներկայացնում է ոչ թե պաշտոնական շրջանակները, այլ ավելի շատ անկախ քաղաքական միտքը և, այսպես ասեմ, քննադատական մտածելակերպը – ինձ այդպիսին  եմ համարում – ես կարծում եմ, որ սա այլընտրանքային աղբյուր է նրանց համար անսխալ պատկեր կազմելու համար: Սա փոխադարձ օգտակար է և համայնքի համար, և իմ համար նաեւ, որովհետև ես կփոխանցեմ տեղեկատվություններ, որոնք իրենց համար կլինեն նորություն, այլընտրանքային և ես տեղում կստանամ պատկերացումներ, թե ինչպես է վերաբերում Սփյուռքը, կոնկրետ կանադահայությունը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:

ԿԱՆԽԵԼՈՒ ԲԻՐՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Սփյուռքը հիմա այլևս միայն ունկնդիր չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին,  վերջին ընտրությունները ցույց տվեցին նրանց շահագրգռվածությունը մասնակցել հայրենիքում արդարության հաստատման գործին: Ստեղծվեց «Հայկական վերածնունդ» շարժումը, որը որոշակիորեն մոնիտորինգ կատարեց, «Դեպոպ» կառավարման ինստիտուտը, մեծ գումարներ ներդնելով, հետևեց իրադարձութուններին, բայց որ էական ազդեցություն չէր կարող ունենալ երկրում իշխանափոխություն իրականացնելու գործում, սա փորձագետը Հայաստանի դեպքում հեշտ գործ չի համարում:

«Իհարկե, Հայաստանը քանի որ ավտորիտար պետություն է, պետք չի ակնկալել, որ Սփյուռքի ներգրավվածությունը կարող է միանգամից շոշափելի, ակնհայտ փոփոխություններ բերել, պետք չի ակնկալել, որ մեկ կամ հինգ տարում մենք կունենանք որակական նոր Հայաստան Սփյուռքի ներգրավվածությամբ, այս ճանապարհը դեռեւս շատ երկար է լինելու, մինչև որ Հայաստանը դառնա կարգին, նորմալ, ժողովրդավարական, սոցիալապես արդար պետություն, բայց այն լրացուցիչ գործոն է, որն իշխանություններին ստիպում է չդիմել բիրտ միջոցների»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՆՍԵՆՍ

Դա պետք է լինի շարունակական ոչ միայն ընտրությունների դիտարկման, այլև շարժումների մասնակցության և այլ հարցերում: Քաղաքացիական ակտիվությունը կարևոր է, բայց չպետք է անտեսել քաղաքական ավանդական ուժերի դերակատարությունը: Իսկ այդ ուժերից միակը՝ Դաշնակցությունը, որը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում համեմատաբար հզոր է, կանգնած է իշխանության կողքին, կոալիցիա է կազմել գործող ՀՀԿ-ի հետ, հրաժարվել է մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին:

«Ես կարող եմ ենթադրել, որ կոալիցիայի մաս կազմելու Դաշնակցության քայլը միանշանակ չի ընդունվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի դաշնակցական որոշ շրջանակներում: Միանշանակ չէ, որ ողջ Դաշնակցական շրջանակներն են պաշտպանում այդ քաղաքականությունը»,- նշում է քաղաքական փորձագետը:

Թե ինչու են որոշել իշխանության մաս կազմել մի քաղաքական ուժի հետ, որը դրա կարիքը չունի, ինչու է Հանրապետականը բարի կամք դրսևորում արդեն որերորդ անգամ՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցության, վերլուծաբանը միայն կարող է ենթադրություններ անել՝ չմոռանալով շեշտել, որ նման իրավիճակը քաղաքական նոնսենս է համարվում:

«Թե ինչու է ՀՀԿ-ն ցանկանում Դաշնակցության միավորումը, ես կարող եմ միայն ենթադրել հետևյալը. Որովհետև Դաշնակցությունը լուրջ ուժ է ներկայացնում Սփյուռքում, և ՀՀԿ-ի համար չափազանց կարևոր է հենց ՀՅԴ միջոցով պահպանել բարիդրացիական հարաբերություններ Սփյուռքի հետ՝ ակնկալելով Սփյուռքի ֆինանսական, մարդկային և այլ ներգրավվածություն: Ես իհարկե հասկանում եմ, որ ՀՀԿ-ն զուտ տրամաբաներոն է փորձում ունենալ Սփյուռքի ներգրավվածություն, բայց քաղաքական իմաստով սա նոնսենս է, այսպես չի կարող լինել, ուժը ստանում է մեծամասնություն և այլ ուժերի հետ կազմում է կոալիցիա»,- պնդում է վերլուծաբանը:

ԹՈՒՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ

Ինչ վերաբերում է մյուս երկու սփյուռքյան ավանդական ուժերին՝ ՌԱԿ եւ ՍԴՀԿ կուսակցություններին, նրանք այլևս ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում լուրջ դերակատարություն չունեն, որ քաղաքական որոշումներում ու քաղաքացիական կյանքում էական ազդեցություն ունենան, կարծում է Հակոբյանը:

«Նրանք Հայաստանում վաղուց խորհրդարանում ներկայացված չեն կամ եթե ներկայացված են լինում, մեկ պատգամավորով այլ ուժի հետ են մտնում խորհրդարան, բայց ընդհանուր առմամբ նույնիսկ ներքաղաքական կյանքում մենք չգիտենք, որ իրենք տեղական ընտրություններում ռամկավարներ կամ հնչակյաններ լինեն, այս իմաստով թույլ են Հայաստանում, և կարծում եմ, որ այդ երկու կուսակցությունները թույլ են նաեւ Սփյուռքում, և միակ գլխավոր ուժը սփյուռքյան ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն է»,- վստահ է բանախոսը:

Որպես քաղաքական միավոր՝ վերջինս մրցակից չունի, թեև Սփյուռքում կան այլ հզոր կառույցներ, ինչպիսին, օրինակ ՀԲԸՄ-ն է, բայց այն քաղաքական միավոր չէ, հետեւաբար Սփյուռքի ազդեցությունը Հայաստանի վրա գնահատելու համար պետք է հաշվի առնել հենց խորհրդարան մտած ՀՅԴ-ի վարած քաղաքականությամբ, որքան էլ դա անընդունելի լինի ինչպես սփյուռքահայերի, այնպես էլ որոշ կուսակիցների համար:

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

www.noranor.ca

Image – Tatul Hakobyan in Ottawa, Canada, May 10, 2017