Իլհամ Ալիևն իսլամական աշխարհին կոչ է անում չհամագործակցել Հայաստանի հետ

1699

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոդված է գրել, որում իսլամական աշխարհին կոչ է անում հրաժարվել Հայաստանի հետ սերտ համագործակցությունից։ Իր «Իսլամական համերաշխության ամրապնդումը՝ ժամանակի մարտահրավեր» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ամսագրում, Ալիևը մատնանշում է իսլամական աշխարհի առաջ ծառացած մի շարք մարտահրավերներ, որոնց թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը։

Ադրբեջանի ղեկավարը գրում է, որ ՄԱԿ-ն ու ԻՀԿ-ն Հայաստանին «ճանաչել են որպես ագրեսոր», և իսլամական աշխարհը «պետք է հիշի դա՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելուց առաջ»։

Ալիևի պնդմամբ՝ Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային օբյեկտների, այլև ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։

Նա հատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Պակիստանը չի ճանաչել Հայաստանը, իսկ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց։ Ալիևը դա համարում է «եղբայրական, իրական աջակցության օրինակ»։

Մայիսի 12-22-ը Բաքվում անկացվելու են Իսլամական համերաշխության խաղերը, որոնց մասնակցում է ավելի քան 50 երկիր։ Չեն մասնակցում Լիբիան, Քուվեյթը, Սուդանը։ Իսլամական համերաշխության մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, պարզաբանելով այդ երկրների բացակայությունը խաղերին, ասել է, որ Քուվեյթի դեպքում խնդիրներ են ծագել Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, Լիբիան չի մասնակցում «ներքին պատճառներով»։

www.civilnet.am