Օսմանցիները վստահեցնում էին հայերին, որ ապստամբությունը Կովկասում անհրաժեշտ է

1250

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Այս շարքի նախորդ մասը կարդալ այստեղ
_______________________

Վրաստան 1915/11/27 #153

Օսմանյան Հայաստանում հայերի ապստամբության առաջնորդ Ռուբենի հիշողությունը

Սասունում հայերի ապստամբության առաջնորդներից մեկը` Ռուբենը, Պետրոգրադում հանդիպել է մի քանի դիվանագետի, որպեսզի ծանոթացնի Օսմանյան Հայաստանի իրավիճակին: Պետրոգրադից նա ուղևորվել է Մոսկվա` հանդիպելու տեղի հայերին: Մոսկվայում, հայ ներկայացուցիչների շրջանում, Ռուբենը խոսել է Օսմանյան կայսրության հայկական վիլայեթներում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Պատերազմը սկսվելուն պես Էրզրումում հրավիրվել է դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչներից կազմված համաժողով: Երբ երիտթուրքերն իմացել են համաժողովի մասին, ներկայացուցիչներ են ուղարկել: Վերջիններս հայերին հայտնել են, որ եթե Օսմանյան կայսրությունը որոշի հարձակվել Ռուսաստանի վրա, ապա հայերը պետք է աջակցեն Օսմանյան կառավարությանը` Կովկասում ապստամբություն բարձրացնելով: Հայերը պետք է կազմեն քարոզչական խումբ և ուղևորվեն Կովկաս` լուծելու այդ հարցը: Օսմանյան առաքելության ներկայացուցիչները նաև նման քարոզչությամբ զբաղվողներ են բերել, որոնց ղեկավարը եղել է Ամիր-Շիհմաթը:

Օսմանցիները վստահեցնում էին հայերին, որ ապստամբությունն անհրաժեշտ է և առաջիկայում կապստամբեն նաև թաթարները, վրացիները և այլ լեռնեցի ժողովուրդներ: Օսմանցիները համաժողովի ժամանակ նաև ներկայացրել են կովկասյան ժողովուրդների ապագա քարտեզը, ըստ որի՝ Քութայիսիի և Թբիլիսիի նահանգները, Սուխումին, Բաթումիի նահանգը և Տրապիզոնի վիլայեթի մի մասը վրացիներին է պատկանում, Լեկեթին, լեռնային նահանգները մինչև Կավկավ, Բաքուն և Գյանջայի նահանգի մի մասը` թաթարներին, իսկ Ղարսը, Էրևանի նահանգը, Գյանջայի մի մասը և Էրզրումի վիլայեթի մի մասը, Վանի և Բիթլիսի վիլայեթներն ամբողջովին` հայերին: Օսմանցիների ծրագրի համաձայն, սրանք բոլորն ինքնավար միավորներ կլինեն, իսկ գերագույն վերահսկողությունը կպատկանի Օսմանյան կայսրությանը: Հայերը չեն համաձայնել օսմանցիների այս ծրագրին, ինչից հետո սկսել են ճնշել հայերին: Ռուբենը պարզ ներկայացրել է հայ-օսմանական հարաբերությունները:

Զոհեր շատ կան… ավարտեց Ռուբենը… Միայն Մուշի շրջանում սպանված կլինի մոտ 60 հազար հայ: Նույն իրավիճակն է եղել նաև այլ վայրերում:

Վրաստան 1915/12/6 #161

Հայերի կյանքը

Բժշկա-սանիտարական բանակ է ուղարկվել Վան, որը մոտ 140 մահճակալ կտեղադրի: Բանակը ղեկավարում է Կովկասի քաղաքների միության հոգաբարձու Աթանեսյանը: Նրան նաև վստահվել է սննդի կետեր պատրաստել տարբեր վայրերում:

Հայկական թերթի փոխանցմամբ` Վան է վերադարձել մոտ 6 հազար փախստական: Առաջին անհրաժեշտության պարագաները երբեմն չեն բավարարում: Ռուսական բանակի հրամանատարի հրամանով բացվել են բոլոր հացի փռերը, գործարկվել են նաև ալրաղացները:

Վրաստան 1915/12/8 #162

Հայերի կյանքը
Հայերը Պարսկաստանում

Հայկական թերթին Թեհրանից տեղեկացնում են. Համադանի և Սուղթանաբադի հայերի իրավիճակի մասին իրականությունը ոչ ոք չգիտի: Նրանց մասին հազար ու մի լուր է պտտվում: Մալաքարից փոխանցում են, որ այնտեղ ռուսահպատակ մի քանի հայի են գերի վերցրել:

Համադանից և շրջակա տարածքներից հայերը փախչում են Ղազվին, իսկ եթե ֆիդայիները և քրդերը նրանց կոտորեն, ապա այս կերպ կխառնվեն ամերիկացի միսիոներների գործերի մեջ: Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի վերաբերյալ վերջին ժամանակներում գերմանական թերթերում հաճախ նամակներ են հրապարակվում: Այս պահին Էջմիածնում փորձում են զոհված հայերի մոտավոր թիվը ճշտել: Երևանում փախստական հայերի մեջ տարբեր վարակներ են տարածվում:

Վերջին ժամանակներում Պարսկաստանից տեղեկությունները հայ հասարակությանը շատ է մտահոգում․ մտահոգվում են, որ այնտեղ նույնպես չլինեն կոտորածներ:

Վրաստան1915/12/10 #164

Հայերի կյանքը

«Մշակ» թերթին Վանից տեղեկացնում են. այս պահին Վան քաղաքում 1․600 փախստական կա, իսկ քաղաքի շրջակայքում` 4․500: Նրանց տասը տոկոսը տղամարդիկ են: Փախստականները ժամանակ առ ժամանակ վերադառնում են իրենց հայրական տները: Պրոֆեսոր Ն. Մառի օգնությամբ Վան է ուղարկվել փորձագետ, ում հանձնարարվել է պաշտպանել հայկական մշակութային և պատմական հուշարձանները: Նա մտադիր է հավաքել պատմական, եկեղեցական և այլ ձեռագրերն ու Էջմիածին ուղարկել, որպեսզի դրանք պահպանվեն: Սրա հետ համաձայնել է նաև ամենայն հայոց կաթողիկոսը:

Ամերիկայի հայությունը պատերազմից տուժած հայերին օգնություն է ցուցաբերել: Ավստրիայի հայությունը Օսմանյան կայսրությունում տիրող հայերի իրավիճակի վերաբերյալ կդիմի կայսր Ֆրանց Հովսեփին: Բուլղարիայում հայերը ձերբակալվում և ուղարկվում են Օսմանյան կայսրություն:

Վրաստան 1915/12/11 #165

Հայերի կյանքը

Վան է ժամանել հայ կամավորականների բանակը` Իշխանի հրամանատարությամբ: Փախստականների և տուժած հայերի համար հայկական օգնության հանձնաժողովն ալյուր է ուղարկում:

Ամերիկան և հայերը
Փոքր Ասիայում հայերի կոտորածի հետևանքով Ամերիկայի միսիոներների հոգաբարձու Մորգենթաուն հատուկ հանձնաժողով է ուղարկել Փոքր Ասիա: Հանձնաժողովը մոտ ապագայում կհրապարակի իր գործունեության ու քայլերի վերաբերյալ զեկույց:

Հայերի կոտորածը

«Վոռլդ» թերթում Անատոլիայի հայության կոտորածի վերաբերյալ նամակներ է հրապարակվել: Երբ այս վիլայեթից 600 մարդ են վերաբնակեցրել, տեղ են հասել միայն 200-ը: Մնացած 400-ին ճանապարհին կոտորել են:

Վրաստան 1915/12/12 #166

Հայերի կյանքը
Օգնություն հայ փախստականներին

Էջմիածին են ժամանել 25 երիտասարդ: Նրանց խոսքերով` իրենք 700 հոգի են եղել: Շուշիում կոտորածը սկսելուն պես դիմադրություն են ցույց տվել օսմանյան բանակին: Էջմիածին հասած 25-ից բացի բոլորին կոտորել են:

Մեծ Բրիտանիայի գաղութը 200 մանեթ է փոխանցել Բաքվում փախստական հայերին՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: