Բրեստ-Լիտովսկի դաշինքը՝ չարյաց փոքրագույն․ հեռագիր Սեյմի ՀՅԴ հատվածին․ 1918

2217

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը («Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010), որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

Աստվածատուր Խաչատրյանի օրագրությունը ԱՆԻ կենտրոնը մեսրոպյանից վերածել է աբեղյանական ուղղագրության։ Այն ներկայացնում ենք մաս առ մաս։ Ներկայացվող մասերի խորագրերը ԱՆԻ կենտրոնն են։

———————————————————

Տրապիզոնի բանակցությունները

Ի՞նչ էր իրենից ներկայացնում Կովկասի պատվիրակությունը. կովկասյան ցեղերի խառնուրդ, որոնք ոչ միայն ցեղային ատելություն ունեին միմյանց նկատմամբ, այ իրենց ազգային ձգտումներով և շահերով տրամագծորեն իրար հակառակ էին: Թուրքերը շատ լավ գիտեին սա, ուստի՝ կարևորություն չտալով զանազան դիմումներին՝ առաջխաղացումը կասեցնելու, Կովկասի սահմաններում բուռն ուժով առաջ էին տանում իրենց նվաճումը, մյուս կողմից՝ անուշ և երկդիմի խոսքերով զբաղեցնում էին պատվիրակությանը՝ աշխատելով ավելի խորացնել նրանց միջև եղած արդեն բացած ճեղքը:

Վերջապես, Կովկասի պատվիրակությունը համբերությունը հատած, որոշում է իրենց բերած 4 թեզիսները ներկայացնել թուրքական պատվիրակությանը:

Սեյմի դրած այս 4 խնդիրներից երրորդն էր՝ պահել 1914-ի Կովկասի սահմանները, իսկ չորրորդը վերաբերում էր թրքահայերի ինքնավարությանը:

Ռաուֆ բեյը, ժողովի ընթացքում լսելով այս կետերը, ասաց. «Բողոքում ենք այս բառի բովանդակ իմաստով այն կետի դեմ, որ տրամադրություն է ցույց տալիս միջամուխ լինելու մեր ներքին գործերին»:

Կովկասի պատվիրակության չորրորդ կետը շոշափում էր Թուրքիայի ամենից ցավալի կողմերից մեկը: [Թուրքերը] կոտորված ժողովրդի հետ թաղված էին համարում նաև հայկական խնդիրը:

Այսպես, Կովկասի պատվիրակությունը պետք է հրաժարվեր Սեյմի դրած չորրորդ կետի պահանջից:

Սակայն կացությունը ավելի նպաստավոր չէր նաև երրորդ կետի վերաբերյալ։ Ռեուֆ բեյը ասել էր արդեն, որ Բրեստում հաշտությունն արդեն կնքված է և իրենք պահանջում են նրա գործադրությունը։

Կովկասի պատվիրակությունը երկընտրանքի առաջ էր գտնվում՝ կամ ընդունել, կամ խզել բանակցությունն ու վերադառնալ Թիֆլիս։ Երկար վիճաբանություններից հետո Կովկասի պատվիրակությունը իր մեջ որոշում է ընդունել Բրեստի պայմանները։ Ապրիլի 8-ին Չխենկելին հեռագրում է Սեյմին․ «Լիազորություն եմ ուզում՝ ընդունելու Բրեստի դաշնագրությունը»:

Կովկասի պատվիրակության հայ անդամները հեռագրում են Սեյմի Դաշնակցության հատվածին․ «Բրեստի դաշնագրության ընդունելը փոքրագույն չարիքն է»:

Նշանակված ժամանակը լրանում է, իսկ պատվիրակությունը Սեյմից պատասխան չի ստանում։ Ուստի, ապրիլի 10-ին Չխենկելին թուրքական պատվիրակությանը հաղորդում է, որ ընդունում է Բրեստի դաշնագրությունը և պատրաստ է շարունակելու բանակցությունները՝ հիմնվելով նրա վրա։

Ապրիլի 13-ին Ռեուֆ բեյը Կովկասի պատվիրակությանը հաղորդում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Կովկասը հայտարարի իր անկախությունը։

Մինչ, մի կողմից Տրապիզոնում գործը, կարծեք, այսպես իր վախճանին է հասնում, մյուս կողմից՝ թուրքական պատվիրակության վերջնագիրն այլ վիճակ է ստեղծում Թիֆլիսում՝ Սեյմում։

Նախ կառավարությունը՝ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները ժողով են գումարում և Կովկասի վիճակը բացատրելուց հետո, ապրիլի 13-ին Ժորդանիայի առաջարկով տրվում են հետևյալ որոշումները․

1․ Պատերազմ հայտարարել Թուրքիայի դեմ՝ պաշտպանելու Կովկասի սահմանները,

2․ Ետ կանչել Տրապիզոնի պատվիրակությանը,

3․ Զենքի տակ առնել երկրի բոլոր զենքի կարող մարդկանց,

4․ Երկրի ծանր կացության մասին կոչով հաղորդել ժողովրդին և զենքի հրավիրել,

5․ Սեյմի հաստատությանը ներկայացնել այս որոշումները։

Նույն օրը գումարվում է Սեյմը՝ քննության առնելու կառավարության գործունեությունը։ Արտահայտվում են բոլոր կուսակցությունները և Կովկասի դեմոկրատիայի անունով խոսում ռազմաշունչ ճառեր և այն տպավորությունն էր ստեղծվում, թե ամբողջ Կովկասի ժողովուրդը մի մարդու պես պիտի ծառանա նենգ թշնամու դեմ և դուրս նետել իր սահամններից։ Բայց ոչ․․․ Կովկասի վտանգը ներսում էր, և սրա մասին գիտեր թշնամին։

Լուսանկարում՝ Հյուսեյն Ռեուֆ Օրբեյ

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 74-76։