Ապրիլի 26-ից 28-ը Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցում կայացավ հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցում էին հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների գյուղապետեր և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Նախաձեռնության կազմակերպիչն էր բրիտանական «Saferworld»-ը՝ Շվեյցարիայի արտգործնախարարության ֆինանսավորումով: Հայկական կողմը ներկայացնում էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (Երևան), ադրբեջանական կողմը՝ Հումանիտար հետազոտությունների ընկերությունը (Բաքու), երկուսն էլ՝ հասարակական կազմակերպություններ:
Հանդիպումը անց էր կացվում «Chatham House Rule» սկզբունքով, այսինքն՝ նախաձեռնության մասին կարելի է գրել, մեջբերել հնչած փաստեր ու տեսակետներ, սակայն չի կարելի նշել անուններ: Սա արվում է, որպեսզի հանդիպումն անցնի ավելի անկաշկանդ մթնոլորտում:
Թբիլիսյան եռօրյա հանդիպման կազմակերպիչները, որպես լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ, հրավիրել էին նաև տողերիս հեղինակին: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի հինգ գյուղապետեր, երկու համայնքային կառույցի ներկայացուցիչներ, երկու հոգի Քաղաքացիական հասարակության ինստիտուտից և մեկ լրագրող: Ադրբեջանական կողմից ևս մասնակիցների ընդհանուր թիվը 10 էր:
Անցնող տարիներին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հումանիտար հետազոտությունների ընկերությունը միջազգային դոնորների ֆինանսական օժանդակությամբ իրականացրել են համայնքային ծրագրեր պետական սահմանին մոտ գտնվող մի շարք հայկական և ադրբեջանական գյուղերում: Հայկական և ադրբեջանական կազմակերպությունների ղեկավարները հանդիպման երրորդ օրը, որին ներկա էին նաև Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների անդամներ, հակիրճ ներկայացրեցին զեկույցներ սահմանային համայնքների հիմնախնդիրների մասին:
Հիմնախնդիրները գրեթե նույնն են՝ գյուղերը հակառակորդի դիպուկահարների և փոքր ու միջին տրամաչափի զենքերի կրակի տակ են, մարդիկ չեն կարողանում մշակել հողամասերը, կա խմելու և ոռոգման ջրի խնդիր, ճանապարհները վատ վիճակում են, գործազրկության և խաղաղության փաստացի բացակայության պատճառով մարդիկ արտագաղթում են: Սահմանի երկու կողմերում էլ կառուցվել են անվտանգության պատեր, որոնք խաղաղ բնակիչներին, առաջին հերթին՝ դպրոցականներին և երեխաներին, պաշտպանում են դիպուկահարներից:
Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցի այն կոնֆերանս-դահլիճում, որտեղ կայանում էր հանդիպումը, կողմերը պատերին կախել էին ֆոտոլուսանկարներ, որոնց հեղինակները նաև սահմանային գյուղերի դպրոցականներն էին:
Չնայած արդեն ավելի քան 25 տարի Տավուշի մարզի և Ղազախի ու Թովուզի շրջանների միջև չկա որևէ շփում, որոշ հայ գյուղապետեր հիշում են ադրբեջաներենը և հակառակը: Սուրճի ընդմիջումներին կարելի էր երբեմն լսել հայ ու ադրբեջանցի համայնքային ներկայացուցիչների զրույցը հայերենով կամ ադրբեջաներենով:
Շուրջ 25 տարի ես գրում եմ հայ-ադրբեջանական թեմաներով, մասնակցել եմ Արցախյան հարցի հետ կապված տասնյակ քննարկումների և կարող եմ ասել, որ Թբիլիսիում ապրիլի 26-28-ը կայացած եռօրյա հանդիպումը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների գյուղապետեր և համայնքային կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ ամենից հետաքրքրականներից էր: Այն նախ և առաջ մարդկային էր, քիչ էր քաղաքականությունն ու քարոզչությունը:
Թաթուլ Հակոբյան