Իրանում նախագահի վեց թեկնածու․ Ահմադինեջադը դուրս է մնում մրցապայքարից

1163

Իրանում հաստատվել է նախագահի պաշտոնի համար առաջադրվածներից վեցի թեկնածությունը, որոնց թվում՝ ներկայիս նախագահ Հասան Ռոհանին է և պահպանողական ճամբարի առաջնորդներից մեկը՝ Էբրահիմ Ռայիսին։ Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի թեկնածությունը չի հաստատվել։

Համանման որոշում Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդն ընդունել է Ահմադինեջադի համախոհ Համիդ Բաղայիի նկատմամբ։

Մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակից թեկնածուների վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլի 27-ին։

Կարդալ նաև՝

Ահմադինեջադը՝ Իրանի նախագահի թեկնածու

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի նախագահական մրցապայքարին․ նա գրանցվել է որպես Իրանի նախագահի թեկնածու, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ահմադինեջադի այս որոշումը կարելի է անակնկալ համարել, քանի որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խորհուրդ էր տվել Ահմադինեջադին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցությունից՝ նշելով, որ դա կարող է բևեռացնել երկրի կառավարման մթնոլորտը։

Այս շաբաթ Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը․ ընտրությունները անցկացվելու են մայիսի 19-ին։

Ինչպես նշում է իրանական Press TV-ն, ներկայիս նախագահ Հասան Ռոհանին դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է նաև պահպանողական կրոնական գործիչ Իբրահիմ Ռաիսին, ինչպես նաև Ահմադինեջադի համախոհ և նախկին խորհրդական Համիդ Բագհային, որը նույնպես գրանցվել է որպես թեկնածու։

Առաջին անգամ վերադարձի մտադրության մասին Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր անցյալ տարի։ Ահմադինեջադի՝ քաղաքական ասպարեզ վերադառնալու մտադրության ազդանշան էր անցյալ ապրիլին երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի մասին արած այն հայտարարությունը, թե նա «ոչ կոմպետենտ է»: Մի շարք միջազգային լրատվականներ անդրադարձել էին Ահմադինեջադի՝ կրկին քաղաքական ասպարեզ մտնելու հարցին։ Al-Monitor պարբերականում, մասնավորապես, լույս էր տեսել սյունակագիր Սաեդ Ջաֆարիի «Արդյոք Իրանի Ահմադինեջադը պատրա՞ստ է վերադառնալ» վերնագրով հոդվածը, որում հեղինակը եզրակացրել էր, որ շատ հավանական է՝ Ահմադինեջադը պատրաստվում է մասնակցել 2017թ. ընտրապայքարին և ձեռնոց նետել Հասան Ռոհանիին: Ահմադինեջադի արտաքին քաղաքական գծով խորհրդականներից մեկը գաղտնիության պայմանով Al-Monitor-ին պատմել էր հետևյալը. «Մի անգամ ես Ահմադինեջադին ասացի, որ քիչ հավանական է՝ նրան կհաջողվի ձայներ հավաքել, և լավ կլինի՝ նա մոռանա նախագահության մասին: Նա տխրեց և ասաց, որ ես միայն Թեհրանն ու մյուս մեծ քաղաքներն եմ տեսել, մինչդեռ փոքր քաղաքներում ինքը մեծ ժողովրդականություն է վայելում»:

Մահմուդ Ահմադինեջադը Իրանում նախագահել է երկու ժամկետ անընդմեջ՝ 2005թ․ օգոստոսի 3-ից մինչև 2013թ․ օգոստոսի 3-ը։ Նա հայտնի է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված իր կոշտ հռետորաբանությամբ և Իրանի միջուկային ծրագրի հարցում անդրդվելի դիրքորոշմամբ: Համախոհները նրան գովաբանում են ավանդական արժեքներին հավատարիմ մնալու և Արևմուտքին դիմագրավելու համար, ընդդիմախոսները քննադատում են տնտեսական ցուցանիշների և կոռուպցիայի բարձր մակարդակի համար:

Արձագանքելով Իրան-Վեցյակ պատմական համաձայնագրին՝ Արևմուտքի կոշտ քննադատ Ահմադինեջադը Ինստագրամում արած իր գրառմամբ զգուշավորության կոչ էր արել և մեջբերել շիա իմամներից մեկին, ըստ որի՝ պետք է «զգուշանալ թշնամուց, որը խաղաղության ձեռք է մեկնում», քանի որ «բարեկամություն առաջարկող թշնամու ատելությունը չպետք է թերագնահատվի»:

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ