Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կեղծիքի մեքենան` պաշտոնական թվերով

3206

1995-ից ի վեր, պաշտոնական տվյալներով, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 600․000 մարդ:

Ինչո՞ւ ենք վերցնում 1995-ը: Առաջին, որովհետև Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները անցկացվեցին 1995-ին, երկրորդ, որպեսզի թվերով ցույց տանք, թե արտագաղթին զուգահեռ ինչպես է ավելանում ընտրողների քանակը՝ մի կողմից, և մյուս կողմից ցույց տանք, թե ինչպիսի թվեր են խփում Սերժ Սարգսյանն  ու ՀՀԿ-ն յուրաքանչյուր հաջորդ ընտրություններում:

1995-ի Ազգային ժողովի առաջին ընտրություններում հաղթող ճանաչված «Հանրապետություն» միավորումը, որի կորիզը կազմում էր Լևոն Տեր-Պետրոսյանի Հայոց համազգային շարժումը (դաշինքի մաս էր կազմում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ), ստացավ 329.300 քվե կամ ընդհանուր ձայների 42.66 տոկոսը:

22 տարի անց՝ 2017-ի Ազգային ժողովի վեցերորդ ընտրություններում հաղթող ճանաչված ՀՀԿ-ն ստացավ քվեների 49.12 տոկոսը կամ 771․247 քվե:

Այսպիսով, 22 տարի առաջվա համեմատ, ՀՀԿ-ն «Հանրապետություն» միավորումից ստացել է 2.3 անգամ ավելի քվե, մինչդեռ տոկոսային հարաբերակցության տարբերությամբ կազմում է ընդամենը 1.1 անգամով ավելի:

Հիմա թվերը ներկայացնենք ըստ տարիների՝ համեմատություններն ու վերլուծությունները թողնելով մտահոգ և ոչ անտարբեր մարդկանց դատին:

1995-ին իշխանական «Հանրապետություն» միավորումը, ինչպես նշեցինք, համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 42.66 տոկոսը կամ 329.300 ձայն:

1999-ին իշխանական «Միասնություն» դաշինքը, որին մաս էին կազմում ՀՀԿ-ն՝ Վազգեն Սարգսյանի և ՀԺԿ-ն՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, ստացավ 41.69 տոկոս կամ 448.133 ձայն: 1999-ին ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2․198․544:

1999-ին 1995-ի համեմատ իշխանական ուժի ստացած քվեները ավելացել են շուրջ 119․000-ով:

2003-ին ՀՀԿ-ն առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց միայնակ և ստացավ քվեների 23.55 տոկոսը կամ 280.363 ձայն: 2003-ին ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2․340,744 հոգի:

Ուշագրավ է, որ արտագաղթի պայմաններում՝ 1999-ի համեմատ 2003-ին ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը ավելացել է 142 հազարով:

Եվ այս միտումը պահպանվում է նաև հետագա տարիներին՝ ռեկորդային թիվ գրանցելով 2017-ին՝ 2․564․195 մարդ: Այսպիսով, 1999-ից մինչև 2017-ը, ընտրողների ընդհանուր թիվը, ըստ Ոստիկանության տվյալների, ավելացել է 365․000-ով: Սա այն դեպքում, երբ պաշտոնապես այդ տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 550 հազար մարդ:

2007-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է քվեների 33.91 տոկոսը կամ 458.258 ձայն: Ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 2․319․722 մարդ:

2012-ին ընտրելու իրավունք ունեցողների պաշտոնական թիվը գրանցում է նոր ռեկորդ՝ 2․523․101 հոգի կամ 2007-ի համեմատ ավելանալով ավելի քան 203․000-ով: Սա այն դեպքում, երբ 2007-2012 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 150 հազար մարդ: 2012-ին ՀՀԿ-ն ստացավ 44.02 տոկոս քվե կամ 664.640 ձայն՝ 206 հազարով ավելի, քան 2007-ին:

2017-ի ապրիլի 2-ի ընտրություններից մեկ օր առաջ, համաձայն Ոստիկանության տվյալների, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը կազմեց 2․564․195 մարդ՝ 2012-ի համեմատ ավելանալով ևս 41․000-ով: Եվ կրկին՝ այդ հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 150․000 մարդ:

2017-ի ապրիլի 2-ի ընտրություններում ՀՀԿ-ն գրանցեց նոր ռեկորդ՝ 771.247 քվե կամ 49.12 տոկոս: 2012-ի համեմատ ՀՀԿ-ն ստացավ 107․000-ով ավելի քվե:

2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական հատվածում Շիրակի Թորոս գյուղում, Սերժ Սարգսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության  լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի իր շանսերը Շիրակի մարզում, որտեղ սովորաբար նախապատվությունը տալիս են ընդդիմադիր թեկնածուներին,  ինչքա՞ն ձայն կհավաքի, պատասախանել էր. «Ես միշտ Շիրակի  մարզում սատարում ունեցել եմ, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ,  իմ շանսը ո՞րն ա՝ 100-ից 90 խփե՞մ, 80 խփե՞մ, թե՞ 60։ Էդ ա, ինչքան ուզես՝ էնքան խփենք»:

Սերժ Սարգսյանը խոսքի տերն է՝ ինչքան ուզում, այնքան խփում է:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ