«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». մաս 6-րդ

939

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Այս շարքի նախորդ մասը կարդալ այստեղ

_____________________

Վրաստան 1915/06/12 #17

«Մշակ»-ը գրում է. Շեշում և նրա մերձակայքում 7000 զինված հայ կա, նրանց թվում շատ են օսմանյան բանակից ճողոպրածները: Սասունը օսմաններին ո՜չ մարդ, ո՜չ էլ գրոշ չի տվել:

Օսմանցիները բանակ զորակոչվողներին հավաքագրելու նպատակով Սասուն են ուղարկել պաշտոնյաներ, սակայն հայերը կոտորել են նրանց: Մուշի երիտասարդները պատրաստ են ապստամբել, երբ ռուսական բանակը մոտենա: Որոշ գյուղերում հայերի կոտորածը քրդերը, շեյխ Ազրաթի և շեյխ Ալիի գլխավորությամբ սկսել են դեռեւս մեկ ամիս առաջ: Քրդերը բազմիցս հայտարարել են, որ չեն համաձայնի հայերի ազատվելու մտքին։ Նրանք ասում են` «Մինչ ռուսական բանակի տեղ հասնելը, բոլոր հայերին պետք է կոտորենք, իսկ երբ ռուսները հասնեն` կկոտորեն մեզ»:

Մինչ ռուսական բանակը կգրավեր Վանը, հայկական թերթերը տեղեկացնում էին. Վանում սկսվել է հայերի ապստամբությունը: Գիշեր-ցերեկ կրակոցներ են, մի քանի հայի են վիրավորել և սպանել: Վանի գրավումից հետո այնտեղից եկած մի հայ բժիշկ “Кавк. слово”-ում գրել է, թե սպանվել է 80 և վիրավորվել 200 հայ:

«Հորիզոն»-ը հրապարակել է ապստամբների առաջնորդների 2 հրաման, որոնք գրվել են ապրիլի 7-ին և 8-ին: Առաջինում գրված է. «Օսմանցիներին պարտության ենք մատնել: Թշնամին եթե հազար անգամ է կրակ բացում, մենք մի անգամ ենք պատասխանում, խնայում ենք փամփուշտները: Օսման ժողովուրդը պատերազմին չի մասնակցում»:

Երկրորդ հրամանում գրված է. «Ընկերնե՛ր, անցած գիշեր թշնամին կրակել է և տաս հազարավոր փամփուշտ վատնել: Նրանք միայն ցանկանում են վախեցնել մեզ: Մեզնից որևէ մեկը չի վիրավորվել: Պատասխան չենք տվել: Ընկերնե՛ր, նռնակները վնասել են միայն անզեններին: Ով զենք չունի, հուսալի տեղու՛մ  թաքնվեք: Ով զենքի կարիք ունի, թող մեզ մո՛տ գա, կա՛զմ ու պատրա՛ստ եղեք, զգուշացե՛ք փամփուշտներից:

Վրաստան 1915/06/14 #19

Կոնստանդնուպոլսում հայերի հետապնդումը շարունակվում է: Շատերին ձերբակալել են: 20 հայ տղամարդ և 3 կին մահապատժի են ենթարկել: Բուրլայում և Այվալում հետապնդում են նաև  մյուս քրիստոնյաներին:

Վրաստան 1915/06/25 #28

Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում

«Հորիզոն»-ից տեղեկացնում են, որ Շատիխում, Սիզանում, Սհակերտում, Մակսում և Մամրտակնում հայերին չեն կոտորել, սակայն Ալջվազում, Արճեշում, Բերկրիում, Ախբակաշում և Նորդուզաշում բնակիչներին մեկառմեկ կոտորել են: Նույն թերթի փոխանցմամբ` Օսմանյան կայսրության կառավարությունը հատկապես հայերին արգելել է մուտք գործել երկիր: Արգելված է նաև Օսմանյան և արտասահմանում բնակվող հայերի միջև նամակագրությունը:

Ոչ պակաս սարսափելի պատմությունների մասին է տեղեկացնում «Արծվի» թերթը: Ստամբուլից ստացած հեռագրի համաձայն` վերջին ժամանակաշրջանում հակահայ քարոզչությունը մեծ ազդեցություն է ունեցել մութ զանգվածների վրա: Ստամբուլից մինչև Հես ոստիկանությունը ինչ-որ հատուկ հրաման է կատարում: Խանութների վրայից պոկում են ֆրանսերեն գրառումները` ստիպելով թուրքերեն գրել: Ինչ-որ կասկածելի անձինք պարբերաբար սրճարաններ, խանութներ են այցելում, բերում «Պոլոս մեջիդա»-յի համարներ, որտեղ զենքի և նռնակների բազմաթիվ նկարներ կան, և որոնք ոստիկանությունը իբր գտել է հայերի տներում: Նման միջոցներով գործակալները փորձում են անգրագետ ամբոխին լարել հայերի դեմ, ինչը եւ վերջիններիս արյունահեղության պատճառ կդառնա:

Վրաստան 1915/06/26 #29

Հայ պատգամավոր Զոհրապին խեղդամահ են արել

Ինչպես տեղեկացնում է “Руск. сл.”-ն, գերմանացիների պահանջով խեղդամահ են արել Օսմանյան կայսրության խորհրդարանի հայ պատգամավոր Զոհրապին:

Հայրենիք 1915/07/1 #122

Օսմանցիների մոբիլիզացիան և ծրագրերը
Օսմանյան կայսրությունում զորակոչ է հայտարարվել: Օրենքի ուժով կարողացել են բանակ զորակոչել միայն մինչև 30 տարեկան հայերին, քանի որ օսմանյան հայերը 5-6 տարի է, ինչ զինվորական հարկ են վճարում: Չնայած դրան՝ կառավարությունը զորակոչել է 20-45 տարեկաններին, այսինքն այն մարդկանց, ովքեր զինվորական ծառայությանը չեն համապատասխանում:

Վանի բնակիչները գիտեին, որ Օսմանյան կայսրությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի և այդ պատճառով չէին ցանկանում զորակոչվել: Տեղեկություններ կային առ այն, որ նման տրամադրվածություն ունեն նաև Շուշիի, Զեյթունի և Էրզրումի բնակիչները: Սակայն այս որոշումն այնքան հստակ չի եղել, ինչպես Վանում: Բացի դրանից, Վանի բնակիչներն ընդհանուր առմամբ ավելի լավ զինված եւ ավելի ազատ եղել:

«Այսպիսով, մենք դժվարին խնդրի առջև կանգնեցինք»,֊ ասում է արաբը: «Այսքան ժամանակ մենք մարդկանց օսմանցիների դեմ ենք լարել, նրանց կոչ էինք անում հեղափոխություն անել, իսկ հիմա միջավայրն այնպես է փոխվել, որ ստիպված ենք այլ` խաղաղության մարտավարության դիմել: Այս իրավիճակում, երբ մենք հստակ չգիտենք օսմանցիների և ռուսների ծրագրերի և մտադրությունների մասին, բանակի թվի աճից հրաժարվելու արդյունքը անարխիան կլիներ: 

Այսպես` ապստամբությունից զերծ մնալու նպատակով, ես, բազմաթիվ հայ երիտասարդների հետ, երաժշտության ուղեկցությամբ ուղևորվեցի Վանի նահանգապետի մոտ հետեւյալ ուղերձով:

-Զինվորներ ե՞ք ուզում` ահա նրանք:

Միևնույն ժամանակ դիմել ենք նաև Օսմանյան կայսրության քաղաքացիներին:
Վանի նահանգապետ Թասիմ-բեյի և երիտթուրքերի կոմիտեի ազդեցիկ անդամ Նաջի-բեյի հետ խոսելու ժամանակ, ես ևս մեկ անգամ նշեցի Օսմանյան Հայաստանում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին և զգուշացրեցի սկզբից ևեթ զերծ մնալ պատերազմից:

Ասացինք նրանց.

-Օսմանյան կայսրության հաղթանակն անհնար է: Նույնիսկ եթե հաղթանակ տանի, պարտված կմնա, քանի որ Օսմանյան կայսրության ֆինանսական վիճակը չի դիմանա և Օսմանյան կայսրության հաղթանակը կբերի պետականության փլուզման, ինչը օսմանցիների համար ավելի վնասակար կլինի, քան պարտությունը պատերազմում:

Պատասխանեցին.

-Ռուսաստանի հետ պատերազմը մեզ համար կենսական նշանակություն ունի: Չենք կարող հանգստանալ այնքան ժամանակ, քանի դեռ արևելյան հատվածը (սահմանը խմբ.) չի անցնի հստակ պատով: Ռուսաստանին սահմանակից լինելը մեծ վտանգ է ներկայացնում օսմանցիների գոյության համար, ուստի չենք ննջի ու հանգստանա:

Մեր զրուցակիցները սահմանները գծելու հիանալի ծրագիր ներկայացրեցին։

Օսմանյան կայսրությունը կգրավի մինչև Կովկասյան լեռնաշղթա ընկած տարածքները, մինչև Վլադիկավկազ, ապա կստեղծվի ինքնավար Վրաստան և ինքնավար հարավ, որով Օսմանյան կայսրությունը հեռու կլինի ռուսական սահմանից: Հայ-թաթարական սուր հարցը կլուծվի ռիսկային վերաբնակեցմամբ: Երևանի և Ելիզավետպոլի մահմեդականներին կվերաբնակեցնեն Բիթլիսում և այլ վիլայեթներում, իսկ այս վիլայեթների հայերին կտեղափոխեն Վան և Էրզրում: Վերջիններս կմիանան Կովկասին և կմտնեն ինքնավար Հայաստանի կազմի մեջ:

Ծրագիրը վատը չէ, սակայն ինչպե՞ս են իրականացնելու այն: Ասացի` դրա համար պետք է նվաճել Կովկասը:

-Ինչպես ենք իրականացնելո՞ւ: Շատ հասարակ: Ինքնավարության հարցը վերաբերում է կովկասյան բոլոր ժողովուրդներին: Նրանք Դաղստանի չերքեզների և առավելապես Գերմանիայի հաղթանակի հույսն ունեին:

Մեզ չէր հետաքրքրում Գերմանիայի հաղթանակը և այդ պատճառով արտահայտեցինք մեր անհանգստությունն առ այն, որ Գերմանիան կարող է Օսմանյան կայսրությանը ներգրավել պատերազմի մեջ, ինչը օգուտ կբերի  բացառապես գերմանացիներին: Իմ այս խոսքերը Թասիմ-բեյը և Նաջի-բեյն ընդունեցին որպես վիրավորանք.

«Ո՞նց: Մենք հո քաղաքական նորածիննե՞ր չենք: Մինչև Գերմանիան չգրավի Բեսարաբիան և Ղրիմը, մենք պատերազմ չենք հայտարարի և հետո էլ ի՞նչ պատերազմ, մի շաբաթում կլինենք Թբիլիսիում»:

Ինչպես երևում է, նրանք Թբիլիսին գրավելու հույս են ունեցել, միևույն ժամանակ նաև այն վարչակազմի ցուցակն են ունեցել, ովքեր գրավված Կովկասում պաշտոններ կզբաղեցնեն: Մենք հայտարարեցինք.

–Լավ: Այս ծրագրի շրջանակներում մենք կգործենք ձեզ հետ միասին: Միայն  ասեք մեզ, որ ձեր նպատակն ինքնավար Հայաստան ստեղծելն է:

Նախապես գիտեինք պատասխանը:

-Հետո:

Միայն թե հիմա այլ պատասխան ստացանք:

–Դա մենք կիրականացնենք միայն այն ժամանակ, երբ կգրավենք Կարսը: Մինչ այդ` ոչ:

Այնուհետև մենք կատակեցինք ասելով. պատկերացնենք, որ հայ մտավորականների մի մասը կաջակցի ձեզ, իսկ ամբոխը` ոչ: Ի՞նչ կերպ եք պատրաստվում ստանալ այն հայերի վստահությունը, ովքեր Կովկասում հարուստ և քաղաքակիրթ կյանքով են ապրում:
-Երևում է չեք ուզում աշխատել մեզ հետ,- չուշացավ պատասխանը:

Ճիշտ է, նրանք լավ գիտեին, որ մենք հեռացել ենք, սակայն միևույն է ասացին.
-Կամավորներ տվեք: Պատասխանեցինք, որ չենք տա, միայն կպաշտպանվենք ասացինք ու բաժանվեցինք միմյանցից: (“Кавк. сл.”)