Բախումից, արյունից խուսափելու ելք կա՝ չկեղծել, չպղծել Ապրիլի 2-ը

1011

Հայաստանում հետընտրական բախումները և արյունահեղությունները պայմանավորված են եղել բացառապես մեկ պատճառով. իշխանությունը կեղծում է ընտրությունը, ընդդիմությունը դուրս է գալիս փողոց, իշխանությունը չկորցնելու նպատակով ուժայինները բիրտ ուժով ցրում կամ կրակ են բացում սեփական ժողովրդի վրա:

1990-ի մայիսի 27-ին Էրեբունի թաղամասում տեղի ունեցած բախման ընթացքում սպանվեց երկու տասնյակ մարդ: Արյունահեղությունից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 20-ին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում Հայկոմկուսը պարտվել էր Հայոց համազգային շարժմանը: Մոսկվայի ուղղակի միջամտությամբ և օգնությամբ, ընտրությունների երկրորդ փուլից առաջ, հայ կոմունիստները փորձ էին անում կանխել ՀՀՇ-ի վերահաս հաղթանակը: Թեև այն ժամանակ գրվեց, որ արյունահեղության պատճառը եղել է հայկական ֆիդայական խմբերի և խորհրդային զորքերի բախումը, ակնհայտ է, որ սադրանքը կազմակերպվել է ՀՀՇ-ի իշխանության գալը կանխելը: Այս արյունալի միջադեպին Հայկոմկուսի և մասնավորապես Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Արտաշես Գեղամյանի պատասխանատվության և հնարավոր մեղսակցության հարցը պատշաճ կերպով հայկական մամուլում չի լուսաբանվել:

1996 թվականի նախագահական կեղծված ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը ԱԺՄ նախագահ և ամենայն հավանականությամբ հաղթած Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ դուրս եկավ փողոց, Լևոն Տեր-Պետրոսյանի ուժային կառույցների ղեկավարները՝ Վազգեն Սարգսյանը, Սերժիկ Սարգսյանը (մինչև 1996-ը ներառյալ՝ պաշտոնական մամուլում գրվել է Սերժիկ և ոչ՝ Սերժ) և Վանո Սիրադեղյանը տանկեր և ընդդիմությանը զսպելու այլ մեքենաներ ու պարագաներ դուրս բերեցին փողոց:

2004-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը դաժանաբար ճնշեց ընդդիմության ընդվզումը: Մարդիկ փողոց էին դուրս եկել 2003-ի կեղծված ընտրությունների պատճառով:

2008-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իշխանության փոխանցման հարցը լուծեցին Մարտի 1-ի արյունահեղության ճանապարհով. Մարտի 1-ին և հետագա օրերին սպանվեց 10 մարդ: Մարդիկ դուրս էին եկել փողոց և կանգնել էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, քանի որ հավատացած էին, որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել աղաղակող կեղծիքներով:

2013-ին նոր արյունահեղությունից հնարավոր եղավ խուսափել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով  ամենայն հավանականությամբ հաղթել էր ընտրություններում, իր հազարավոր կողմակիցների հետ չգրոհեց նախագահականը՝ գիտակցելով, որ դա ավարտվելու է նոր արյունով, նոր Մարտի 1-ով:

2016-ի հուլիսի 29-ին Սերժ Սարգսյանի ուժայինները Սարի թաղում ծեծուջարդի ենթարկեցին ժողովրդին, այդ թվում՝ լրագրողների՝ ճնշելով և խեղդելով ծավալվող բողոքի ալիքը, որը անուղղակի կերպով կապված էր 2015-ի դեկտեմբերյան կեղծված հանրաքվեի, դրան հաջորդած անարդարությունների ու կոռուպցիայի պատճառով Ապրիլյան պատերազմում տասնյակ զոհերի հետ: Սերժ Սարգսյանի ցինիզմը թույլ տվեց գլխավոր դատախազի ներկայությամբ և հրապարակավ ներողություն հայցել լրագրողներից, երբ պետք էր արդարադատությամբ պատժել հանցագործներին:

Այս օրերին խոսվում է, որ ապրիլ 2-ին կայանալիք խորհրդարանական քվեարկությունից հետո ընդդիմությունը, մասնավորապես ՕՐՕ դաշինքը, դուրս է գալու փողոցներ, եթե իշխանությունը հերթական անգամ դիմի կեղծիքների: Իշխանությունները հասկացնել են տալիս, որ անհրաժեշտության դեպքում ուժ են կիրառելու:

Բախումից, արյունից խուսափելու շատ պարզ ելք կա՝ չկեղծել, չպղծել Ապրիլ 2-ը:

Իշխող ՀՀԿ-ն խոսում է անբիծ ընտրությունների իր հանձնառության մասին, սակայն ամեն միջոցի դիմում է, որպեսզի պահի իշխանությունը: Վերջին ոչ պատվաբեր քայլը դպրոցների և մանկապարտեզների ավելի քան 100 տնօրեններին ընտրակեղծարարության ոլորապտույտի մեջ ներքաշելն էր:

Յուրաքանչյուր կեղծված ընտրությունից առաջ և հետո իշխանությունը խոսում է հանդուրժողականությունից, համերաշխությունից և միասնությունից:

Հայաստանում հանդուրժողականություն, համերաշխություն և միասնություն չի լինի, քանի դեռ չկա արդարություն:

Հայաստանում չկա և չի կարող լինել արդարություն, քանի դեռ ընտրությունները կեղծվում են:

Մնացած մյուս խոսակցությունները ազգային միասնության, համերաշխության, Հաց բերողին մահվան դուռը հասցնելը չքաղաքականացնելու կոչերի մասին դեմագոգ խոսակցություններ են:

Չե՞ք ուզում բախում՝ մի կեղծեք ու նաև մի պղծեք Ապրիլ 2-ը:

Չե՞ք ուզում արյուն՝  մի կեղծեք ու նաև մի պղծեք Ապրիլ 2-ը:

Իսկ եթե Ապրիլի 2-ին լինի այն, ինչ լինում է ընտրություններում, ապա Հայաստանից սկսվելու արտագաղթի մի նոր ալիք:

Նաև ընտրակեղծարարությունների պատճառով է Հայաստանը զրկվում իր բնակչությունից:

Նաև վերջին ընտրակեղծարարությունների պատճառով է, որ 2008-ից ի վեր Հայաստանից պանդխտության ճամփան բռնել է 350 հազար մարդ:

Վարչապետը, սակայն, հանդգնում է դիլիջանցուն ասել՝ մի՛ վախեցրեք Ձեր արտագաղթելու սպառնալիքով:

Այդ դեպքում, ասացեք խնդրեմ, թե ինչո՞վ սպառնանք:

Արյունից չեք վախենում: Եթե անգամ Դուք, որպես գրագետ ու կիրթ անձնավորություն վախենում եք, ապա չի վախենում այն մարդը, որի համար այսօր շրջում եք Հայաստանում:

Ընտրակեղծիքից չեք վախենում: Եթե վախենայիք՝ այն կուսակցությունը, որի համար այսօր շրջում եք Հայաստանում, չէր հայտարարի, որ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների արածը նորմալ բան է, իսկ բացահայտողների արածը՝ «անազնիվ գործելաոճ, սադրանքներ, վարկաբեկման փորձ»:

Իսկ արտագաղթից չեք վախենում ու չեք վախենում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ