Սամվել Բաբայանը ձերբակալվել է

1171

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել է. այս մասին հաղորդում են Ա1 պլյուսը և Սիվիլնեթը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը, Սերժ Սարգսյանն իզուր չէ ընտրել: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:

Հիշեցնենք, որ 2000 թվականի մարտի 22-ին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվել էր Սամվել Բաբայանը, ով 14 տարով ազատազրկման դատապարտվեց, սակայն 4,5 տարի անց ներումով դուրս եկավ ազատություն։

Այսօր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«2017 թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:

Կարդալ նաև՝

«Երկի՞ր ենք, թե՞ բանդա». Սամվել Բաբայանը՝ Ջրառատի արյունալի միջադեպի մասին․ «Ազատություն»