«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-18 թթ». մաս 5-րդ

755

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Այս շարքի նախորդ մասը կարդալ այստեղ

_____________________

Ժողովրդական թերթիկ 1915/01/30 #198

Ստամբուլից «Հորիզոն»-ին տեղեկացրել են, որ նռնակները Դարդանելի հենակետերին որևէ վնաս չեն պատճառել:

Երկու շաբաթ առաջ Ֆրիկից Փոքր Ասիա է տեղափոխվել 150 հազարանոց զորք, որը ցամաքային ճանապարհով գնում է դեպի Էրզրում: Օսմանյան կառավարությունը հույս ունի, որ զորքը Կովկասի սահմաններին կհասնի մինչև փետրվարի սկիզբ:

Գերմանացիների պնդմամբ, ո՛չ Ստամբուլում, ո՛չ գավառներում հայերի կոտորած տեղի չի ունեցել:

Հայրենիք 1915/03/3 #25

Ամերիկայի դեսպանը պահանջել է քրիստոնյաներին պաշտպանելու միջոցներ ձեռնարկել: Բեյրութում ապստամբություն է: Օսմանցի նահանգապետի փոխարեն գերմանացի է նշանակվել:

Սմիրնայի (Զմյուռնիա) բնակիչներին հորդորվել է լքել քաղաքը: Կոնստանդնուպոլսում երիտթուրքերի դեմ դավադրություն են կանխել: 200 հայ է ձերբակալվել: Հայտնաբերվել են նաև նռնակներ:

Հայրենիք 1915/03/5 #27

Քրդերի կողմից քրիստոնյա գյուղերի կողոպուտը
Ջուլֆա. մարտի 2
Երբ մեր զորքը գրավեց Դիլմանը, հայտնի դարձավ հետևյալ իրողությունը. այս հենակետի մոտ քրիստոնյաներով բնակեցված 20 գյուղ թալանվել է օսմանցիների կողմից: Ոչնչացվել են եկեղեցիներ, դպրոցներ և գրադարաններ: Սուրբ մասունքը թաղված է խոտի մեջ, մի մասը քարուքանդ է եղել, մյուս մասը պատված է փամփուշտներով: Որոշ եկեղեցիներ ախոռի են վերածվել, որոշները` պահեստների: Գյուղերը լցված են դիակներով: Մեր զորքի Դիլման հասնելուց 3 օր առաջ զգալիորեն վնասել են Գեսրտուվան գյուղը: Այս գյուղում բնակվող բոլոր տղամարդիկ սպանված են: Հորերից և նկուղներից հանվել է 200 տղամարդու դի և թաղվել եղբայրական գերեզմանում: Գյուղը մաքրելու նպատակով բանվորներ են աշխատում: Դիակների վրա երևում են խոշտանգումների հետքեր, մարդկանց սպանել են սրերով և կացիններով: Օսմանցիները պարենն ու տարբեր ապրանքների մի մասն իրենց հետ են տարել, մի մասը` այրել: Այրված շենքերում նույնիսկ պատուհանների և դռների հետքերը չեն մնացել: Խոսրովում մեր հոգևոր կենտրոնը փրկվել է: Պատուհանները և դռները կամ ջարդված են, կամ` վնասված: Աթոռանիստ եկեղեցին ոչնչացված է, նկարները` նետված: Դպրոցի գույքի մի մասը պահպանվել է: Այստեղ պատրաստվում են առաջիկայում վերադարձնել մեր հոգևոր համալիրն ամբողջ կազմով:

Հայրենիք 1915/03/17

Քրիստոնյաների ծեծը Ուրմիայում
Ջուլֆա. Ուրմիայից ստացած նոր տեղեկությունների համաձայն` Օսմանյան կայսրության դեսպան Ռագիխ բեյը 70 ասկյարի հետ հարձակվել է Ամերիկայի դեսպանատան վրա, որտեղ պատսպարված են եղել 15 հազար քրիստոնյա: Նա այնտեղից դուրս է հանել 3 հոգևորականի և 1 սարկավագի, ծեծելով քարշ տվել փողոցներով և վերջում սպանել:

Ռագիխ բեյը քրիստոնյա միսիոներների բակում նրանց կախաղան բարձրացնելու նպատակով կախաղան է սարքել։Քրիստոնյա միսիոներ Ալենը նույնպես ծեծի է ենթարկվել, բայց, միևնույն է, հասցրել է մարդկանց ուղարկել մեր բանակ:

Հայրենիք 1915/04/9 #52

Օսմանյան Հայաստանի ինքնավարության խնդիրը.

Համայնքային պալատի պատգամավոր Վիլյամը հարցրել է` Անգլիայի կառավարությունը մտադի՞ր է, թե՞ ոչ մասնակցել և միջոցներ ձեռարկել, որպեսզի Ասիայում բնակվող հայերը այնպիսի ինքնավարություն ձեռք բերեն, ինչպիսին Ռուսաստանը խոստանում է լեհերին: Լորդ Պրիմզորը վստահեցրել է Վիլյամին, որ Անգլիայի կառավարությունը պատրաստ է պաշտպանել Օսմանյան կայսրության ասիական հատվածում բնակվող հայերի շահերը, սակայն, առայժմ, հարցին լուծում տալու վերաբերյալ հստակ քայլերը բնավ հնարավոր չեն։

Ժողովրդական թերթիկ 1915/04/9 #253

Անգլիայի համայնքային պալատում պատգամավոր Վիլյամսը հարցրել է կառավարությանը` մտադի՞ր եք, թե՞ ոչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի պատերազմի ավարտից հետո օսմանյան հայերին (թուրքահայերին խմբ. ) գոնե փոքր ինքնավարություն տալ՝ այնպես, ինչպես ռուսները խոստացել են լեհերին: Լորդ Պրիմզորը վստահեցրել է Վիլյամսին, որ Անգլիայի կառավարությունը կպաշտպանի հայերի շահերը, սակայն այս պահին միջազգային հետագա համաձայնության վերաբերյալ որևէ բան չի կարող ասել:

Ժողովրդական թերթիկ 1915/04/14 #257

Երիտթուրքերի երազանքը
Երիտթուրքերի «Տանին» թերթը գրում է. մինչև Ռուսաստանը չթուլանա և Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև սահմանը չլինի Կովկասյան լեռնաշղթան, Օսմանյան կայսրությունը պատերազմից չի հրաժարվի:

Ժողովրդական թերթիկ 1915/04/17 #261

«Օսմանյան կայսրության ճակատագիրը»
Գերմանական թերթերը տեղեկացնում են, որ Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել միմյանց միջև Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ: Ռուսաստանը կտիրանա Ստամբուլին և Հայաստանին, Անգլիան` Միջագետքին, Ֆրանսիան` Սիրիային: Ինչ վերաբերում է Զմյուռնիային, ապա Անգլիան այն կթողնի Հունաստանին:

Հայրենիք 1915/04/21 #62

Բուխարեստ. ապրիլի 19. Կոնստանդնուպոլսից հայտնում են. հայերին և հրեաներին, հատկապես սիոնիստներին, խուզարկում են և կալանավորում:

Ժողովրդական թերթիկ 1915/04/24 #266

Օսմանյան հայերը (Թուրքահայերը խմբ.)
Ապրիլի 17-ին “Б. Вед”-ից տեղեկացրել են. վանի վիլայեթը թշվառ վիճակում է: Քաղաքները և գյուղերը ոչնչացված են: 10 հազար զինված հայ, սպասելով ռուսական բանակին, 5 օր է պատերազմում է քրդերի և օսմանցիների դեմ:

Ժողովրդական թերթիկ 1915/05/30 #294

Թիֆլիսի վարկային կազմակերպությունը 4000 մանեթ է նվիրաբերել պատերազմից տուժած հայերին: Ալաշկերտից փախած հայերը ետ են վերադառնում և սկսում են մշակել արտերը:

Վրաստան (Սաքարթվելո) 1915/06/9 #14

Պարզվում է օսմանցիները կոտորում են հայերին. Պորտան պատասխանել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածին վերաբերող Եռյակի համաձայնության պետական հռչակագրին։

Պորտան հերքում է հայերի նկատմամբ խիստ վերաբերմունքը և գրավոր ներկայացրել է հեղափոխական շարժման մասին, որը իրականացնում են քրիստոնյաները՝ հատկապես Փոքր Ասիայի հայերը: Ի պատասխան ասվում է` այս շարժման նպատակը Փոքր Ասիայում բնակվող բոլոր հայերի ապստամբությունն է և օսմանցիների կոտորածը: Վերջինս հաստատելու համար ներկայացնում է այն գյուղերի ցուցակը, որտեղ հայերը կոտորել են օսմանցի բնակիչներին:

Ժողովրդական թերթիկ 1915/06/11 #304

Սոլուն. հունիսի 6
Ստամբուլից եկածներն ասում են, որ այնտեղ իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է և ճգնաժամային է: Կախաղան են բարձրացրել բերման ենթարկված 23 հայի: Կախաղանի արարողությանը մասնակցել է նաև Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Զոհրաբ բեյը:
Ստամբուլում հրդեհ է բռնկվել: 1000 տուն և խանութ է այրվել:

Վրաստան 1915/06/11 #16

Հայերի կոչը.
“Рус. Вед”-ին Բուխարեստից տեղեկացրել են. «Միասնություն և ազատություն» հայկական կոմիտեն թերթերի միջոցով կոչ է հրապարակել Օսմանյան կայսրության վայրագությունների դեմ: Ռումինիայի զայրացած հայերը հայտարարում են, որ պատրաստ են կանգնել Ռումինիայի բանակի կողքին և հարված հասցնել բարբարոսներին: