ՀՀԿ-ի շանսերը Շիրակում. Սերժ Սարգսյանը կուսակցական գործերով այցելել է Գյումրի

1109
Իշխող ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի, հանդիպումներ ունեցել կուսակից ընկերների հետ, տվել հանձնարարարկաններ, որոնք վերաբերել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

ՀՀԿ-ն Գյումրիում և ողջ Շիրակի մարզում չափազանց ցածր վարկանիշ ունի և անգամ վարչական լծակներ օգտագործելով, ընտրություններում չի կարողանում ցանկալի ցուցանիշներ ապահովել:

Այսպես, 2013-ի նախագահական ընտրությունների պաշտոնականակ տվյալներով Սարգսյանը Գյումրիում ստացել էր քվեների միայն 27 տոկոսը, թեև հեռուստաէկրանի առաջ, ընտրությունների նախօրեին, պարծեցել էր, որ Շիրակի մարզում ինքը սատարում միշտ էլ ունեցել է:

«Իմ շանսը ո՞րն ա, 100-ից 90 խփե՞մ, 80 խփե՞մ, թե՞ 60, էդ ա, ինչքան ուզես՝ էնքան խփենք»

2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական հատվածում՝ Շիրակի Թորոս գյուղում, Սերժ Սարգսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության  լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր շանսերը Շիրակի մարզում, որտեղ սովորաբար նախապատվությունը տալիս են ընդդիմադիր թեկնածուներին,  ինքա՞ն ձայն կհավաքի, պատասախանել էր. «Ես միշտ Շիրակի  մարզում սատարում ունեցել եմ, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ,  իմ շանսը ո՞րն ա, 100-ից 90 խփե՞մ, 80 խփե՞մ, թե՞ 60, էդ ա, ինչքան ուզես՝ էնքան խփենք»:

Թեև Սերժ Սարգսյանին, իրավամբ, հաջողվեց մի շարք մարզերում թվեր խփել, որոշ բնակավայրերում՝ 100-ից 90 և ավելի բարձր, սակայն Շիրակում դա նրան չհաջողվեց, իսկ Գյումրի քաղաքում նա ստացավ շուրջ 27 տոկոս: