ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք

785

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը այսօր՝ մարտի 17-ին, տարածել է հայտարարություն, որում ասվում է․

  • Լի վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար կառուցելու ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն,
  • Առաջնորդվելով Հայաստանի ժողովրդի հավաքական կամքով՝ իրականացնել երկրում արմատական եւ համակարգային բարեփոխումներ,
  • Վճռական՝ վերականգնելու Հայաստանում արդարադատության համակարգը, տնտեսականազատ մրցակցությունը, ապահովել յուրաքանչյուր մարդու ազատությունների, իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
  • Նպատակ ունենալով վերջ դնել երկրում համակարգային կոռուպցիային, իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին, ամենաթողությանը, տնտեսության անարդյունավետ կառավարմանը եւ համատարած ապօրինություններին,
  • Եվ գիտակցելով այն պարզ իրողությունը, որ նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները եւ բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետեւանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը եւ ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք՝

Իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Ազգային Ժողովը ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ–ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր: