«Շարմազանովը մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Հաց բերողին». Փաշինյան

1142

«Շարմազանովը մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին»,- «Ելք» դաշինքի գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես է պատասխանել հարցին, որը վերաբերել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարությանը:

«Կան մարդիկ, որ անկեղծորեն են ցավում: Սա ողբերգություն է, և սրա վրա փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում»,- ասել է Շարմազանովը, ընդգծելով, որ կան ուժեր, մարդիկ, ովքեր փորձում են այս դժբախտությունը վերածել նախընտրական կրքերի, կամ դիվիդենտներ շահելու:

«Հենց գնում ենք Արթուր Սարգսյանի հարցով զբաղվելու՝ ասում են քարոզչություն է, գնում ենք քաղբանտարկյալներին տեսնելու՝ ասում են նախընտրական քարոզչություն է, չենք գնում՝ ասում են դուք ինչո՞ւ չեք գնում… Գլուխը պատին կտա նա, ով մեզ որեւէ շահարկման մեջ կմեղադրի՝ Շարմազանովը լինի, Սերժ Սարգսյանը լինի»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ չպե՞տք է արդյոք Արթուր Սարգսյանի մահվան եւ նման դեպքերը ոտքի հանեն մարդկանց, Փաշինյանը ասել է. «Ոտքի կանգնելու մասին պետք է մտածեն նրանք (եւ հանրությունից եւ քաղաքական ուժերից), ովքեր նստած են: Վերջին 20 տարում մենք ոտքի կանգնած ենք եւ ոտքի կանգնած մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը դառնա այնպիսին, ինչպիսին նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ … Մենք ոտքի կանգնած ենք եւ էսօր էլ, հանուն Արթուր Սարգսյանի հիշատակի»:

«Արթուր Սարգսյանի հետ այսպես վարվում են, որ Հայաստանում հուսահատությունը մեծացնեն: Եվ քանի որ մեր քարոզարշավի մեխը, առանցքը, Հայաստանում հաստատված հուսահատության ճգնաժամը հաղթահարելն է, մենք հանուն Արթուր Սարգսյանի հիշատակի, հանուն այդ հուսահատության ճահճից դուրս գալու ավելի ենք ինտենսիվացնելու մեր քարոզարշավը: Կարծում եմ՝ Արթուր Սարգսյանի նպատակն այն չի, որ մենք գնանք սգանք նրա մահը: Արթուր Սարգսյանի կերպարը մեզ մղում է, որ մենք ուրիշ Հայաստան ունենանք, որ Արթուր Սարգսյանի նման մարդիկ հարգվեն»,- ասել է Փաշինյանը:

Կարդալ նաև՝

Հաց բերողի մահվան փաստը շահարկելը նախընտրական փուլում անընդունելի է. Շարմազանով