Լևոն Տեր-Պետրոսյանն ու թիմը. պատերազմի ու խաղաղության փակուղում

1121
Levon Ter-Petrosyan

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 2-ին կայանալիք քվեարկությանը ներկայանում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով՝ առաջնահերթ համարելով շուտափույթ և արժանապատիվ խաղաղությունը Ադրբեջանի հետ:

Այս դաշինքը ներկայացրել է համեմատաբար կարճ ցուցակ՝ 139 պատգամավորի թեկնածու, որոնք ներկայացնում են Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ու շուրջ երեք տասնյակ անկուսակցականներ:

Հաշվի առնելով Վանաձոր և Գյումրի քաղաքներում վերջին ընտրությունների ցուցանիշները և այն, որ այս դաշինքի քարոզարշավը միանշանակ չի ընկալվում հենց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, «Կոնգրես-ՀԺԿ»-ի համար դյուրին չի լինելու հաղթահարել խորհրդարան մուտքի 7 տոկոսանոց շեմը:

Խորհրդարանական վերջին՝ 2012-ի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը դժվարությամբ հաղթահարեց 7 տոկոսի արգելքը:

Դաշինքը գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենաերկարակյաց, հակասական ու խորքային պետական-քաղաքական գործիչը:

Տեր-Պետրոսյանը պատգամավոր է ընտրվել դեռ 1989-ին՝ դառնալով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի ոչ կոմունիստ օրենսդիրներից մեկը: Նա եղել է նույն տարվա դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման ջատագովը:

1990-ի օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի վերջին գումարման խորհրդարանի նախագահ՝ փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները: Այսպիսով, 70 տարի իշխանության ղեկին մնալուց հետո Հայկոմկուսը պարտություն կրեց սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով: Տեր-Պետրոսյանի հետ Գերագույն խորհրդի նախագահի աթոռին հավակնում էր Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, որին Տեր-Պետրոսյանը հետագայում պետք է նշանակեր գյուղնախարար, ապա՝ Գեղարքունիքի մարզպետ:

1991-ի աշնանը Տեր-Պետրոսյանը բացահայտ առավելությամբ՝ 83 տոկոս, ընտրվեց Հայաստանի նախագահ՝ փաստացի դառնալով առաջին և վերջին նախագահը, որի ընտրության օրինականությունը Հայաստանի քաղաքացիների մեծագույն մասը որևէ կերպ կասկածի տակ չդրեցին: Երկրորդը ճանաչված և 7 տոկոս ստացած Պարույր Հայրիկյանը Տեր-Պետրոսյանի երդմնակալությանը պատասխանեց սև դրոշների երթով:

1995-ին Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը՝ «Հանրապետություն» դաշինքը, որին մաս էր կազմում նաև այսօր իշխող ՀՀԿ-ն, բացահայտ առավելությամբ հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն այդ ընտրությունները համարվեցին «ազատ, բայց ոչ արդար», քանի որ ընտրություններից ամիսներ առաջ Տեր-Պետրոսյանը կասեցրել էր այն ժամանակ ընդդիմադիր ՀՅԴ-ի գործունեությունը՝ բանտարկելով նրա առաջնորդներին: Այդ ընտրությունները Հայաստանի քաղաքական պատմության մեջ մտան որպես առաջին կեղծված ընտրություններ:

1996-ին Տեր-Պետրոսյանը աղմկահարույց և վիճելի ընտրություններում պահեց նախագահական աթոռը, սակայն մեկուկես տարի անց իր իսկ թիմակիցների՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ճնշումների արդյունքում հրաժարական տվեց:

Տեր-Պետրոսյանը քաղաքականություն վերադարձավ 2007-ին՝ խորը թմբիրից հանելով սպանվող հայ քաղաքական դաշտն ու միտքը: Ավելի քան մեկուկես տարի՝ նախքան 2008-ի կեղծված նախագահական ընտրությունները և հետընտրական շրջանը, Տեր-Պետրոսյանը կարողանում էր փողոցում պահել տասնյակ հազարավոր մարդկանց:

2008-ին Րաֆֆի Հովհաննիսյանը աջակցեց Տեր-Պետրոսյանին, սակայն հերթական՝ 2013-ի կեղծված նախագահական ընտրություններում առաջին նախագահը միանշանակ քաղաքական աջակցություն չցուցաբերեց Սերժ Սարգսյանին և իշխող վարչակարգին մարտահրավեր նետած Հովհաննիսյանին: Հովհաննիսյանի և Տեր-Պետրոսյանի համագործակցությունը խզվեց 2015-ին, երբ Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին և բացահայտ սպառնալիքներով նրան մեկուսացրեց քաղաքականությունից՝ ճանապարհ բացելով մեկ այլ կեղծված քվեարկության՝ 2015-ի հանրաքվեի համար:

«Կոնգրես-ՀԺԿ» ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանը քաղաքականություն է մտել տխուր հանգամանքների բերումով, երբ նրա հայրը՝ Կարեն Դեմիրճյանը, 1999-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության և Սերժ Սարգսյանի Ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ, դարձավ ահաբեկչության զոհ Հայաստանի խորհրդարանում՝ Նաիրի Հունանյանի ահաբեկչական խմբի ձեռքով:

2003-ին Ստեփան Դեմիրճյանը փաստացի հաղթեց Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում, սակայն Բաղրամյան 26-ում մնաց Քոչարյանը: 2003-ի նախագահական ընտրությունները ժողովրդի մեջ ընկալվեցին որպես ամենակեղծված ընտրություններից մեկը: Միջազգային հանրության գնահատականը ևս ակնհայտ էր, իսկ Միացյալ Նահանգները չշնորհավորեց Քոչարյանին, թեև Բաղրամյան 26-ը տարածեց հաղորդագրություն, թե իբր նախագահ Բուշը շնորհավորել է:

2003-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ստեփան Դեմիրճյանը գլխավորում էր ընդդիմադիր «Արդարություն»  դաշինքը, որը զբաղեցրեց երկրորդ տեղը: Դեմիրճյանի և ընդդիմության գործունեությունը Ռոբերտ Քոչարյանը ջախջախեց 2014-ի ապրիլյան բռնությունների ճանապարհով:

«Կոնգրես-ՀԺԿ» ցուցակի առաջին քսանյակում տեղ են զբաղեցրել նաև մի շարք այլ գործիչներ, որոնք հասարակության լայն շրջանակներում հայտնի են՝ Լևոն Զուրաբյան, Զոյա Թադևոսյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան, Վահագն Խաչատրյան, Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Վլադիմիր Կարապետյան…

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ