Հաց բերողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատասխանատուն՝ արդարադատության համակարգը

2201

Հաց բերողի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարել է.

Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից:

Հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք դրսեւորելու հիմքով քրեական հետապնդում հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու սույն գործով անմիջականորեն զբաղված քննչական խմբի ղեկավարին եւ այլ քննիչներին, Արթուրի կալանքը հաստատած դատավորների, ինչպես նաեւ ՔԿՀ համակարգում Արթուրին անհրաժեշտ խնամք չապահոված բոլոր անձանց նկատմամբ:

Այս գործի քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի:

Միաժամանակ, մենք միջնորդել ենք, որպեսզի Արթուրի դիակի դատաբժկական փորձաքննությանն անմիջապես մասնակից դարձվեն միջազգային անկախ դատաբժիշկ փորձագետներ, իսկ մարմնի բոլոր հյուսվածքները հետազոտվեն և դրանցից նմուշներ վերցվեն եւ տրամադրվեն՝ դրանք անհրաժեշտության դեպքում այլ փորձագետների կողմից ուսումնասիրվելու համար:

Պահանջել ենք նաեւ, որ դատաբժկական փորձաքննության ողջ ընթացքը տեսաձայնագրվի եւ դրա օրինակը՝ Արթուրի առողջության վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերի հետ մեկտեղ հանձնել մեզ:

Մենք տարակուսում ենք, որ որոշ բժիշկներ արդեն իսկ հրապարակային հայտարարություններ են կատարել այն մասին, որ Արթուրի մահը կապ չունի իր կալանքի եւ դրա պայմանների հետ, առանց համապատասխան իրավասու ատյանների կողմից համապատասխան եզրահանգումներին սպասելու:

Սա ուղղակիորեն մատնանշում է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել քննության ենթակա հիմնական հարցերից: Արթուր Սարգսյանին անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների ենթարկելով ամբողջ պատասխանատավությունը կրում է պետական ողջ իրավապահ, արդարադատության եւ քրեակատարողական համակարգը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք:

Բայց հիմա արդեն կոնկրետ անուններ եւ անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է:

Հաց բերողի երկրորդ անգամ կալանավորվովելուց հետո՝ փետրվարի 2-ին գրած նամակում նա հայտարարում է իր առողջության հետագա վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանին և դատավոր Ա. Մկրտչյանին։

Նյութի աղբյուրը`Hayastan24.com