ՀՅԴ նախընտրական ցուցակը և ընտրական անցյալը․ 1919-ից 2017

1067

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված է եղել 1990 թվականից ի վեր Հայաստանի բոլոր խորհրդարաններում։

1920-ական թթ․սկզբին Խորհրդային Հայաստանից ստիպողաբար հեռանալուց հետո կուսակցությունը հայրենիք վերադարձավ 1990-ի օգոստոսին։

Նույն տարվա մայիսին (երկրորդ փուլը՝ հունիսին) կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՅԴ-ն չէր կարող մասնակցել ոչ միայն այն պատճառով, որ դեռ իրավաբանորեն չէր հաստատվել անկախության ուղին բռնած Խորհրդային Հայաստանում, այլ որովհետև այդ ընտրությունները բացառապես մեծամասնական ընտրակարգով էին։ Այդուհանդերձ, երբ ձևավորվեց խորհրդարանը, կարճ ժամանակ անց պատգամավորներից ձևավորվեց ՀՅԴ խմբակցությունը, որը ԱԺՄ-ի և ԱԻՄ-ի հետ միասին ընդդիմադիր դիրք էր գրավել իշխանական Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ-ի դեմ։

1995-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կասեցված լինելու պատճառով հնարավորություն չունեցավ մասնակցել դրանց։ Մեծամասնական ընտրակարգով մեկ ՀՅԴ-ական՝ Ռուբիկ Հակոբյանը (կոմունիստ լրագրող, ով մտել էր ՀՅԴ, իսկ հետագայում՝ «Ժառանգություն», այսօր՝ անկուսակցական), ընտրվեց պատգամավոր և հնչեցնում էր կուսակցության ձայնը խորհրդարանում և նրա պատերից դուրս։ 1996-ի սեպտեմբերյան նախագահական աղմկահարույց ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանեց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի։

1999-ի, 2003-ի, 2007-ի և 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն մշտապես հաղթահարել է 5 տոկոսի շեմը, ինչպես նաև ունեցել ընտրված պատգամավորներ մեծամասնական ընտրակարգով։ Լավագույն արդյունքը ՀՅԴ-ն ցույց է տվել 2007-ին՝ գրեթե 13 տոկոս։

1998-ի և 2003-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածու չի առաջադրել և պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ընդդեմ Կարեն Դեմիրճյանի, ապա Ստեփան Դեմիրճյանի։ 2008-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը ստացավ քվեների 6 տոկոսը։ 2013-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց և փաստացի աջակցեց Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի։

2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական քվեարկությանը ՀՅԴ-ն ներկայացրել է 171 հոգանոց ցուցակ, որի առաջին եռյակում են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Դավիթ Լոքյանը։ Երեքն էլ ՀՅԴ-ի կազմում են արդեն ավելի քան 25 տարի, երեքն էլ ծնունդով Երևանից չեն։ Ցուցակում առաջին կին թեկնածուն՝ Արմենուհի Կյուրեղյանը, ևս Երևանից չէ։

Ոչ երևանցի լինելը շեշտում ենք, քանի որ ցուցակում 100-ից ավելին մարզերից են, ինչը կարևոր է կուսակցական, քաղաքական և պետական ապակենտրոնացման իմաստով։

Առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը։ Նրանցից միայն Բաբայանն է, որ ՀՅԴ անդամ չէ։

ՀՅԴ 171 հոգանոց ցուցակում ոչ կուսակցականները 48-ն են։

Կուսակցական ցուցակում ընդգրծված են Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող մի շարք բժիշկներ՝ անկուսակցական Արտավազ Սահակյանը, Մարինե Նանյանը և Գագիկ Միրիջանյանը, ՀՅԴ-ական Նորայր Դավիդյանը, Լևոն Գրիգորյանը, Տարոն Տոնոյանը, Աշոտ Կուրղինյանը։

Ի դեպ, ՀՅԴ-ն այսօր և վերջին տարիներին, որոշ դադարներով, մաս է կազմել Հայաստանի կոալիցիոն կառավարություններին՝ լինելով կոալիցիայի գաղափարի ներմուծողը Հայաստան։ Դա տեղի է ունեցել 2003-ին, երբ Հայաստանում առաջին անգամ ձևավորվեց կոալիցոին կառավարություն։ Պետք է նաև շեշտել, որ Հայաստանում կոալիցիաները, այդ թվում գործողը՝ ՀՀԿ-ՀՅԴ, արհեստական են եղել, քանի որ իշխող ՀՀԿ-ն առանց այլ ուժի կարող էր ձևավորել կառավարություն։ Բայց քանի որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, իսկ կեղծողները ունենում են լեգիտիմության դեֆիցիտ, դիմում եմ կոալիցիաների օգնությանը։

Եվ վերջում՝ վերադառնանք 1919 թվական, երբ այդ տարվա հունիսի 21-23-ը կայացան Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին և վերջին խորհրդարանական ընտրությունները։ Դրանք հայ ժողովրդի պատմության առաջին ընտրություններն էին։ ՀՅԴ-ն, որն իշխող ուժն էր Հայաստանում և բացահայտ հաղթեց այդ ընտրություններում (մեծությամբ երկրորդ ուժի՝ Հայ ժողովրդական կուսակցության բոյկոտի պայմաններում), ներկայացրել էր 120 հոգանոց ցուցակ։ Ահա այդ ցուցակի առաջին 20 անդամները, որոնց անունները մտել են Հայոց պատմության մեջ․

1. Ավետիք Սահակյան
2. Հովհաննես Քաջազնունի
3. Ավետիս Ահարոնյան
4. Գարեգին Փաստրմաջյան (Արմեն Գարո)
5. Միքայել Վարանդյան
6. Համազասպ (Համո) Օհանջանյան
7. Հովսեփ Տեր-Դավթյան
8. Աբրահամ Գյուլխանդանյան
9. Ռուբեն Տեր-Մինասյան (Ռուբեն փաշա)
10. Նիկոլ Աղբալյան
11. Ալեքսանդր Խատիսյան
12. Հովսեփ Արղության (Իշխան)
13. Սմբատ Խաչատրյան
14. Վահան Փափազյան (Կոմս)
15. Լևոն Թադևոսյան (Պապաշա)
16. Դրաստամատ Կանայան (Դրո)
17. Սարգիս Արարատյան
18. Արտաշես Բաբալյան
19. Պերճուհի Բարսեղյան
20. Հովակիմ Բուդաղյան
Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ