Օհանյան. «Հայաստանի իշխանական վերնախավը վարում է «ջայլամի» քաղաքականութուն»

717

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքում գրել է, որ իրեն չափազանց մտահոգում է քաղաքական դաշտի, քաղաքական բանավեճի որակը։

«Այս ընտրությունները ամենակարևորն են մեր պետության համար։ Սակայն ժողովրդի մեծամասնությունը դա դեռևս չի գիտակցում․ ճնշող մեծամասնությունը չգիտի, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու։ Չի՛ կարելի նման ընտրություններն իջեցնել բակի ասֆալտի, թաղի լավ տղու, ծանոթ-բարեկամի մակարդակի»,- գրել է պաշտպանության նախկին նախարարը։

«Մեր երկիրը կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առաջ՝ ռազմական ագրեսիայի վտանգ, տարածաշրջանային լարվածություն, տարածաշրջանային բարդ գործընթացներ, տնտեսության խորը անկման միտումներ… Ժողովուրդը պետք է ստիպի, որ քաղաքական, իշխանական վերանախավերը համարժեք քայլեր ձեռնարկեն գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ»,- գրել է Օհանյանը։

Նա գրել է, որ մերժում եմ և չափազանց վտանգավոր է համարում, այսպես կոչված, «ջայլամի» քաղաքականութունը, որ վարում է հայաստանյան վերնախավը։ Չխոսել սուր մարտահրավերների մասին՝ չի նշանակում, թե այդ մարտահրավերները չկան։

«Վերջին ժամանակաշրջանում բոլորս ականատես ենք լինում՝ ինչպես են մեր հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ընդարձակում իրենց ռազմական, տնտեսական հնարավորությունները, ազդեցության ոլորտները և հզոր գերտերությունների հետ համագործակցության նոր ֆորմատներ են փորձում ձևավորել»,- գրել է նա։

«Ես ուղղակի ապշում եմ. Հայաստանյան վերնախավը՝ մեր իշխանությունը, լռում է այնպես, կարծես Հայաստանը չի գտնվում այս տարածաշրջանում, և դա, ինչ-որ չափով, նաև Հայաստանին չի վերաբերում։ Իշխանության անգործության, իշխանության՝ իր անելիքը չիմանալու «գինը», ի վերջո, վճարելու է մեր ժողովուրդը»,- նկատել է Օհանյանը։

Նա սթափության կոչ է արել բոլո՛ր գործիչներին և հատկապես՝ ժողովրդին։

«Ես կոչ եմ անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին՝ բաց երկխոսության, բաց քննարկման այս թեմաների վերաբերյալ։ Չի՛ կարելի քաղաքական իշխանություն ձևավորելիս կենտրոնանալ միայն կենցաղային խնդիրների շուրջ։ Միևնույն է՝ իրական կյանքը, վաղ թե ուշ, մեզ ստիպելու է ուղիղ նայել բոլոր մարտահրավերների աչքերին, իսկ ես գիտեմ, որ լուրջ վտանգները, լուրջ սպառնալիքները հաղթահարում են միայն ուղիղ դրանց աչքերի մեջ նայելով և ճշմարիտ ուղիներ գտնելով։ Եվ համոզված եմ` այդպիսի ծրագրեր կարող է իրականցնել միայն ժողովրդի կողմից ճշմարտապես ընտրված և նրա վստահությունը անվերապահորեն վայելող իշխանությունը»,- գրել է Օհանյանը։։