«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-18 թթ». հանգանակություն

861

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Այս շարքի նախորդ մասը կարդալ այստեղ

_____________________

Ժողովրդական թերթիկ 1915/01/20 #189

Հայերի երեկոն Պետրոգրադում

Պետրոգրադի Միխեիլի անվան թատրոնում հայ փախստականների համար ցուցադրվել է ներկայացում, որին, ի դեպ, ներկա են եղել նախարարներ Խազանովը և Սուխոմլինովը, քաղաքապետը, Ֆրանսիայի և Անգլիայի դեսպանատան ներկայացուցիչներ: Ներկայացումից մի քանի տասնյակ հազար (ռուբլի խմբ.) եկամուտ է ստացվել, որը տրվելու էր հայ փախստականներին:

Պաշտպանելով հայերին

Հռոմում հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է հիմնվել, այդպիսիք կան նաև այլ երկրներում:

Ժայռ 1915/01/25 #3

Եվս մեկ անգամ փախստականների մասին

Փախստականների հարցը ժամանակ առ ժամանակ սրվում է` տարբեր դրսեւորումներ ստանալով: Նույնիսկ իրենք` հայերը, բաժանվել են մի քանի խմբի և հետաքրքիր է թեմայի շուրջ համեմատել ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների կարծիքները:

Ահա, օրինակ, «Կասպի» թերթում (#12)  կարդում ենք հետևյալը. հունվարի 14-ին Ավան Յուզբաշև խանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Տուժածներին օգնություն ցուցաբերելու հասարակության կառավարման» ժողով, որտեղ զեկույցով հանդես է եկել համայն Ռուսաստանի ազգային միության ներկայացուցիչ պարոն Եվանգուլովը, ով նոր է վերադարձել Իգդիրից: Ժողովին որոշում է կայացվել` օգնել փախստականներին սերմով, ապրանքով և հողագործության համար անհրաժեշտ պարագաներով:

“Кавк. слово” 15-րդ համարում, հրապարակվել է գյուղատնտես Ա. Աթանեսյանցի նամակը, որտեղ ներկայացված է փախստականների ուժը տեղական տնտեսությունում օգտագործելու ծրագիրը: Սույն նամակի հիմնական ուղերձն այն է, որ 120․000 փախստականներից հնարավոր է ընտրել 40-50 հազար աշխատող, ովքեր տեղաբնիկ հայերի շրջանում կլրացնեն աշխատուժի պակասը (նրանց, ովքեր բանակ են զորակոչվել) և իրենք իրենց կկերակրեն: Աթանեսյանցն այս կարծիքը տարբեր կողմերից ապացուցում և իրեն է վերապահում հայ հասարակության և արտադրա-տնտեսական հաստատություններում այս ծրագրի իրագործումը: Ա. Աթանեսյանցը վստահորեն ասում է միայն, որ հայ փախստականներն այստեղ կտիրապետեն արտադրական հմտությունների և հետագայում իրենց փորձը կօգտագործեն հայրենիքում: Նույն Աթանեսյանցը «Մշակ» թերթում (որտեղից և “Кавк. слово”-ն արտատպել է նամակը) գրում է, որ փախստականներն անպայման պետք է վերադառնան իրենց հայրենիք, որպեսզի նեղություն չտան, առանց այդ էլ նեղության մեջ գտնվող տեղաբնիկ հայերին։

«Մի՞թե ցանկալի է, որ նրանց գյուղերը, նրանց կողմից թողնված տարածքները մնան անտեր: Մի՞թե կգտնվի գոնե մեկը, ով գիտի Այսրկովկասի հայերի հողի սակավության մասին և կցանկանա, կամ նույնիսկ մտքի ծայրով կանցնի, որ փախստական հայերը մնան այս կողմերում: Սա կլինի կանխամտածված սպանություն, հետևաբար, այսօրվանից պետք է ջանք դնենք, օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի երբ հանգամանքները թույլ տան, փախստականներին հետ վերադարձնենք իրենց հայրենիք: Առաջին հերթին պետք է տղամարդիկ ուղարկվեն, որպեսզի հողի վերամշակման համար պայմաններ ստեղծեն: Այս ամենի համար անհրաժեշտ է նրանց օգնել ապրանքով, սերմով  և հողի մշակման համար անհրաժեշտ պարագաներով»: Միևնույն ժամանակ, հեղինակը մեծ կարեկցություն է հայտնել հայկական «Նպաստամատույց» հասարակությանը, որը նույնպես նման նպատակ է ունեցել:

Եթե մենք փախստականների հայրենիք վերադառնալու մասին միտք արտահայտեինք, մեզ շովինիստ և անսիրտ կանվանեին: Սակայն սրա մասին խոսում են իրենք` հայերը: Չենք ցանկանում կասկածի տակ դնել պարոն Աթանեսյանցի անկեղծությունը, որը վերջինս փոխանցել է «Մշակ»-ին, սակայն տարօրինակ հակասություններ կան դեռ նրա ցանկությունների և դրանց իրականացման հնարավորությունների միջև, այնուհետև այն նամակների միջև, որոնք տպագրվել են “Кавк. слово”-ում և «Մշակ»-ում:

Մի պահ մոռանանք, որ կան արտաքին ճնշումներ և ամեն ինչ հնարավոր է տեղի ունենա այնպես, ինչպես ցանկանում է Աթանեսյանցը, այսինքն, եթե փախստականներն անպայման պետք է վերադառնան, ապա նրանց ինչի՞ն են պետք սերմերը, գութանները, ապրանքները և այլն: Այս ամենը ավել բեռ չէ՞: Գութանը, որը փախստականները պետք է  օգտագործեն Օսմանյան կայսրությունում և Պարսկաստանում, ինչների՞ն է պետք Ռուսաստանում: Մի՞թե գութան տրամադրելով` կբարելավվի փախստականների իրավիճակը, այն դեպքում, եթե նրանք հերկելու հող չունեն: Կամ հացահատիկի սերմը կկերակրի՞ նրանց, եթե այն սերմելու համար է նախատեսված: Սա է առաջին հակասությունը: Երկրորդ հակասությունն այն է, որ նույն Աթանեսյանցը «Մշակ»-ում հայերին խորհուրդ է տալիս վերադառնալ հայրենիք, իսկ “Кавк. слово”-ում ներկայացնում է նրանց` այստեղ բնակեցնելու ամբողջական ծրագիրը:

«Այսօրվանից պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք փախստականներին հայրենիք վերադարձնելու համար»,- գրում է Աթանեսյանցը «Մշակ»-ում: Միևնույն ժամանակ “Кавк. слово”-ում հրապարակված նամակում ասվում է. «Փախստականներից ընտրված 50 հազար աշխատող ոչ միայն կարող են կերակրել փախստականներին, այլ նաև տեղաբնիկ հայերին կօգնեն արտադրությունում»:

Իհարկե, կարող են ասել, որ այստեղ հակասություններ չկան: Այսօր 50 հազարին տեղավորենք այստեղ, որպեսզի գոյատևեն, իսկ երբ երկրում խաղաղություն կտիրի, բոլոր 120 հազար փախստականները հետ կվերադառնան: Սակայն, այդ դեպքում ինչ անհրաժեշտություն կա խոսել հետ վերադարձնելու հնարավոր տարբերակների մասին, եթե այսօր նման հնարավորություն չկա: Կամ եթե չկա, Աթանեսյանցը ինչպե՞ս պետք է  տղամարդկանց հետ ուղարկի հող մշակելու: Եվ եթե բաշխվեն ապրանքները, գութանները, սերմերը, հնարավոր է արդեն իսկ հետ վերադառնալու ժամանակը լինի:

Այս փաստարկված հակասություններում ամբողջովին մոռացված է մարդու հիմնական շարժիչ ուժը: Իսկապես, ինչն է եղել հայերի վտարման պատճառը: Թե երբ կվերադառնան հայերը` հայտնի չէ և այսօրվանից պատրաստվել դրան, պարզապես անիմաստ երևակայություն է: Եվ հետո, ինչպե՞ս է պարոն Աթանեսյանցը փախստականներին ստիպում վերադառնալ այն վայրեր, որտեղ նրանց կոտորածից բացի ոչինչ չի սպասվում: Հոդվածներո՞վ է համոզելու, որ հայրենիքն ավելի սիրված տարածք է: Եվ եթե նրանց գյուղատնտեսության համար անհրաժեշտ պարագաներով և նույնիսկ հողով ապահովեն, փախստականները ինչո՞վ են առաջնորդվելու ետ վերադառնալու համար: Մեր խորը համոզմամբ` փախստական հայերը կմնան այստեղ,  և պարոն Աթանեսյանցի հայրենասիրական-գյուղատնտեսական մղումները չեն կարող նրանց տեղից շարժել: Հետևաբար, փախստականներին տեղափոխվել կստիպի միայն հողի (տարածքի) և միջոցների սակավությունը, որի մասին նա չի խոսում “Кавк. слово”-ում, այլ գրում է միայն «Մշակ» թերթում:

Հենց այստեղ է ծնվում երկրորդ դիրքորոշումը, որի համաձայն, եթե փախստական հայերը մնան այստեղ, դա «գիտակցված մահ» կլինի ոչ միայն տեղաբնիկ հայերի, այլ նաև այլ ազգերի համար:

Այս օբյեկտիվ կարծիքը նպատակ չունի ոչնչացնել ողջախոհությունը: Փախստականներին օգնություն է անհրաժեշտ, սակայն օգնության բովանդակությունն է ամենակարևորը, այդ պատճառով մենք հայերի աչքերին «շովինիստ» ենք երևում:

Նամակն ավելի երկար կլիներ և նամակով չի վերջանա մեր և աթանեսյանցների միջև հակասական հարցերը: Ուղղակի  կմեջբերենք “Петроградская ведомость”-ի կարծիքը, որը շատ թե քիչ համապատասխանում է մեր գաղափարին:

Հայ փախստականները

«Пет. вед.»-ում տեղ է գտել հայ փախստականների վերաբերյալ Օգյուցտիի նամակը:

«Երբ հարցը վերաբերում է փախստականներին, շատերը կարծում են, որ մենք նկատի ենք ունեցել Թբիլիսիից տեղափոխված հայերին: Այդ պատճառով ընթերցողին պետք է իրազեկենք, որ այս դեպքում մենք խոսում ենք ոչ թե Թբիլիսիից տեղափոխված հարուստ, այլ  Պարսկաստանից փախած քաղցած և մերկ հայերի մասին: «Пет. вед.»-ի կարծիքով, հայերը Կովկաս են գալիս նաև այն շրջաններից, որտեղ իրենց որևէ վտանգ չի սպառնում: Երբ գերմանացիները հարձակվեցին Բելգիայի վրա, նրա բնակիչները տեղափոխվեցին Ֆրանսիա և Անգլիա, լեհերը` իրենց հայրենիքի կենտրոն: Պարսկաստանի հայերը ոչ միայն իրենց հայրենիքում ապաստան չեն փնտրում, այլ նաև փախչում են այն շրջաններ, որոնք Պարսկաստանի հետ թշնամական հարաբերություններ չունեն:

Այս առումով, թերթը գտնում է, որ փախստականներն ունեն առաջին հերթին գումարի կարիք: Թագավորի տեղակալի կողմից հիմնված «Հայերի ազգային բյուրո»-ն հնարավորություն չունի օգնել նրանց: Հարուստ հայերին ամեն օր նեղություն են տալիս, գումար են խնդրում, սակայն նրանցից շատերը կամ գումար չեն տալիս, կամ շատ քիչ են տալիս… Այս կերպ «Հայերի ազգային բյուրոն», որի նմանը բացի ռուսներից չունի ուրիշ ոչ մի ազգ, անզոր է օգնություն ցուցաբերել, քանի որ հարուստ հայերը չեն ցանկանում օգնել իրենց եղբայրներին: Հետևաբար, օգնություն պետք է խնդրել կառավարությունից: Հայ հասարակական գործիչները ցանկանում են դիմել  Նորին Մեծություն Նիկոլոզի դուստր Տատիանայի անվան բարեգործական (օգնություն ցուցաբերող) միությանը:

«Թբիլիսիում այժմ «փախստականների» թիվը մեծ է. նրանք սփռված են տարբեր տեղերում և եթե Ներսես եպիսկոպոսը միջնորդի և փախստականներին ռուսական անձնագրեր տրամադրվեն, փախստականների բնակեցումն ավելի մասշտաբային կլինի: Փախստականների զգալի մասը կբնակեցվի Վրաստանի սահմանների մոտակայքում: Վրաստանում նման տեղափոխություններ տեղի են ունենում արդեն տասնյակ տարիներ շարունակ, չնայած նրան, որ Օսմանյան կայսրությունում որևէ հետապնդում և միջադեպեր չեն եղել, իսկ հայերի վերաբնակեցումը վրացական տարածքներում վրացիների համար ցավալի խնդիր է: Ժամանակակից վրացու ազգային աշխարհայացքում Վրաստանի տարածքների պաշտպանությունն ու պահպանությունը կարևոր դեր է զբաղեցնում: Վրաց ազգային գիտակցությունը որևէ փոխզիջում չի ճանաչում այս հարցում: Վրաց-հայկական միջազգային խնդիրների հիմնական պատճառը հենց տարածքերի պատճառով է տեղի ունենում»:

Հեղինակի հետ համաձայն չենք, թե հայերի և վրացիների միջև տարածքային խնդիրը վրաց-հայկական հարաբերություններում ամենացավալի խնդիրն է, որի չլուծման պատճառով հնարավոր է մեր բարեկամությունը և համակեցությունը խախտվի… «Пет. вед.»-ի խոսքերով, փախստականների խնդիրը պետական խնդիր է, և նրանց «ժամանակավոր» բնակեցումը պետք է տեղի ունենա այնպիսի պայմաններում, որ հետագայում չխախտվի որևէ մեկի ազգային ինքնասիրությունը և իրական ճնշումներ չիրագործվեն: “Зак. Речь.”