23 օր հացադուլի մեջ գտնվող «Հաց բերող» երկտող է գրել

2774

Երկու Սարգսյան․ մեկը՝ «Հաց բերող», մյուսը՝ Սերժ

Այսօր Մարտի 1-ն է, «Հաց բերողը» կմտնի հացադուլի 20-րդ օր

————————————————

Հաց բերողը «պետք է մեռնի»․ Մհեր Արշակյանի սյունը ՍիվիլՆեթ-ում

1 մարտի, 2017, civilnet.am

Կա՞ գոնե մեկ բանական պատճառ «Հաց բերողին» կալանքի տակ պահելու համար: Եթե քո՝ իշխանության, նախընտրական կարգախոսի մեջ կա «անվտանգություն» բառը, ուրեմն, բանական պատճառն էլ կա: Որովհետև, եթե էդ «անվտանգությունն» ինձ՝ Սերժ Սարգսյանին չի ենթադրում, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես հայերենում էդ բառը:

Իշխանությունը չի սիրում պատժել մեղավորին: Պատժելով ինքը ոչինչ չի ապացուցի: Շատ տրամաբանական է մեղավորին պատժելը: Դա իրերի ընդհանուր կարգի մեջ է: Մարդիկ դրա վրա չեն էլ նայի՝ բա, իհարկե, պետք է պատժի, ինքն իր գործն է անում, մենք կանհանգստանայինք, եթե չպատժեր: Բայց՝ ոչ: Ուրեմն, ի՞նչ անել, որպեսզի դու՝ իշխանությունդ, ուժ ցույց տաս: Բնականաբար պետք է պատժես անմեղին: «Անմեղ» և «պատիժ» բառերն իրերի ընդհանուր կարգի մեջ չեն: «Պատիժ» բառն ընդհանրապես որևէ կարգի մեջ չէ, եթե դու ունես եկեղեցի, որը քեզանով զբաղվում է, ասենք, Աստծո անունից:

Նույնիսկ Արփինե Հովհաննիսյանը գիտի, որ «Հաց բերողը» կալանքի ենթակա ոչինչ չի արել գոնե երկրորդ անգամ: Ուրեմն, բան ունեն ասելու: Այսինքն, վախեցնելու: Այսինքն, հիշեցնելու, որ «պետություն» և «խիղճ» բառերի համադրությունը ֆնդխություն է: Իբր թե, մարդիկ չեն դատում Արթուր Սարգսյանին, Սերժ Սարգսյանը նույնիսկ տեղյակ էլ չէ, այլ՝ օրենքն է պահանջում: Իսկ օրենքը զոհեր չունի: Մարտի 1-ի գործը քնած է Սերժ Սարգսյանի «խղճի» մեջ, փոխարենն այդ մարդը բացել է «Հաց բերողի» գործը, որպեսզի հասկանանք, որ երբ կա իշխանություն պահելու խնդիր, բոլորը պետք է պատրաստ լինեն զոհաբերվելու: Ի՞նչ է ընտրակաշառքը՝ ընտրողի զոհաբերությունը իշխանության պահպանմանը:

Բայց ցանկացած զոհաբերության մեջ կա անմեղին իր անմեղությունը թողնելու գուցե չգիտակցված մղումը: Սա մեր իշխանության «հագով» չէ: Ինքը գերադասում է ահաբեկչությունը: Ցանկացած ահաբեկիչ սպանում է այն հստակ համոզմամբ, որ զոհը մեղավոր է: Այդպես սպանում էր, ի դեպ, Ստալինը: Ահաբեկիչը զոհի մեղավորությունը տեսնում էր բնական իրավիճակների մեջ: Ասենք, եթե հրեա ես, արդեն մեռնելու ենթակա ես: Կամ՝ եթե համաձայն չես, ժողովրդի թշնամի ես: Ահաբեկիչը կարիք չունի զոհի «թշնամական» գործողության: Նրան բավարար է այն գիտակցումը, որ ինքը ճիշտ է: Արթուր Սարգսյանը հաց է հասցրել սովի դատապարտված մարդկանց: Արթուր Սարգսյանը դա կաներ, եթե ՊՊԾ գունդը գրաված լինեին, ասենք, Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը և այլ հանրապետականներ: Եթե նրանց առաջ փակ լիներ հացի ճամփան: Իր գործը հաց հասցնելն է: Ոչ թե հաշիվ չտալը, թե ում է հասցնում, այլ հաց հասցնելը: Սա մարդն է: Որովհետև մարդու հետ հնարավոր է հարաբերվել «հացիվ» հարաբերությունները կարգավորելուց հետո: Թող մարդիկ ապրեն, և թող պետությունը որոշի, թե ինչու գնացին այդ քայլին:

Սովամահությունը արդարադատության եղանակ չէ: Եթե Սերժ Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը սա չեն հասկանում, եթե եկեղեցուն սա հետաքրքիր չէ, ուրեմն Արթուր Սարգսյանը պետք է մեռնի: Եվ դա նույնպես իրերի կարգի մեջ է: Ահա թե որտեղից է ծլում ահաբեկչությունը: Սկզբից մարդու մահը: Մենք ոչ մի բանական պատճառ չենք լսել, թե ինչու է Արթուր Սարգսյանը կրկին կալանքի տակ: Նշանակում է մահվան դատավճիռ է կայացվել: Էդ դատավճիռը կայացվում է, որպեսզի ընտրակաշառքը չարժեզրկվի, որպեսզի դատարանները չանկախանան, որպեսզի քրեական հանցագործը դեռ ոչ մի հանցանք կատարողից չտարբերվի և վարչապետ Կարեն Կարապետյանը ի լուր աշխարհի հայտարարի, որ Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է:

Արթուր Սարգսյանը պետք է մեռնի հենց թեկուզ այն պատճառով, որ չի սպանել: Որովհետև սպանելն է մարդու արարքը: Եվ եթե այդպես է, ինչո՞ւ այն պետք է կանխվի հացով: Հացը պետք է դառնա նույնքան դատապարտելի, որքան ՊՊԾ գնդի գրավումը: Որպեսզի, ասում եմ ձեզ, ընտրակաշառք վերցնելիս քո թեման լինես միայն ինքդ: Որպեսզի մեկ ուրիշը, այսինքն, ապրելու մղում ունեցող, որին դու դեմքով չգիտես, թեմա չլինի: Ահա ինչու է իշխանությունը միշտ անակնկալ կայացնում թանկացումների որոշումները: Դրանից հետո դու որևէ կամք չունես քայլ կատարելու: Որովհետև տեսել ես, թե ինչի է հանգեցնում այդ քայլը:

«Հաց բերողը»` 17 օր հացադուլի մեջ. նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ aniarc.am

Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր առավոտյան դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել են «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Ազգային ժողովում այսօր այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

Արթուր Սարգսյանը, որը կալանավորվել էր 2016թ․ հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը հաց տանելու համար, արդեն 17-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել։

«Նրա կյանքը փրկելու միակ միջոցը խափանման ձևը փոխելն է, ինչի վերաբերյալ անձնական երաշխավորության միջնորոդություն ենք պատրաստել, և եթե կան պատգամավորներ, որոնք նույնպես ցանկանում են երաշխավորել Արթուր Սարգսյանի կալանքի ձևը փոխելուն, կարող են ընդմիջման ժամին մոտենալ մեզ և ստորագրել միջնորդության տակ, որը մենք կներկայացնենք գլխավոր դատախազին, քանի որ միայն կալանքի ձևը փոխելով է հնարավոր Սարգսյանին հանել հացադուլից»,- ասել է Մարուքյանը։

Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրել է 26 պատգամավոր (Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լևոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան):

Փաստաթուղթը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին: Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով այսօր՝ փետրվաի 27-ին, Ազատության հրապարակում տեղի է ունեցել հավաք։

Փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին տեղափոխել էին Հատուկ քննչական ծառայություն, որտեղից էլ՝ դատարան։ Դատարանը որոշել էր կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան: Ի պատասխան, «Հաց բերողը» դիմեց հացադուլի:

Շաբաթներ առաջ «Հաց բերողը» «Հետք»-ին պատմել էր անցյալ տարվա հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին:

Միայնակ Գայլը դադարեցնում է 11-օրյա հացադուլը, դիմում 18-օրյա հացադուլավոր Հաց բերողին, aniarc.am

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը:        Արայիկ Խանդոյանը իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին, գրում է Ա1 պլյուսը:

«Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:

Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան,  մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թեւ կտանք ազգադավ ռեժիմին:

Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- գրված է կոչի մեջ:

Մարդը. Արթուր Սարգսյան՝ Մհեր Արշակյանի սյունը ՍիվիլՆեթ-ում

civilnet.am, 8 օգոստոս, 2016թ

Արթուր Սարգսյանն այս իշխանությունների հետ կռիվ չուներ: Նրա ձեռքը սովոր էր հաց հասցնել սովյալներին: Իր բոլոր վերքերը նա ձեռք է բերել Ղարաբաղում 90-ականների սկզբին սահմանի տղաներին հաց հասցնելիս: Պատերազմից հետո նա անցավ փայտարվեստին: Ասել է, թե հաց հասցնելիս էլ կռիվ չունես ոչ մեկի հետ, միայն թե սովյալներ չլինեն:

«Սասնա ծռերին» հացի իրավունքից զրկելը Արթուրը չընկալեց: Չընկալեց եւ այդ մասին չբարձրաձայնեց: Հաջորդ առավոտյան տեղեկացանք, որ «մի հայորդի սնունդով բեռնված մեքենայով մտել է ՊՊԾ գունդ»: Մեր իշխանությունների մասին այսուհետեւ կարելի է խոսել միայն Արթուրի «միջոցով»: Փորագրիչի ձեռքին հացն է, իսկ իրենց ձեռքին՝ զենքը: Հացը մուսայի լռությունն է, այսինքն, մուսաները լռում են, երբ կերակրում են: Իշխանությունը, որ Ռոբերտ Ամիրխանյան ու Լեւոն Իգիթյան է խրախուսում, երբեք չի հասկանա անուն չունեցողին: Երբեք չի հասկանա, թե ինչպես է անանուն հանճարը թռնում անունով միջակների պատի վրայից, որպեսզի հաց հասցնի: Մի ամբողջ եկեղեցի լռեց, երբ այդ տղաներն օրերով սոված էին, բազմաթիվ արվեստագետներ լռեցին, իսկ Արթուրը հացը հասցրեց լուռ: Նրա աջ եւ ձախ ձեռքերը տեղեկատվության փոխարկիչ չէին, եւ ինքը գնաց ու ՊՊԾ գնդի տարածքը դարձրեց եկեղեցի, որպեսզի «Կամասուտրա» ժամացույցով շնացողների եւ ուսադրավոր հարբեցողների բանակն իմանա, թե այստեղով իրենցից զատ էլ ով է անցել: Արթուր Սարգսյանը ոչ մեկի հետ կռիվ չունի: Ու հենց սա է, որ չի ներվի նրան: Այսինքն, Հայաստանում կա մեկը, որը Սասնա ծռից էլ ծուռ է: Դե սա, ընկերներ, արդեն չափն անցնել է: Հասկանու՞մ եք, Սերժ Սարգսյանը մեր էպոսի հետ կռիվ ունի: Ինքը մի ամբողջ Հայաստան ու Ղարաբաղ ինտելեկտուալ առումով դարձրել է անապատ, որպեսզի կամքը հենարան չունենա, եւ հանկարծ Արթուր Սարգսյանի նման մի ծուռ ճեղքում է անվտանգության աննախադեպ պատն ու հաց հասցնում: Դե իհարկե նա  պետք է դատվի: Գուցե մտածեք նաեւ մահապատժի հոդվածը վերադարձնելու մասի՞ն: Չէ՞ որ հեռուստաընկերությունների նման «էլեկտրական աթոռներն» այլեւս չեն աշխատում, ընկերներ:

Անքնությունն արդեն մտել է իշխանություն, կերակրատաշտի «քաղտեխնոլոգներն» արդեն հմայությամբ են զբաղվում, որպեսզի վերջին ծռերին հանեն իրենց «որջերից» ու մշակեն: Հիմարներ: Դուք երբեք չեք հասկանա, որ, որքան էլ ՊՊԾ գունդ մտել են 30 հոգով, Միայնակ Գայլը Միայնակ Գայլ է, նա կոլեկտիվ հմայության չի տրվում: Դուք երբեք չեք հասկանա, որ նրանք իրենց չեն թուլացնի ուրիշի սպանությամբ, ինչպես դուք վարվեցիք Յուրա Տեփանոսյանին սպանելով: Եվ դուք ողորմելի եք ոչ թե տեխնոլոգիական բազում մտքերի անպտղությամբ, այլ որ ձեր կռիվը ուրիշի «տեսիլքը» մի կտոր հաց սարքելն է: Ձեր համար փորագրիչը Վերնիսաժից դենն աշխարհ չգիտի: Այս ամենի համար դուք Երանոսյան Լյովաներ եք բտել, որպեսզի «տեսիլքը» չափ ու սահման ճանաչի: Բայց Ծուռը հենց այն պատճառով է Ծուռ, որ «այս աշխարհից» չէ: Նա ապրելու «երեւակայության» եւ «տեսլիքների» մրցավազքի մեջ չկա: Նա Ծուռ է: Նիցշեն նրանից է հունցում իր Գերմարդուն, Կամյուն՝ իր աբսուրդ մարդուն, Դոստոեւսկին՝ Ապուշին: Նրանից են ստանում Յուրի Դետոչկինին կամ Ֆորեստ Գամփին: Այս մարդկանց դուք՝ «էլեկտրական աթոռի» ձեր կազմակերպվածությամբ վաղվա աշխարհ չեք առաջարկի, որովհետեւ նրանց տեսիլքը պարզ ցավն է՝ որտեղ ցավ, այնտեղ իրենց օգնությունը: Տեսա՞ք՝ աշխարհից մոռացված մի մարդ էր, պատերազմից հետո, ինչպես ասում են, ծպտունը չի լսվել: Հիմա նա նույնիսկ ձեր մարդ լինելու հնարավորությունն է: Գուցե ձեզնից վատ գիտի, որ Աստված չկա: Բայց ի~նչ հենարան է մեր եկեղեցու համար: Որովհետեւ վերջում, ընկերներ, ամենավերջում, ինքն է դառնալու պատմության լուսավոր էջ, նրա ծնունդն եք նշելու, նրա անունով եք հավակնելու խոսել սրբությունից եւ  մյուս սրբերից:

Բա ազգանունը: Այդպիսի ազգանունը ստվերելու է ձերը եւ, գուցե, պատմաբանի հավակնությամբ սերունդներն ընդունելության քննություններին խառնեն պատմական նույն ժամանակներին վերաբերող Սերժ Սարգսյանին եւ Արթուր Սարգսյանին: Ոմանք գուցե հուզմունքից չհանձնեն այդ քննությունը եւ անեծքներ թափեն այս տղայի գլխին Հրեշի հետ նույն ազգանունն ունենալու համար: Շտապեք ընկերներ, շտապեք բաց թողնել Արթուրին, որպեսզի գնա Ծռի իր աշխարհն ու իր անհասցե լռությամբ հարազատություն անի «Փոքր Մհերի» հետ, որպիսին էր ինքը մինչեւ այն օրը, երբ «սննդով բեռնված մի մեքենայով մտավ ՊՊԾ գունդ»: Շտապեք, որովհետեւ ձեր խղճուկության սրբագրիչն է այս մարդը, որը բոլոր սրբագրիչներին բնորոշ կախ գլխով իր գործն անում է այնպիսի խաղաղությամբ, որը ձեզ էլ չի հերիքում: Շտապեք, քանի դեռ այդ խաղաղությունը ձեզ չի հերիքել վաղը:

Երգահան Արմեն Մովսիսյանի ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի “Հաց եմ բերել տղերք” երգը