«Ազատ դեմոկրատներ»` ակնհայտ արևմտամետ միակ ուժը

1218

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից ինը կուսակցությունների և դաշինքերի ցուցակներում արևմտամետ գործիչների պակաս չի զգացվում։ Օրինակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքերում, հատկապես՝ ցուցակների առաջին հորիզոնականներն զբաղեցնող գործիչներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպական և Եվրոատլանտյան տիրույթում։ Արևմտամետ անհատներ կան նաև ՀՅԴ-ի և անգամ իշխող ՀՀԿ-ի ցուցակում, սակայն միակ ուժը, որին կարելի է տալ արևմտամետ անվանումը առանց վերապահումների, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է։

Կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականի մայիսին։ Մեկ տարի անց «Ազատ դեմոկրատները» «Ժառանգություն» կուսակցության ցուցակով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, կուսակցության հիմնադիր և ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և անդամներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դարձան պատգամավորներ։

Ամիսներ անց՝ 2013-ի փետրվարին, Քոքոբելյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից։ Ի վերջո, մինչև 2017-ը, խմբակցության բոլոր անդամները հեռացան, վերջինը Զարուհի Փոստանջյանն էր։ Բայց հեռացողներ եղան նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանն ու փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Վերջինիս փոխարինեց Անժելա Խաչատրյանը։

Ընտրություններում «Ազատ դեմոկրատներին» միացել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր «Ազատություն» կուսակցությունով։ Համամասնական ցուցակը գլխավորում են Քոքոբելյանն ու Բագրատյանը, ընդ որում՝ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաղթելու դեպքում կուսակցության վարչապետի թեկնածուն լինելու է Բագրատյանը։

Համամասնական ցուցակի երրորդ և չորրորդ տեղերում են Ազգային ժողովի նախկին պատգամավորներ և «Ժառանգությունից» հեռացածներ, բայց «Ժառանգությունը» մարմնավորողներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը։ Սաֆարյանին կարելի է դասել Հայաստանում ամենաարևմտամետ գործիչների շարքում։

«Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում ընդգրկված են նաև նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանը, նախկին պատգամավոր, «Օրինաց երկրից» հեռացած Գագիկ Բաղդասարյանը։ Առաջին տասնյակում ընդգրկված է նաև Մասիս Այվազյանի որդին՝ Նարեկ Այվազյանը, ում անունը հայտնի դարձավ «Էլեկտրիկ Երևանի» օրերին։ Ցուցակում 17-րդը կրկին «Էլեկտրիկ Երևան»-ցի Վաղինակ Շուշանյանն է։ Ցուցակի 21-րդ հորիզոնականում է Քոքոբելյանի եղբայրը՝ Վաչիկ Քոքոբելյանը։

Ցուցակում՝ 12-րդը, տեղ է տրվել երկար տարիների նախկին ԱԻՄ-ական, այսօր անկուսակցական, խորհրդարանի նախկին պատգամավոր Ներսես Զեյնալվանդյանին։

Բոլոր ինը ուժերից ամենակարճ ընտրական ցուցակը ներկայացրել է հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 101 հոգի, սակայն մյուս կողմից՝ այս ցուցակը ընդգրկում է շատ երիտասարդ գործիչների ու կանանց։

Հաշվի առնելով, որ այս կուսակցությունը կարող է ֆինանսական միջոցներ ներդնել լավ և ընդգրկուն քարոզարշավ տանելու համար, որ այս ուժին քվե կտան Հայաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում չտեսնող քաղաքացիները և հաշվի առնելով, որ ընտրական ցուցակը բավական ներկայացուցչական է, ապա կարելի է սպասել, որ «Ազատ դեմոկրատները» կհաղթահարեն խորհրդարան մուտքի 5 տոկոսի արգելքը։

Չնայած «Ազատ դեմոկրատները» չեն ներկայացրել ազգային փոքրամասնաությունների ցուցակ, սակայն համամասնական ցուցակում ընդգրկել են ոչ հայկական ազգանունով երկու աղջիկների՝ Լուսինե Զակալաշվիլի և Դիանա Կիտյուկովա։

Ընտրական տարածքային ցուցակներով «Ազատ դեմոկրատներից» Ստյոպա Սաֆարյանը առաջադրվել է թիվ 1 ընտրական տարածքում, Անահիտ Բախշյանը՝ 3-րդում, Հրանտ Բագրատյանը՝ 4-րդում, իսկ ահա Խաչատուր Քոքոբելյանը չի առաջադրվել։

Թաթուլ Հակոբյան

www.civilnet.am

Դիտել նաև՝

ՀՀԿ-ն աթոռ է, իշխանություն է, առուծախ է

Ընտրություններով ՀՀԿ-ին հաղթել հնարավոր է