Կարեն Կարապետյան. ՀՀԿ-ի անունից ընտրողներին ներկայանալը օգտակար չէ

1150

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում համարձակություն և ազնվություն է ունեցել հայտարարելու, որ Հանրապետականի անունից ընտրողներին ներկայանալն իրեն հաստատ չի օգնի, ավելին՝ կխանգարի։

Նա տեղյակ է Հանրապետականի հանդեպ ժողովրդի վերաբերմունքից: Իսկ դա իրեն ոչ մի լավ բան չի խոստանում. «Որովհետեւ հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար դա իր ազդեցությունը կթողնի իր ռեյտինգային վարկանիշի վրա»:

Դա Սերժ Սարգսյանն էլ գիտի, չի թաքցնում Հանրապետական պատգամավորը: Մեկ միլիոնից ավելի ընչազուրկ մարդ կա Հայաստանում, և հաստատ այդպիսի երկրում իշխանությանը չեն սիրի. «Անապահով խավը մեծամասամբ ուրեմն կաջակցի ընդդիմադիր ուժերին»:

Չնայած դրան, ինքը այն կարծիքին չէ, որ Հանրապետականը ընտրություններից հետո կրկին իր ձեռքը չի վերցնի իշխանությունը: Պարզապես գուցե դա այնքան էլ հեշտ չլինի. «Որոշ հնարավորություններ ունենք հաղթահարելու որոշակի արգելք, որը կարող է կորիզ դառնալ վաղվա մեծամասնության համար»:

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելիս նրա հույսը Հանրապետականի հեղինակությունը չէ, ինքը 5 անգամ պատգամավոր է եղել և գիտի, թե ինչի վրա կարող է խաղադրույք անել. «Ես իմ անձնական հնարավորությունները, իմ ընտանիքի անձնական հնարավորությունները տեսնելով, որ շատ տեղեր կաղում ենք, տեսնելով, որ պետության հնարավորությունները քիչ են, փորձել ենք մեր անձնական հնարավորությունները ի նպաստ օգտագործել տվյալ տարածքի սոցիալական շերտերի համար»:

Սակայն հանրապետական պատգամավորը միշտ է դեմ եղել ռեյտինգային ընտրակարգին և դա ասել է իր կուսակցության նիստերի ժամանակ. «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե էս ժողովուրդը էլ խնդիրներ չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասեմ, իրար դեմ հանելու ենք»:

Աղբյուրը՝ Ա1 պլյուս