«Ելք»-ից՝ Դաշնակցություն. թվեր և արդյունքներ

1014

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել և հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համամասնական ցուցակները: Քվեաթերթիկի վրա թիվ 1-ը «Ելք» դաշինքն է, ապա գալիս են  «Ազատ դեմոկրատները», «Հայկական վերածնունդը», «Ծառուկյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները, ՀՀԿ-ն, ՀԿԿ-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, իսկ թիվ 9-րդը ՀՅԴ-ն է:

Թվով 9 ուժեր են մասնակցել նաև նախորդ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին (131 պատգամավոր` 90 համամասնական, 41 մեծամասնական): Կուսակցությունների համար 5, իսկ դաշինքների համար 7 տոկոսանց արգելքը հաղթահարեցին վեց ուժեր՝ ՀՀԿ-ն ստացավ 44 տոկոս, ԲՀԿ-ն՝ 30, ՀԱԿ-ը՝ 7, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն՝ գրեթե 6-ական, «Օրինաց երկիրը»՝ շուրջ 5.5 տոկոս:

2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (131 պատգամավոր` 90 համամասնական, 41 մեծամասնական) մասնակցել է 22 կուսակցություն և 1 դաշինք: Միայն հինգ ուժեր հաղթահարեցին 5 տոկոսի արգելքը, որոնցից միայն մեկն էր ընդդիմադիր՝  «Ժառանգությունը»: Առաջին տեղում ՀՀԿ-ն էր քվեների 33 տոկոսով: ԲՀԿ-ն ստացավ քվեների մոտ 15 տոկոսը, ՀՅԴ-ն՝ գրեթե 13, «Օրինաց երկիրը»՝ 6.8, «Ժառանգությունը»՝ 5.8 տոկոս:

2003 թվականի խորհրդարանական ընտրություններին (131 պատգամավոր, 75  համամասնական, 56 մեծամասնական) մասնակցում էին 21 ուժեր: Նրանցից խորհրդարան մտան վեցը: ՀՀԿ-ն ստացավ 23.5 տոկոս, «Արդարություն» դաշինքը (հիմնական ուժը Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն էր)՝ շուրջ 14, «Օրինաց երկիրը»՝ 12.5, ՀՅԴ-ն՝ 11.5,  «Ազգային միաբանությունը»՝ գրեթե 9, Միավորված աշխատանքային կուսակցությունը՝ 5.7 տոկոս:

1999 թվականի խորհրդարանական ընտրություններին (131 պատգամավոր` 75 մեծամասնական, 56 համամասնական) մասնակցում էին 21 ուժեր: Խորհրդարան մտան հետևյալ վեց ուժերը՝ «Միասնություն» դաշինք (ՀՀԿ և ՀԺԿ)՝ գրեթե 42 տոկոս, ՀԿԿ (Կոմկուս)՝ 12, «Իրավունք և միաբանություն» դաշինք՝ 8, ՀՅԴ՝ գրեթե 8, «Օրինաց երկիր» և ԱԺՄ՝ 5-ական տոկոսից մի քիչ ավելի:

Ազգային ժողովի առաջին գումարման՝ 1995 թվականի ընտրություններին (190 պատգամավոր՝ 150 մեծամասնական, 40 համամասնական) մասնակցում էին 13 ուժեր: Խորհրդարան մտան հինգը՝ «Հանրապետություն» միավորումը (ՀՀՇ, ՀՀԿ և մի քանի այլ կուսակցություններ)՝ գրեթե 43 տոկոս, կանանց «Շամիրամ» կուսակցությունը՝  17 տոկոս, Կոմկուսը՝ 12, ԱԺՄ-ն՝ 7.5, ԱԻՄ-ը՝ 5.5 տոկոս:

1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները անց են կացվել բացառապես մեծամանական ընտրակարգով 260 տեղերի համար: Հիմնական պայքարն ընթանում էր իշխանական ՀԿԿ և իշխանության ձգտող ՀՀՇ-ական թեկնածուների միջև: Այդ խորհրդարանում (որն ընտրվեց, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, սակայն գործեց, երբ Հայաստանը փաստացի կամ իրական անկախ էր) ամենամեծ խմբակցությունը իշխող ՀՀՇ կուսակցությունն էր:

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով են՝ կուսակցական ցուցակներով:

Քվեաթերթիկի վրա թիվ 1-ը «Ելք» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Էդմոն Մարուքյանը:  «Ելք» ներկայացրել է 121 հոգանոց ցուցակ:

«Ազատ դեմոկրատների» 101 հոգանոց ցուցակը գլխավորում է այդ կուսակցության հիմնադիր և առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

«Հայկական վերածնունդը», որը նախկին «Օրինաց երկիրն» է, ներկայացրել է ամենաերկար ցուցակը՝ 300 հոգի: Առաջին համարը խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն է:

«Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է 188 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի 139 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Իշխող ՀՀԿ-ն ներկայացրել է 197 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀԿԿ-ն ներկայացրել 173 հոգանոց ցուցակ. առաջին տեղում Տաճատ Սարգսյանն է:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» 148 հոգանոց դաշինքը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Քվեաթերթիկի վրա թիվ 9-րդը ՀՅԴ-ն է, որի 171 հոգանոց ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ